«Հասարակությունը պետք է իմանա՝ ինչ կտա ԵՄ-ն և ինչ կարժենա ԵԱՏՄ-ից դուրս գալը»․ Արմեն Բաղդասարյան | Region

«Հասարակությունը պետք է իմանա՝ ինչ կտա ԵՄ-ն և ինչ կարժենա ԵԱՏՄ-ից դուրս գալը»․ Արմեն Բաղդասարյան

Օգոստոս 15,2026 11:06

«Ռուսաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության ձևավորման առանցքային դերակատարը, պարզապես պահանջում է, որ Հայաստանը հստակեցնի իր դիրքորոշումը՝ քանի որ, թե՛ Հայաստանում, թե՛ այնտեղ հասկանում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ անդամ և շարժվել դեպի Եվրամիություն՝ ձգտելով դառնալ Եվրամիության մաս»,- REGIONSTV-ի հետ հարցազրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը ձգտում է հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը, սակայն կոնկրետ հանրաքվե պարտադրելը կարող է ընկալվել որպես երկրի ներքին գործերին անցանկալի միջամտություն։ Այնուամենայնիվ, փորձագետը նշում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կամ որևէ այլ միջազգային կազմակերպությանը, բնականաբար, Հայաստանի ներքին գործը չէ․ «Դա առնվազն Հայաստանի և այն միության գործն է, որի անդամն է կամ պատրաստվում է դառնալ Հայաստանը։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու այս կամ այն կերպ կատարել այդ ընտրությունը, քանի որ այս անորոշ իրավիճակը և դրա ձգձգումը Մոսկվային իրավունք կտա խստացնել Հայաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը գարնանից պարբերաբար պահանջում է Հայաստանից վերջնական ընտրություն կատարել՝ շարունակել անդամակցել ԵԱՏՄ-ին, թե՞ եվրոպական ինտեգրման ուղին շարունակել։ Օգոստոսի 11-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը կրկին անդրադարձել է այս թեմային ու հայտարարել, որ Հայաստանը պետք է մինչև 2026 թվականի դեկտեմբերը որոշում կայացնի՝ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու հարցով։ Այդ ժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվելու է Երևանի նկատմամբ հետագա հնարավոր քայլերի հարցը։

Նա նույնիսկ նշել է, թե հանրաքվեի դրվող հարցը ինչպես պետք է ձևակերպված լինի։ «Դա չպետք է աբստրակտ-տեսական ձևակերպում լինի (ցանկանո՞ւմ եք անդամակցել ԵՄ, թե՞ ոչ), այլ հստակ և գործնական՝ «պատրա՞ստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն ԵՄ անդամակցելու ոչ այնքան ակնհայտ հեռանկարից»,-ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Բաղդասարյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու վճռական ընտրություն կատարել։ Նա նշում է, որ ձմռանն ընդառաջ Հայաստանի համար կարող են լուրջ խնդիրներ առաջանալ, եթե այդ պատժամիջոցները կամ խստացման միջոցները տարածվեն նաև էներգետիկ ոլորտի վրա։

«Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը հանրաքվեի միջոցով կամ այլ եղանակով, ի վերջո, կհստակեցնի իրավիճակը։ Նաև կարծում եմ, որ ԵՄ-ն իր հերթին նույնպես պետք է ավելի հստակեցնի իր դիրքորոշումը։ Նախ՝ հայտարարի՝ պատրա՞ստ է արդյոք Հայաստանին ընդունել իր կառույց, սկզբում, բնականաբար, որպես անդամակցության թեկնածու։ Երկրորդ՝ պատրա՞ստ է արդյոք փոխհատուցել այն ակնհայտ սոցիալ-տնտեսական կորուստները, որոնք Հայաստանը կունենա ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։ Ընդ որում, արդեն կան մոտավոր հաշվարկներ, ըստ որոնց՝ այդ դեպքում Հայաստանը տարեկան շուրջ 3 միլիարդ դոլար կկորցնի էներգետիկ և այլ առևտրային հաղորդակցությունների լոգիստիկայի վրա։ Հայաստանի վերափոխման դեպքում այդ ամենը յոթ-ութ տարվա ընթացքում տեղափոխելու անհրաժեշտություն կառաջանա։ Պարզ ասած՝ դա կարժենա մոտ 20 միլիարդ դոլար, և Եվրամիությունը պետք է հստակ հայտարարի՝ պատրա՞ստ է այդ գումարը կամ դրա մի մասը փոխհատուցել։ Այսինքն՝ այս պարզաբանման պահանջը վերաբերում է ոչ միայն Հայաստանի կառավարությանը»,-ասում է Բաղդասարանը։

Օգոստոսի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանին և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մենք այլընտրանքներ ձևավորելու մեր հանձնառությունը կատարած կլինենք, և մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին»։ ՀՀ վարչապետն ասել է՝ ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ընտրություն կատարի երկու այլընտրանքների՝ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև։  Ըստ նրա՝ հնարավոր չէ ընտրություն կատարել, քանի դեռ երկրորդ այլընտրանքը ձևավորված չէ․ «Մենք հանրաքվե ապագայում անպայման կանենք, բայց դա տեղի կունենա այն բանից հետո, երբ նախ ինստիտուցիոնալ առումով նախապատրաստական աշխատանքներ արած լինենք, երկրորդն էլ պաշտոնապես դիմած լինենք ԵՄ անդամակցության հարցով»։

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունն ու Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով բոլոր հիմնավորված միջոցները, փորձում են հետաձգել այդ ընտրության պահը։

«Եթե մենք խոսում ենք Հայաստանի հասարակության, Հայաստանի ժողովրդի գիտակցված ընտրության մասին, ապա որպեսզի այդ ընտրությունն իսկապես գիտակցված լինի, Հայաստանի իշխանությունները հասարակությանը պետք է հստակ ներկայացնեն, թե ինչ կոնկրետ արդյունքներ կտա Եվրամիության անդամակցությունը, ինչ կոնկրետ վնասներ կլինեն ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, ինչպես դա կազդի բնակչության վիճակի, սոցիալական իրավիճակի, անվտանգության իրավիճակի վրա»։

Փորձագետի դիտարկմամբ՝  եթե սոցիալական վիճակը վատթարանա, դա կհանգեցնի արտագաղթի, իսկ բնակչության թվաքանակի նվազումն ինքնին անվտանգության խնդիր է։ Ուստի, ըստ նրան, բոլոր կողմերը պետք է հստակեցնեն բոլոր ասպեկտները․«ՌԴ-ն պետք է ավելի հստակ ասի, թե ինչ տեղի կունենա, եթե Հայաստանը հրաժարվի իրենց մատնանշած ժամկետներում ընտրություն կատարելուց։ ԵՄ-ն պետք է հստակ ասի, թե ինչ հույսեր կարող է ունենալ Հայաստանը և փոխհատուցման ինչ մասնաբաժին է ԵՄ-ն տրամադրելու Հայաստանին։ Իսկ իշխանությունները պետք է հասարակությանը ասեն՝ կոնկրետ որքան կարժենա էլեկտրաէներգիան, որքան կարժենա հացը, որքան կլինի իրական աշխատավարձը, կդիմանա՞ արդյոք էներգետիկ համակարգը, թե՞ ոչ, օրական քանի ժամ ենք էլեկտրաէներգիա ստանալու և այլն, որպեսզի հասարակության ընտրությունը գիտակցված լինի։ Հակառակ դեպքում դա կլինի զուտ քարոզչություն։ Այդ դեպքում հասարակությունը գիտակցված ընտրություն չի կատարի, այլ պարզապես կհետևի նրան, ով ավելի լավ կքարոզի իր գաղափարը»։

Բաղդասարյանը նկատում է՝ քանի դեռ Եվրամիությունը մեզ չի ասել, որ պատրաստ է Հայաստանին ընդունել ԵՄ, սա նշանակում է, որ մենք ընտրության առարկա չունենք, ընտրելու ոչինչ չունենք․ ունենք մի կառույց, որի անդամն ենք, և ունենք մեկ այլ կառույց, որը պատրաստ չէ մեզ ընդունել։ Այդ դեպքում ի՞նչ պետք է ընտրենք։ Նրա ներկայացմամբ՝ խնդիրն այն չէ, թե Հայաստանը դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից, կմիանա՞ Եվրամիությանը, թե՞ ոչ, խնդիրն այն է, որ Հայաստանը ցանկանում է երկուսն էլ միաժամանակ։

«Ռուսաստանն ասում է, որ դա անհնար է, իսկ Արևմուտքը մեզ ասում է, որ դա հնարավոր կլինի, եթե Հայաստանը կատարի շատ կոնկրետ պահանջներ, օրինակ՝ դուրս գա ԵԱՏՄ-ից։ Հետագայում, իհարկե, կլինեն պահանջներ նաև ռազմական բազաների դուրսբերման, ռուսական ակտիվների մասնավորեցման վերաբերյալ։ Այսինքն՝ նրանք իրենց պայմաններն են թելադրում, Ռուսաստանն էլ՝ իր պայմանները։ Երբ Հայաստանի իշխանությունն ասում է, որ մենք երկուսի կարիքն էլ ունենք, իրականում դա ամբողջ ճշմարտությունը չէ, որովհետև մենք երկուսի կարիքն է չունենք։ Երկու կողմերին էլ Հայաստանը պետք է միայն որպես գործիք իրենց հակադիր քաղաքական բևեռի դեմ։ Ոչ ոք չի կարեկցում Հայաստանին, ժողովրդին»,- ասում է Բաղդասարյանը։

Նա մտահոգություն հայտնեց, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ առանց Արևմուտքի հստակ և առարկայական երաշխիքների, իսկ խոսքը սոցիալական, տնտեսական, ֆինանսական և անվտանգության երաշխիքների մասին է, ապա անմիջապես կհայտնվի շատ վատ իրավիճակում, որովհետև Հայաստանը կարող է իր տնտեսական մարտահրավերներին դիմակայել միայն Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով․«Դրա դիմաց նրանք, բնականաբար, Հայաստանից չափազանց բարձր գին կպահանջեն, այդ թվում՝ տարածքային, անվտանգային և այլ զիջումների տեսքով։ Կարծում եմ՝ եթե դա տեղի ունենա առանց որևէ երաշխիքի, Հայաստանի իրավիճակը կտրուկ կվատթարանա»։

Այս պայմաններում, ինչպես ընդգծում է Բաղդասարյանը, ընդդիմության պատասխանատվությունը դուրս է գալիս սովորական քաղաքական բանավեճերի շրջանակից։ Ըստ նրա՝ սա Հայաստանի ընդդիմության խնդիրն է, նա պետք է ոչ թե պարզապես քարոզչական շոուներ կազմակերպի Ազգային ժողովում և այլն, այլ իր պարտքն է կոնկրետ բացատրել հասարակությանը, թե ինչ է սպասում Հայաստանին այս կամ այն դեպքում, առաջնորդվել Հայաստանի շահերով, առաջին պլան մղել Հայաստանի շահերը և ոչ թե սպասարկել որևէ արտաքին ուժային բևեռի շահերը՝ ի հակադրություն Հայաստանի իշխանությունների, որոնք գործում են մեկ այլ ուժային բևեռի շահերից ելնելով։

Փորձագետը նկատում է՝ մի կողմից Մոսկվան ճնշում է գործադրում Երևանի վրա, մինչդեռ մյուս երկրները, օրինակ՝ Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը, ակտիվորեն հարաբերություններ են կառուցում եվրոպական գործընկերների հետ և Ռուսաստանի կողմից ակնհայտ հակազդեցության չեն հանդիպում։ Պատճառն, ըստ Բաղդասրյանի այն է, Կրեմլի համար Հայաստանը շատ ավելի խոցելի է, ու բացի դրանից՝ Հայաստանը, չնայած իր փոքր տարածքին, մեր տարածաշրջանում ռազմավարական կարևոր դիրք է զբաղեցնում, քանի որ այն Ռուսաստանը Իրանի հետ կապող ուղիներից մեկն է, մյուս ուղին, իհարկե, Ադրբեջանն է։ Այսինքն՝ այս առանցքը Ռուսաստանի համար կարևոր է, իսկ Հայաստանը թույլ օղակն է։

«Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում ավանդաբար բավական ուժեղ է եղել, ուստի Մոսկվայում կարծում են, որ այն, ինչ կարող են իրենց թույլ տալ Կենտրոնական Ասիայի երկրները, օրինակ՝ Ղազախստանն ու Թուրքմենստանը՝ հաշվի առնելով նրանց էներգետիկ ռեսուրսներն ու կրոնական համոզմունքները, Հայաստանը իրեն թույլ տալ չի կարող։ Ամեն դեպքում, հասկանալի է, որ մեր նկատմամբ նման վերաբերմունքը հայ հասարակությանը բոլորովին դուր չի գա»,-նշում է Բաղդասրարյանը։

Զաբելա Ավագյան

Նորություններ