Փարաքարի համայնքապետի սպանության գործով կասկածյալը ձերբակալվել է

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալվել է 1 անձ։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ»,-հայտնում է ՔԿ-ն:
Ըստ իրավապահ մարմնի՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը չի հայտնաբերվել։
Մամուլը գրում է, որ ձերբակալվածը այս տարի Մերձավան համայնքում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է:
Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարին ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ զինված բախման հետևանքով սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այս գործով մեղադրյալներից է Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է․«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են Քրեական օրենսգրքով արգելված՝ արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինսփորձել է այրման եղանակով ոչնչացնել:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ»: