«Դասագրքաստեղծման ոլորտը խորը ճգնաժամի մեջ է՝ որակի և փորձաքննության բացակայության պատճառով»․ կրթության փորձագետը՝ 9-րդ դասարանցիների աղմկահարույց առաջադրանքի մասին
Ռուսաց լեզվի 9-րդ դասարանի դասագրքում առկա մի առաջադրանք դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ծնողների շրջանում։
Բանն այն է, որ Ռուսաց լեզվի 9-րդ դասարանի դասագրքի 143-րդ էջի 17-րդ առաջադրանքում աշակերտներին հանձնարարվում է տանը դիտել մեծ աղմուկ հանած, 18+ տարիքային սահմանափակում ունեցող ռուսական արտադրության «Слово пацана. Кровь на асфальте» սերիալի առաջին սերիան և մեկնաբանություն գրել դրա մասին։ «Ի՞նչի մասին այն ստիպեց ձեզ մտածել»․առաջադրանքում է նշված։
Ծնողները վրդովմունք են արտահայտում, սոցիալական ցանցերում շատ ծնողներ զարմացած են՝ տարիքային սահմանափակմամբ այս ֆիլմն ինչպես կարելի է պարտադրել դիտել անչափահասներին, երբ սերիալում անչահասների մասնակցությամբ բռնության տեսարաններ կան, ծեծկռտուք, ալոկոհոլի, քրեական ենթամշակույթի տեսարաններ։
Ընդ որում, նշված չէ, որ սերիալը պետք է դիտել մեծահասակների հետ։ Գուցե որոշ ուսուցիչներ ինքնուրույն որոշեն սերիալը հենց դպրոցում դիտեն՝ միասին, ուսուցչի ներկայությամբ ու անմիջապես այն քննարկեն, որպեսզի երեխաներին տեղում բացատրեն երևույթի բացասական հետևանքները։ Սակայն խնդիրն այն է, որ բազմաթիվ ծնողներ ընդհանրապես դեմ են, որպեսզի իրենց երեխաներն առհասարակ դիտեն այս սերիալը։
Այս սերիալը դիտելու հանձնարարությունը տրված էր «Օրենքներ, իրավունքներ և պարտականություններ» դասի շրջանակներում և աշակերտները պետք է ծանոթանային անչափահասների իրավունքներին և պարտականություններին, գիտակցեն ոչ պատշաճ վարքագծի հետևանքները։
Ի դեպ, դասագիրքը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Այդ մասին նշում կա դասագրքի երկրորդ էջում։ Սա նշանակում է, որ դասագիրքը հաստատվել է նախարարության կողմից, և այն գործածության մեջ է լինելու մինչև 2029 ուստարին։

Արեգ Թադևոսյան
RegionsTV-ի հետ զրույցում կրթության ոլորտի փորձագետ Արեգ Թադևոսյանն ասում է՝ սա պարզապես ռուսերենի դասագրքի խնդիր չէ, այլ՝ մի ամբոջ կրթական համակարգի։
«Մենք ընդհանուր առմամբ խորը ճգնաժամի մեջ ենք դասագրքաստեղծման ոլորտում՝ կապված դասագրքերի որակի, բովանդակային արժեհամակարգի և մասնագիտական փորձաքննության բացակայության հետ։ Ամենացավալին այն է, որ այս ճգնաժամը տարեցտարի մեղմելու և շտկվելու փոխարեն է՛լ ավելի է խորանում»,-ասում է փորձագետը։
Թադևոսյանի կարծիքով՝ երբ պետական կրթական չափորոշիչներով հաստատված դասագրքում հայտնվում է նման առաջադրանք, դա այլևս տեխնիկական վրիպակ չէ, այլ պետական համակարգի ու պատասխանատու կառույցների հստակ թերացումը, որի հետևանքները կարող են անդառնալի լինել դեռահասների հոգեբանության և արժեքային կողմնորոշումների վրա։
Փորձագետը ընդգծում է՝ այս թերացումը ամբողջ կառավարական համակարգի խնդիրն է․«Իշխանությունը՝ սկսած գլխավոր իշխանության կրողից՝ վարչապետից մինչև ամենավերջին վարչության պետը, դարձել են իրենց հիմարությունները ստով քողարկողների վարպետներ։ Նման խնդիրների հետ մենք բախվում ենք ամեն տարի, և յուրաքանչյուր ողջախոհ մարդու մոտ արդեն օրինաչափ հարց է առաջանում՝ յոթ տարուց ավելի իշխանության ղեկին գտնվելով՝ ի վերջո հնարավո՞ր է անել գոնե այնպես, որ իրավիճակը չվատթարանա, այլ դրական տեղաշարժ արձանագրվի։ Եթե համակարգը ի վիճակի չէ ապահովելու տարրական առաջընթաց, ապա առնվազն պետք է ունենալ համարժեք ինքնաքննադատություն ու ճանապարհ զիջել նրանց, ովքեր կարող են արդյունք տալ։ Մինչդեռ միակ տեսանելի փոփոխությունները հիմնականում սահմանափակվում են արտաքին տեսքով՝ դպրոցների կամ շենքերի պատերի ավելի վառ գույներով ներկելով կամ դեպի դպրոց տանող ճանապարհների մասնակի բարեկարգմամբ։ Այսինքն՝ ներդրումները կենտրոնացած են բացառապես ֆիզիկական ենթակառուցվածքի՝ քարի, ներկի ու փայտի վրա, մինչդեռ բովանդակության, որակի և կրթական միջավայրի խորքային խնդիրները մնում են անտեսված»։
Փորձագետի համոզմամբ՝ եթե կրթական համակարգը չունի հստակ ու որակյալ մեթոդաբանություն, այն պարզապես չի կարող տալ արդյունավետ կրթական արդյունք․«Այդ պարագայում շենքային պայմաններն էական չեն. նույնիսկ եթե այդ դպրոցի շենքը տեղափոխեն ու տեղադրեն Օքսֆորդում, միևնույն է՝ համակարգը չի աշխատելու և ցանկալի արդյունք չի ապահովելու եթե չկա ճիշտ մշակված մեթոդաբանություն»։
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունից Factor.am-ին հայտնել են, որ առաջադրանքի մասին ահազանգը ստացել են ու մասնագիտական համապատասխան բաժիններն արդեն քննարկում են խնդիրը։
Տիրուն Մարգարյան
