Բաթումում Բեշիքթաշի երկրպագուների և վրացի ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել | Region

Բաթումում Բեշիքթաշի երկրպագուների և վրացի ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

Նոյեմբեր 27,2026 10:44

Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի՝ «Բեշիքթաշ» – «Հապոել Բեեր Շևա» հանդիպումը, որն անվտանգության նկատառումներով անցկացվում էր չեզոք դաշտում՝ Բաթումի «Դինամո» մարզադաշտում, վերածվել է լուրջ միջադեպի և ստացել դիվանագիտական արձագանք։

Նոյեմբերի 26-ին կայացած խաղի 25-26-րդ րոպեներին տրիբունաներում լարվածություն է առաջացել այն բանից հետո, երբ թուրքական ակումբի երկրպագուները ցուցադրել են Պաղեստինի դրոշ և պաղեստինամետ պաստառ։ Իրավիճակին միջամտել են վրացի ոստիկանները․

նրանք մուտք են գործել երկրպագուների հատված, կիրառել արցունքաբեր գազ, ինչից հետո բախումներ են սկսվել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ տրիբունաներից աթոռներ են նետվել իրավապահների ուղղությամբ։

Դանիացի մրցավար Մորտեն Կրոգը դադարեցրել է հանդիպումը և թիմերին ուղեկցել հանդերձարան։ «Բեշիքթաշի» ֆուտբոլիստները փորձել են մոտենալ տրիբունային և հանդարտեցնել իրավիճակը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով մեկ երկրպագու պատգարակով տեղափոխվել է շտապօգնության մեքենա, իսկ ևս մի քանիսին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։ Մոտ 30 րոպե տևած դադարից հետո խաղը վերսկսվել է։ Նշենք նաև, որ խաղից առաջ երկու թիմերի ավագները չեն սեղմել միմյանց ձեռքը։

Տեղի ունեցածը կոշտ արձագանք է ստացել Թուրքիայում։ «Բեշիքթաշը» դատապարտել է իր երկրպագուների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը և հայտնել, որ դիմել է Բաթումում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանն ու ՈւԵՖԱ-ին։ Ակումբին իրենց համերաշխությունն են հայտնել «Գալաթասարայը», «Ֆեներբահչեն» և «Տրաբզոնսպորը»։

Միջադեպը դատապարտել են նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան և սպորտի նախարար Օսման Աշքըն Բաքը։ Հարցը տեղափոխվել է նաև դիվանագիտական հարթություն․ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կապ է հաստատել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ, իսկ Թուրքիայի ՆԳ նախարար Մուստաֆա Չիֆթչին հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկեր Սուլխան Թամազաշվիլիի հետ։ Վերջինս, ըստ թուրքական կողմի հաղորդման, նշել է, որ Պաղեստինի դրոշներն առգրավվել են ՈւԵՖԱ-ի պաշտոնյաների կողմից, և Վրաստանի պետական մարմինները դրանում դեր չեն ունեցել։

Ինչ վերաբերում է խաղային մասին, ապա հանդիպումն ավարտվել է «Բեշիքթաշի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Թուրքական թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Ջունիոր Օլայտանը (75-րդ րոպե) և Օրկուն Քյոքչյուն (90-րդ րոպե), իսկ իսրայելական ակումբից ավելացված ժամանակում (90+3) հաշվի տարբերությունը կրճատել է Ջևոն Իսթը։ Այս հաղթանակից հետո «Բեշիքթաշը» վաստակել է 10 միավոր։

Հավելենք, որ ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ միջադեպին իրավական գնահատական կտա նոյեմբերի 27-ին, ինչից հետո հայտնի կդառնա հնարավոր կարգապահական պատժամիջոցների մասին։

armsport.am

Նորություններ