Ելակից մինչև սուվերենություն. հայկական բիզնեսը պատրա՞ստ է հրաժարվել ռուսական շուկայից | Region

Ելակից մինչև սուվերենություն. հայկական բիզնեսը պատրա՞ստ է հրաժարվել ռուսական շուկայից

Հուլիս 05,2026 21:17

Այս անգամ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Հայաստան է ժամանել ընտրություններից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից հետո։ Սա նշանակում է, որ հայ-եվրոպական հարաբերությունները կմնան առաջնահերթությունների շարքում. Հայաստանի և Եվրոպական միության միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կամրապնդվեն ու կզարգանան։ Այս համատեքստում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցով ՀՀ-ԵՄ նախկինում համաձայնեցված օրակարգերն  են հաստատվում։ Այս մասին  REGIONSTV-ի հետ զրույցում Անվտանգային քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավարի այցը Հայաստան։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն աշխատանքային այցով Հարավային Կովկասում էր. հուլիսի 1-ին նա այցելել էր Բաքու, իսկ հուլիսի 2-ին՝ Երևան։ Սա եվրոպական դիվանագիտության ղեկավարի երկրորդ այցն է Հայաստան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նրանք քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև Եվրոպական միության հետ Հայաստանի քաղաքական փոխգործակցության խորացումը։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջմղումը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկրների հետ ԵՄ համագործակցության ընդլայնման համար։ Այս առումով Բրյուսելը մտադիր է աջակցել Երևանին տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և Եվրոպական միության հետ կապերի ամրապնդման գործում։ Եվրահանձնաժողովի ղեկավարն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, հայկական մի շարք ապրանքների՝ ՌԴ ներմուծման կասեցումը նա որակել է որպես տնտեսական հարկադրանքի քաղաքականություն։

Ֆոն դեր Լյայենը խոստացել է օգնել Երևանին արտաքին առևտրի դիվերսիֆիկացման հարցում։ Մոտ ապագայում այս նպատակների համար կհատկացվի 18 միլիոն եվրո. միջոցները նախատեսվում է օգտագործել հայկական բիզնեսը եվրոպական չափանիշներին հարմարեցնելու և արտահանման խթանման գործակալություն ստեղծելու համար։ Բացի այդ, հայկական ապրանքատեսակների 80%-ի համար եվրոպական շուկան կբացվի անմաքս առևտրի ռեժիմով։

Ֆոն դեր Լյայենը նաև հայտնել է, որ առաջիկայում Բրյուսելը փորձագետների խումբ կգործուղի Երևան՝ քննարկելու Հայաստանի էներգամատակարարման դիվերսիֆիկացման հարցը։

Ռոբերտ Ղևոնդյանը կարևոր է համարում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը Հայաստան, քանի որ այն հնարավորություններ է բացում Բրյուսելի և Երևանի միջև հարաբերությունների համակողմանի զարգացման համար՝ վիզաների ազատականացումից մինչև տարբեր ոլորտներում Հայաստանի ինտեգրումը Եվրոպական միությանը։

«Եվրոպական միությունը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցների պայմաններում աջակցություն կցուցաբերի Հայաստանին։ Այդ օգնությունը կլինի ոչ թե մեկանգամյա, այլ համակարգային։ Մասնավորապես, ԵՄ-ն պատրաստ է բացել իր շուկաները հայկական արտադրանքի համար. սա տեղավորվում է Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների կառուցման ընդհանուր տրամաբանության մեջ։ Հայկական առևտրի ամրապնդման համար ԵՄ-ն կհատկացնի 18 միլիոն եվրո. այդ միջոցները նախատեսված են ռուսական սահմանափակումների պատճառով կրած տնտեսական կորուստները փոխհատուցելու համար։ Խոսքը լրացուցիչ ֆինանսավորման մասին չէ. այս գումարը ներառված է եվրոպական օգնության ընդհանուր փաթեթում, որը կազմում է 52 միլիոն եվրո»,- նշեց փորձագետը։

Նա հավելեց, որ 18 միլիոն եվրոն բավարար է ռուսական պատժամիջոցներով պայմանավորված վնասները ծածկելու համար։

Ղևոնդյանը նշեց՝ այսօր, օրինակ, Հայաստանը ելակի արտահանման խնդիր չունի, նույնիսկ եթե Ռուսաստանն այժմ հարցում ուղարկի, Հայաստանը գրեթե ոչինչ չունի այնտեղ մատակարարելո․« Ստեղծված իրավիճակի արդյունքում պարզվեց, որ հայկական ելակով հետաքրքրված են Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Մերձավոր Արևելքի այլ երկրներ, ինչպես նաև Եվրոպական միության պետությունները։ Հնարավոր է՝ այս շուկաները նախկինում լիարժեքորեն յուրացված չեն եղել, կամ հայ գործարարները չեն իմացել դրանցում առկա պահանջարկի մասին, չէ՞ որ նախկինում արտահանման հիմնական ծավալը, այդ թվում՝ ելակի, գնում էր Ռուսաստան։ Միևնույն ժամանակ, որոշակի դժվարություններ են պահպանվում ծաղիկների, բանջարեղենի, մրգերի, տեղական ալկոհոլային արտադրանքի և մի շարք այլ ապրանքների մասով։ Հավանաբար, հատկացված 52 միլիոն եվրոն կօգնի լուծել արտադրանքի այս կատեգորիաների հետ կապված խնդիրները։ Ուշագրավ է, որ 2026 թվականի ամառվա դրությամբ Եվրամիությունը նախատեսում է ծածկել վնասները ապրանքների ողջ տեսականու գծով, որոնց նկատմամբ Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել։ Ավելին, արդեն հայտարարվել է, որ Հայաստանից ստացվող արտադրանքի 80%-ը հնարավոր կլինի ԵՄ ներմուծել առանց մաքսատուրքերի վճարման»։

Այդուհանդերձ, Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ գործող պատժամիջոցներն ու դրանց հետ կապված խնդիրները հատկապես հարվածում  են գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին։ «Իհարկե, նրանք հիացած չեն ստեղծված իրավիճակով։ Բայց հասարակությունը հասկանում է, որ Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումը յուրօրինակ քաղաքական կապանքներ են, որոնք Մոսկվան փորձում է պարտադրել Հայաստանին։ Հատկանշական է, որ միջին և փոքր օղակի ձեռնարկատերերն ուղղակիորեն հայտարարում են՝ պատրաստ չեն զոհաբերել սուվերենությունը հանուն Ռուսաստան լոլիկ կամ ծիրան արտահանելու։ Այնպես որ, դժվարություններ կան, բայց ընդհանուր առմամբ հասարակությունն ըմբռնումով է մոտենում կատարվողին»,-ասաց նա։

Ղևոնդյանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բարձրացրել է Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի էներգետիկ ու տրանսպորտային համակարգերի ինտեգրման անհրաժեշտության հարցը։ Փորձագետը նշել է, որ քաղաքական և տեղեկատվական դաշտում որոշակի շփոթություն կա TRIPP նախագծին Եվրամիության հետաքրքրվածության աստիճանի և մասնակցության մակարդակի վերաբերյալ։ «Ֆոն դեր Լյայենի և եվրոպացի այլ պաշտոնյաների հայտարարություններն ուղղակիորեն կապված չեն TRIPP-ի հետ. խոսքը հարակից ուղղությունների մասին է, որոնք խաչվում են այդ նախագծի հետ։ Եվրոպական միությունը չի նախատեսում ներդրումներ կատարել Ադրբեջանից Սյունիքով դեպի Նախիջևան երկաթգծի շինարարության մեջ. այդ նախագծին մասնակցում են բացառապես Միացյալ Նահանգները, և ողջ աշխատանքն ընթանում է միայն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց այլ կողմերի ներգրավման։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն շահագրգռված է ֆինանսավորել այդ տրանսպորտային ուղիների շարունակությունը, ընդ որում՝ ոչ միայն երկաթուղային, այլև ավտոմոբիլային, ինչպես նաև իրականացնել էներգետիկ և թվային նախագծեր։ Այլ կերպ ասած՝ Եվրամիության հետաքրքրությունն ուղղված է ոչ թե բուն TRIP նախագծին, այլ Ադրբեջանի և Հայաստանի տարածքում դրա ճյուղավորումների զարգացմանը»,- ընդգծեց  Ռոբերտ Ղևոնդյանը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանում և Հայաստանում Եվրահանձնաժողովի նախագահի ձեռք բերած համաձայնությունների կարևորությունը չի կարելի դիտարկել մեկուսացված։ «Այն ամենը, ինչ ֆոն դեր Լյայենը հայտարարել է Բաքվում և Երևանում, սերտորեն փոխկապակցված է։ Նա խոսում էր ենթակառուցվածքների, մասնավորապես՝ երկաթուղային ցանցի զարգացման մեջ ներդրումների մասին։ Եթե երկաթգիծը Սյունիքով հասնում է Նախիջևան, ապա այն պետք է շարունակվի Հայաստանի տարածքով՝ Երասխ-Գյումրի հատվածով կամ Նախիջևանից Կարս նոր երթուղով, որի շինարարության մասին հայտարարել է Թուրքիան, սակայն դեռ հստակ չէ, թե երբ կավարտվի նախագիծը։ Իմ կարծիքով՝ ավելի իրատեսական է թվում երկաթգծի՝ Հայաստանի տարածքով անցնելու տարբերակը. համապատասխան հատվածներն արդեն իսկ գոյություն ունեն, մինչդեռ թուրքական նախագծի ավարտի ժամկետները մնում են անորոշ։ Այսպիսով, Երևան և Բաքու կատարած այցերը մեկ միասնական ամբողջության մասեր են»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։

Նրա համոզմամբ՝ առանց Հայաստանի հետ պայմանավորվածությունների՝ Բաքվի հետ բանակցությունները կորցնում են իրենց իմաստը, և հակառակը. «Եթե Հայաստանը, պայմանականորեն ասած, չի ապահովում TRIPP նախագծի իրականացումը, ապա ո՞րն է Երևանում երկաթուղային ենթակառուցվածքներում ներդրումներ անելու իմաստը։ Եվ համապատասխանաբար՝ առանց Բաքվի հետ պայմանավորվածությունների, Երևանում որևէ հարց քննարկելը նույնպես նպատակահարմար չէ»։

Փորձագետի կարծիքով՝ Երևանի և Եվրոպական միության գործնական շահերը միանգամայն ակնհայտ են։ «Այսօր Հայաստանը հետևողականորեն ամրապնդում է հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Ադրբեջանի պարագայում խոսքը գերազանցապես տնտեսական շահերի մասին է։ Հայաստանի դեպքում ԵՄ-ի համար առկա են նաև քաղաքակրթական ասպեկտներ. հայ ժողովուրդն իրեն ընկալում է որպես եվրոպական քաղաքակրթության մաս, մինչդեռ ադրբեջանցի ժողովուրդն իրեն չի դասում դրան։ Հայաստանն ավելի ու ավելի խորն է ինտեգրվում և փաստացիորեն դառնում է միասնական Եվրոպայի մաս»,- նշեց քաղաքագետը։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ