Ինչպե՞ս պաշտպանվել կեղծ և մոլորեցնող լուրերից․ հարցում Ամասիա համայնքի բնակավայրերում
Նոր տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ լուրերը մեզ են հասնում վայրկյանների ընթացքում, տեղեկատվական հոսքերի հետ մեկտեղ տարածվում են նաև կեղծ ու մոլորեցնող տեղեկությունները։ Դրանց հեղինակները թիրախավորում են ինչպես առանձին անհատների ու խմբերի, այնպես էլ հանրության լայն շրջանակներին՝ փորձելով խուճապ, վախ, անորոշություն կամ անվստահություն սերմանել։
Regions TV-ն հարցումներ է իրականացրել Ամասիա համայնքի բնակավայրերում՝ պարզելու, թե բնակիչներն ինչ կարծիք ունեն կեղծ տեղեկատվության տարածման նպատակների ու դրա դեմ պայքարի հնարավոր միջոցների վերաբերյալ։
Հարցվածների համոզմամբ՝ կեղծ լուրերի հեղինակները հիմնականում փորձում են մեծացնել հրապարակումների դիտելիությունը, գրավել հանրության ուշադրությունն ու մոլորեցնել մարդկանց։
Ըստ նրանց՝ կեղծ տեղեկատվության տարածմանը դիմակայելու համար անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց մեդիագրագիտության մակարդակը։
