Արեգնազ Մանուկյանին թույլ կտան տեսակցել դստեր հետ․փաստաբան | Region

Արեգնազ Մանուկյանին թույլ կտան տեսակցել դստեր հետ․փաստաբան

Օգոստոս 19,2026 12:10

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր, այժմ կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանն այսօր տեսակցություն կունենա անչափահաս դստեր հետ։ Այս մասին այսօր հայտարարել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Նա սոցիալական ցանցում գրել է, որ քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ։

«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր՝ երեխայի ծննդյան օրը, քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ»- գրել է Սողոյանը։

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9-ին և ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։

Դատարանն արգելել էր Մանուկյանի հետ տեսակցությունները, այդ թվում՝ անչափահաս դստեր և մոր հետ։

«Արեգնազի` իր երեխայի և մոր հետ շփվելու արգելքը այնքան ակնհայտ ապօրինություն էր, որ դա արդարացնել դժվարանում են անգամ ամենամարզված իշխանավորները»,-երեկ հայտարարել էր փաստաբանը: Նա նաև հայտարարել է, որ «մոր հետ շփումից զրկված երեխայի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել, ինչն արձանագրել է հենց հոգեբանը»:

Նորություններ