«Մի շարք վարկածներ են առաջադրվել, այդ թվում՝ Մերձավանում ամիսներ առաջ տեղի ունեցած քրեական դեպքի հետ կապը»․քննիչը Փարաքարի համայնքապետի սպանության մասին

«Քրեական վարույթով առաջադրվել են մի շարք վարկածներ, այդ թվում՝ կապը Մերձավանում ամիսներ առաջ տեղի ունեցած քրեական դեպքի հետ»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղղված հանցագործութունների քննության վարչության, հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետի սպանությանը։
Քննիչի խոսքով՝ բոլոր վարկածների ուղղությամբ իրականացվում է քննություն՝ դրանք հերքելու կամ հաստատելու համար․«Ձեռնարկված ապացուցողական և վարույթային բոլոր գործողությունները միտված են գործի բացահայտմանն ու հանգամանքների վերհանմանը օգնելուն։ Նա ասաց, որ սպանության վայրից ձեռք են բերվել տեսանկարահանող սարքերը՝ դրանք ուսումնասիրելու համար․« Տարածքում գտնվող տեսախցիկները, մնացած հետքերն ու իրեղեն առարկաները որոնք ինչ-որ նշանակություն ունեն վարույթի համար ֆիքսվել, արձանագրվել ու վերցվել են դեպքի վայրի զննության ժամանակ»։
Քննիչն ասաց, որ սպանություն կատարած դիմակավորված անձը դեռևս չի հայտնաբերվել, սակայն ոստիկանության հետ համատեղ այդ ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ ու հնարավոր բոլոր քննչական և ապացուցողական գործողությունները։
Ըստ իրավապահների՝ սեպտեմբերի 23-ին, ժամ 23։50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի երևանյան խճուղում դիմակավորված անձը իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, վերջինիս հետ գտնվող ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի և քաղաքացիական անձ Արծրուն Գրիգորյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Վալոդյա Գրիգորանը և Կարեն Աբրահամյանը, որը Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան էր, մահացել են, իսկ Արծրուն Գալստյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հատատություն, ու ստացել համապատասխան բուժօգնոթյուն։
Արտակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ հիշյալ վարույթը Վաղարշապատի քննչական բաժնից տեղափոխվել է հատկապես կարևոր գործերի քննության վարչություն։
Նախաքննության շահերից ելնելով քննիչը հրաժարվեց գործին առնչվող այլ մանրամասներ ներկայացնելուց, մասնավորապես տեսախցիկների պարունակության վերաբերող։ Նշեց, եթե հաջորդիվ լինեն տեղեկություններ, որոնք չեն վնասի նախաքննության գաղտնիությանը, անպայման կներկայացվեն լրատվական միջոցներին։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը այս տարվա մարտին Փարաքարի համայնքապետի արտահերթ ընտրություններում հաղթել էր իր առաջնորդած «Միասնություն» դաշինքով, նա ստացել էր ձայների ավելի քան 57%-ը: Փարաքարում արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, այդ ժամանակվա համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց արյունալի մի միջադեպի ներկա գտնվելու պատճառով:
Նիկոլ Մարգարյան