Չեմպիոնների լիգայի․ բոլոր զամբյուղները ձևավորվել են․ վիճակահանությունը նոր կանոն ունի | Region

Չեմպիոնների լիգայի․ բոլոր զամբյուղները ձևավորվել են․ վիճակահանությունը նոր կանոն ունի

Օգոստոս 27,2026 14:06

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Մոնակոյում կկայանա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը։ Նախօրեին ավարտված որակավորման փուլի արդյունքներով պարզ դարձան մրցաշարի նորաձևաչափ լիգայի փուլի բոլոր 36 մասնակիցները:

Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին կայացած խաղերից հետո Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգրերը նվաճեցին նորվեգական «Բուդյո-Գլիմտը» և «Վիկինգը», ադրբեջանական «Սաբահը», ավստրիական ԼԱՍԿ-ը, թուրքական «Ֆեներբախչեն», հունական ԱԵԿ-ը և սլովակյան «Սլովանը»։

Մրցաշարի ձևաչափն ու վիճակահանության կարգը

Յուրաքանչյուր թիմ լիգայի փուլում կանցկացնի ութ հանդիպում (չորսը՝ տանը, չորսը՝ դրսում): Մրցակիցները կորոշվեն համակարգչային վիճակահանության միջոցով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Գործընթացը կիրականացվի գրեթե ակնթարթորեն՝ մեկ կոճակի հպումով:

Ակումբներն արդեն բաշխվել են չորս զամբյուղներում՝ ըստ իրենց վարկանիշի (յուրաքանչյուրում՝ ինը թիմ): Բոլոր ակումբները կստանան երկուական մրցակից յուրաքանչյուր զամբյուղից, այդ թվում՝ իրենց սեփական, ինչը գործնականում հավասարեցնում է ուժերի հարաբերակցությունը և զրոյացնում բարձր վարկանիշ ունեցող թիմերի առավելությունը։ Այսինքն՝ նույն «Սաբահը» կարող է ստանալ ավելի հարմար մրցակիցներ, քան ՊՍԺ-ն: Այժմ նպատակն այն չէ, որ առաջատարներն ունենան ավելի հարմարավետ խաղացանկ, այլ մրցակիցների մակարդակը հավասարակշռելը, որպեսզի բոլորն էլ խաղան թե՛ թոփ ակումբների, թե՛ ավելի համեստ թիմերի դեմ:

Սահմանափակումներ և նոր կանոն

Ամենից քիչ բախտը կբերի նրանց, ում չորրորդ զամբյուղից բաժին կհասնեն «Կոմոն», «Շտուտգարտը» և, թերևս, «Լանսը»: Բացառված չէ, որ վերջին զամբյուղից որևէ մեկին բաժին ընկնի միանգամից երկու նման մրցակից: Այնուամենայնիվ, գործում են հստակ սահմանափակումներ. նույն երկրի ակումբները չեն կարող հանդիպել միմյանց լիգայի փուլում: Բացի այդ, յուրաքանչյուր ակումբ չի կարող ունենալ երկուսից ավելի մրցակից նույն առաջնությունից:

Այս մրցաշրջանից կգործի ևս մեկ կարևոր կանոն, որը բացառում է երեք մրցաշրջան անընդմեջ նույն մրցակցի դեմ արտագնա հանդիպում անցկացնելը: Օրինակ՝ «Լիվերպուլը» Մադրիդի «Ռեալին» ընդունել է նախորդ և դրան նախորդող մրցաշրջաններում: Ուստի այժմ Մոուրինյուի գլխավորած թիմի այցը «Էնֆիլդ» լիովին բացառվում է (այժմ պարզ է, որ «Ռեալը» հաստատ չի խաղա «Էնֆիլդում»): Համակարգիչը դեռ կարող է միմյանց հետ կապել այս թիմերին, բայց միայն այն դեպքում, եթե հանդիպումը կայանա Մադրիդում: Նույն իրավիճակն է նաև «Արսենալի» դեպքում, որը երկու տարի անընդմեջ խաղացել է «Ինտերի» դաշտում: Եթե այս թիմերը հանդիպեն լիգայի փուլում, ապա խաղը տեղի կունենա բացառապես Լոնդոնում:

Խաղացանկի հրապարակումը

Վիճակահանությունից անմիջապես հետո պարզ կդառնան մրցակիցները, սակայն հանդիպումների ստույգ ժամանակացույցը կհրապարակվի ոչ ուշ, քան շաբաթ օրը (օգոստոսի 29-ին): Ավանդույթի համաձայն՝ Չեմպիոնների լիգայի 1-ին տուրը կձգվի երեք օր (երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի): Մնացած տուրերը կանցկացվեն երկու օրվա ընթացքում, բացառությամբ վերջին տուրի, երբ բոլոր հանդիպումները կմեկնարկեն միաժամանակ:

  • Տուր 1. 8-10 սեպտեմբերի, 2026 թ.
  • Տուր 2. 13-14 հոկտեմբերի, 2026 թ.
  • Տուր 3. 20-21 հոկտեմբերի, 2026 թ.
  • Տուր 4. 3-4 նոյեմբերի, 2026 թ.
  • Տուր 5. 24-25 նոյեմբերի, 2026 թ.
  • Տուր 6. 8-9 դեկտեմբերի, 2026 թ.
  • Տուր 7. 19-20 հունվարի, 2027 թ.
  • Տուր 8. 27 հունվարի, 2027 թ.

armsport.am

Նորություններ