Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական բյուջեի նախագիծը․ տնտեսական աճը` 5,4%, ՀՆԱ-ն` 11, 9 տրիլիոն | Region

Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական բյուջեի նախագիծը․ տնտեսական աճը` 5,4%, ՀՆԱ-ն` 11, 9 տրիլիոն

Սեպտեմբեր 25,2025 12:59

Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

Ըստ նախագծի՝ ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 933 մլրդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5,4 %։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 972 մլրդ դրամ։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց  նախագծով սահմանված հիմնական ցուցանիշները։ Նրա ներկայացմամբ՝ հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաեւ հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ սպասողականի համեմատ 0,4 տոկոսային կետով։ 2024-ի համեմատ այս տարվա սպասողականն 1 տոկոսային կետով բարելավումն էր:

2026-ին պետական բյուջեի ծախսերն, ըստ նախագծի, 3 տրիլիոն 628 մլրդ դրամ է:

Պակասուրդը նախատեսվում է 537 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 4,5%-ը՝ 2025 թվականի 5,5%-ի դիմաց՝ միջնաժամկետում, ինչպես ասաց նախարարը, նվազելով մինչեւ պարտքի բեռը կայուն պահող 2,8% մակարդակի։ Արդյունքում կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2026 թվականի վերջում կանխատեսվում է 53,5%։

«Կիրականացվեն սոցիալական, կրթական, աողջապահական, տնտեսական աջակցության, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումների, որոնց արդյունքում կապահովվի հետևյալ թիրախների իրագործումը՝ կներդրվի առողջապահության համապարփակ համակարգը, կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը 55 միլիարդ դրամի չափով։ Կգործարկիվ ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որն այս տարի  պիլոտային ծրագրով երկու մարզում էր իրականացվել։ Մյուս տարի ամբողջ Հայաստանում կկիրառվի, որի նպատակը ծայրահեղ  աղքատության հաղթահարումն է, անապահովության մակարդակի նվազեցումը, կշարունակվի անհուսլաի վարկեր ունեցող, աշխատաշուկայից դուրս մնացած, կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը»,-հայտարարեց նախարարը։

Եկող տարի շարունակվելու է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով գործարքների դեպքում հետվճարումները, որի համար պետբյուջեով նախատեսվել է 20 միլիարդ դրամ։

Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար 2026-ի բյուջեվ նախատեսվել է 4,9 միլիարդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու են նախագծման, կառուցման, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն ու  պայմանագրերի սպասարկումը։

«Այս բյուջեն ակնհայտ մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով, օրինակ, ԿԳՄՍ նախարարության ուղղությամբ ՀՆԱ-ում 3,3 տոկոսից աճել ենք 3,5 տոկոս։ Եվ առողջապահության նախարարության գծով 1,5 տոկոսից աճում ենք 1,8 տոկոս»,-հայտարարեց նախարարը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց՝  պետք է սկսած որոշակի գործողություններ կամ ծրագրեր ավարտին հասցնել, և այդ իմաստով 2026-ը կարևոր է․«Օրինակ դպրոցներում բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաների հիմնումը։ Կառավարության ծրագրով պլանավորված է, որ 2026-ին մեր բոլոր դպրոցները պետք է ունենան այդ հագեցվածությունը։ Եվ բյուջետային պլանավորման հիմքում հենց այս ցուցանիշներն ու թիրախներն են»։

Նշվեց, որ բյուջեի նախագծով սահմանվում է առաջնորդվել 12-ամսյա գնաճի 3% նպատակային՝ ±1.0%  տատանումների ցուցանիշով:

Նորություններ