«Այս գիշեր խաղաղ է անցել, ոստիկանները գյուղում են, մի օր կսխալվի ու կբռնիվի»․համայնքապետը Մալիշկայի բնակիչներին ահաբեկողի մասին | Region

«Այս գիշեր խաղաղ է անցել, ոստիկանները գյուղում են, մի օր կսխալվի ու կբռնիվի»․համայնքապետը Մալիշկայի բնակիչներին ահաբեկողի մասին

Օգոստոս 19,2026 16:15

Տասը օրից ավելի է՝ ինչ Վայոց ձորի Մալիշկա բնակավայրի բնակիչները տագնապի մեջ են ապրում․անհայտ դիմակավորված անձը կեսգիշերից հետո տների ուղղությամբ քարեր է նետում՝ վախեցնում ու գույքային վնաս պատճառում։

Բնակիչները պատմում են, որ սև հագուստով, գլխարկով ու դիմակավորված մի տղամարդու նկատել են նաև Մալիշկայի հարևան գյուղերում՝ Գետափում, Արտավանում, Ագարակաձորում, որը կասկածելի է թվացել։ Գետափում նույնիսկ տեսախցիկը ֆիքսել է նման մի տղամարդու՝ դեմքը քողարկած մի անծանոթ, ինչպես երևում է կադրում, բնակելի տան աստիճաններով բարձրանում է, որոշ ժամանակ անց արագ փախչում է։ Ասում են՝ կամ փորձել տուն մտնել, կամ գուցե վախեցնող այլ գործողություն անել։

Մալիշկայի բնակիչները պատմում են, որ քանի օր է՝ վախեցած են, երեկոյան ժամերին, նույնիսկ ցերեկը վախենում են դուրս գալ տանից, չգիտեն՝ ինչ կլինի, երեխաներին էլ թույլ չեն տալիս բակ դուրս գալ։

Գյուղի տղամարդիկ գիշերները հերթափոխով հսկում են գյուղի փողոցները, փորձում են գտնել իրենց ահաբեկողին։

Մալիշկայի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանը RegionsTV-ի հետ զրույցում  պատմում է՝ ոստիկանության ծառայողները գյուղում են, շրջում են, փնտրում են, բայց դեռ չեն կարողանում գտնել այդ տղամարդուն։

«Այս գիշեր խաղաղ է անցել, ոստիկանները գյուղում են, դժվար ինքն իրան բացահայտեր։ Փորձում ենք կանխել, բայց չենք իմանում՝ որտեղից, որ գոնե մի բան ձեռնարկենք։ Մեր գյուղի ջահելները առավոտից իրիկուն ման են գալիս։ Մի օր հո սխալվելու է, չի կարող ինքը ամիսներով գա, անհանգստացնի բնակիչներին ու չբռնվի»,-ասում է Մալիշկայի վարչական ղեկավարը։

Թե ո՞րն է բնակիչներին վախեցնելու պատճառը, Գարիկ Նազարյանն էլ չի հասկանում, ասում է՝ նույնիսկ վարկած չկա, թե ով կարող է լինել։

Տիրուն Մարգարյան

Նորություններ