«ԱԺ ամբիոնից ուղիղ տեքստով հրահանգ է եղել․ ես չեմ կարծում, որ նա մարսելու է»․ ԱԺ պատգամավոր
Այսօր առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են:
Միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Խոսելով իրավապահների գործողությունների մասին՝ պատգամավորը նշել է.
«Թե ինչ գործի շրջանակներում է, չեմ կարող ասել: Ինչպես ստալինյան բռնաճնշումների ժամանակ հայտնի խոսքում է ասվում՝ «եթե մարդը լինի, հոդվածն էլ կգտնվի»: Երեկվա Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանից հետո արձանագրումներ ենք արել, որ որևէ նորություն չկա, և ձեր ու հանրության աչքի առջև, ի լուր աշխարհի, Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ ցուցումներ էր տալիս ուժային և իրավապահ կառույցներին»
Անդրադառնալով քննչական գործողություններին և Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը՝ պատգամավորը հավելել է.
«Ինչպես հասկացա, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը շատ էր ծանր տարել Քննչական կոմիտեի նախագահի փառքը և հիմա փորձում է Նիկոլ Փաշինյանի աչքը մտնել, և այդ արձանագրումն ինձ համար ակնհայտ է: Մենք այս 8 տարիների ընթացքում բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել, թե ինչպիսի հետապնդումներ են իրականացվել նախագահ Քոչարյանի նկատմամբ, բայց ես մեր հայրենակիցներին ուզում եմ հիշեցնել նախընտրական շրջանում ասված նրա խոսքերը, որ որևէ բան իրեն չի կարող վախեցնել, նա հետ չի կանգնելու և շարունակելու է իր պայքարը, որը սկսել է 2018 թվականից»,- ընդգծեց Ագնեսա Խամոյանը։
«Մի քանի ամիս առաջ էլի ինչ-որ հաղորդագրություն տարածեցին, փորձեցին պոստ ֆակտում հիմք դարձնել, թե ինչու նախագահ Քոչարյանին չէին թողել օդանավակայանից մի քանի օրով երկրից դուրս գալ և վերադառնալ: Չնայած նրան, որ նա՝ որպես պատգամավորի թեկնածու, ուներ անձեռնմխելիություն, հետո էլի ինչ-որ գործ գտան»,- ասաց պատգամավորը։
«Երեկ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ տեքստով հրահանգել է իրավապահ կառույցներին գործողություններ իրականացնել Քոչարյանի ընտանիքի նկատմամբ:
Նա երեկ դատական համակարգին ոչ թե մեղադրում էր, այլ ուղիղ ցուցումներ էր տալիս։ Առհասարակ, Հայաստանի Հանրապետությունում նախագահից սկսած մինչև ձմերուկ վաճառող ենթարկվում են քաղաքական հետապնդման միայն նրա համար, որ իրենց անհամաձայնությունն են հայտնում:
Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի ուղիղ ցուցումներով հրահանգներն է կատարում՝ փոխելով Սահմանադրությունը, Եկեղեցու դեմ արշավներ իրականացնելով. դա էլ, հավանաբար, Ադրբեջանի նախագահին որպես բոնուս է տալիս, երեկ էլ Կառավարության ծրագրում ներկայացրեց դա: Այս բոլոր գործողություններով նա փորձում է հաճոյանալ Իլհամ Ալիևին, և այն հակահայկական գործը, որը նա բռնել է, փորձում է կյանքի կոչել: Ես չեմ կարծում, որ նա մարսելու է»,- եզրափակեց Ագնեսա Խամոյանը։
