«Թրամփը Զելենսկուն և ՆԱՏՕ-ի առաջնորդներին ասել է, որ Պուտինը չի ցանկանում հրադադար, նախընտրում է պատերազմն ավարտելու համապարփակ համաձայնագիր»․ Axios-ի թղթակից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ երկուշաբթի օրը Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպում է ծրագրվում՝ Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթնաժողովից հետո։
«Ուկրաինան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ առավելագույն ջանքեր գործադրելու խաղաղության հասնելու համար»,-այսօր X-ում գրել է Զելենսկին։
«Մենք աջակցում ենք նախագահ Թրամփի առաջարկը՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ։ Ուկրաինան ընդգծում է, որ հիմնական հարցերը կարող են քննարկվել առաջնորդների մակարդակով, և եռակողմ ձևաչափը հարմար է դրա համար», – հավելել է նա։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ այսօր , նախքան եվրոպացի առաջնորդների Թրամփի հետ զանգին միանալը, ինքը հեախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․«Մենք երկար և բովանդակալից զրույց ունեցանք ԱՄՆ նախագահի հետ։ Մենք սկսեցինք դեմ առ դեմ զրույցներով, նախքան եվրոպացի առաջնորդներին մեզ միանալու հրավիրելը։ Այս զանգը տևեց ավելի քան մեկուկես ժամ, ներառյալ նախագահ Թրամփի հետ մեր երկկողմ զրույցի մոտ մեկ ժամվա տևողությունը»։
Ելիսեյան պալատն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի և եվրոպացի գործընկերների հետ՝ Ալյասկայում Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։
Զանգը տևել է մեկ ժամ, որին մասնակցել են ևս յոթ եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկին, Ֆրիդրիխ Մերցը, Քեյր Ստարմերը, Ջորջիա Մելոնին, Ալեքսանդր Ստուբը և Կարոլ Նավրոցկին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
The Guardian-ը ներկայացնում է Թրամփի՝ եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի մասին պաշտոնական հայտարարությունը․
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին ասել է. «Խաղաղության ուղղությամբ այսպիսի յուրաքանչյուր քայլ լավ լուր է։ Ինչպես ասել է Հռոմի պապ Լեոն, թող դիվանագիտությունը կրկին խոսի զենքի փոխարեն, և թող ոչ ոք չխանգարի դրան»։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն ասել է. «Ռուսաստանի նախագահ Պուտինը կրկնել է ծանոթ փաստարկներ, ինչպիսիք են պատերազմի այսպես կոչված «հիմնական պատճառների» վրա կենտրոնանալը, որը Ռուսաստանի կողմից Ուկրաինա անօրինական ներխուժման արդարացման կոդավորված իմաստն է»։ Նա հավելել է, որ կարևոր է շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա և լսել Ուկրաինայի ցանկություններն ու կարիքները։
Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին ասել է, որ «ուրախ է, որ նախագահ Թրամփը փորձում է դադարեցնել պատերազմը», սակայն հաջորդած մամուլի ասուլիսում Պուտինը արտաբերեց «քարոզչական անհեթեթություններ «հակամարտության արմատների» մասին»։ Նա շարունակել է․«Խնդիրը ռուսական իմպերիալիզմն է, այլ ոչ թե Ուկրաինայի ազատ ապրելու ցանկությունը։ Եթե Պուտինը լուրջ լիներ խաղաղության բանակցությունների հարցում, այսօր ամբողջ օրը չէր հարձակվի Ուկրաինայի վրա»։
Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն մեղադրել է Պուտինին, որ նա ասուլիսում ավելի շատ մանիպուլացրել է ու քողարկված սպառնալիքներ է հնչեցրել Ուկրաինայի և Եվրոպայի նկատմամբ մեջ՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի առաջնորդը հույս է հայտնել, թե երկրները «չեն փորձի սաբոտաժի ենթարկել բանակցությունները»։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ֆեյսբուքում գրել է. «Տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչպես են երկու խոշորագույն միջուկային տերությունները ոչնչացնում իրենց համագործակցության շրջանակը և փոխանակվում հաղորդագրություններով»։ Նա հավելել է. «Սա ավարտվեց։ Աշխարհն այսօր ավելի անվտանգ է, քան երեկ»։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ում գրառում է արել, որտեղ ասում է․«Նախագահ Թրամփը Զելենսկուն և ՆԱՏՕ-ի առաջնորդներին ասել է, որ Պուտինը չի ցանկանում հրադադար և նախընտրում է պատերազմն ավարտելու համապարփակ համաձայնագիր»։ Գրառման մեջ նաև նշվում է, որ Թրամփն ասել է. «Կարծում եմ՝ արագ խաղաղության համաձայնագիրն ավելի լավ է, քան հրադադարը»։