Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են | Region

Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

Օգոստոս 17,2026 19:11

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ՝ 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը և 97 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը, նվաճեցին կիսաեզրափակիչի ուղեգիր։

​Մրցումային այս օրը նախնական գոտեմարտերն անցկացվում էին 55, 67, 72 և 97 կգ քաշային կարգերում։

​Հատկապես դիտարժան ստացվեց Յուրիկ Մխիթարյանի (67 կգ) ելույթը։ Մեկնարկում հայ ըմբիշը 3:1 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Մաքսիմ Դամասչինին։ Արդեն 1/8 եզրափակիչում նա ուժերը չափեց Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Ալիևի հետ. չնայած գոտեմարտի ընթացքում Մխիթարյանը զիջում էր 0:6 հաշվով, նա հիանալի կամային որակներ դրսևորեց՝ բեկելով պայքարի ընթացքն ու կամային հաղթանակ տանելով 11:6 հաշվով։ Քառորդ եզրափակիչի արգելքը Յուրիկը հաղթահարեց կայծակնային արագությամբ՝ ընդամենը 50 վայրկյանում 10:0 հաշվով ջախջախելով ռումինացի Իոսիֆ Զլոտարին։ Եզրափակիչ դուրս գալու համար նա կմրցի Բելառուսից Միխայիլ Մարկովսկու դեմ։

​Վստահ քայլերով առաջ է շարժվում նաև Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ)։ 1/16 եզրափակիչում հայ մարզիկը հաղթանակ գրանցեց առանց պայքարի (մեքսիկացի Դորիանկ Տրեխոն գորգ դուրս չեկավ)։ Հաջորդիվ Տեր-Մաթևոսյանը 7:0 հաշվով հաղթեց բուլղարացի Ռադոստին Վասիլևին, իսկ քառորդ եզրափակիչում՝ 4:0 հաշվով առավելության հասավ ղազախ Մաքսիմ Ուկրաինցևի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Եգոր Յակուշենկոն։ Յուրիկն ու Էրիկը եզրափակիչի ուղեգրի համար կգոտեմարտեն այսօր երեկոյան։

​Ցավոք, մրցումային երկրորդ օրն անհաջող ստացվեց պայքարի մեջ մտած մեր մյուս ըմբիշների համար: 55 կգ քաշային Էդգար Պետրոսյանը 1/8 եզրափակիչում 1:10 հաշվով զիջեց ադրբեջանցի Էմին Ջավալդիին: Նույն՝ 1:10 հաշվով մեկնարկային պարտություն կրեց նաև 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը, ով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Մինգիան Գորիաեւին։

​Հիշեցնենք նաև, որ այսօր երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար գորգ դուրս կգան Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝ Սամվել Տերտերյանը (77 կգ) և Յուրիկ Պետրոսյանը (87 կգ)։

armsport.am

Նորություններ