Գյուղը պահելու համար ի՞նչ է անհրաժեշտ․ անտառաշենցիները հույս ունեն, որ 2027-ը կդառնա երկար սպասված փոփոխությունների տարի | Region

Գյուղը պահելու համար ի՞նչ է անհրաժեշտ․ անտառաշենցիները հույս ունեն, որ 2027-ը կդառնա երկար սպասված փոփոխությունների տարի

Նոյեմբեր 28,2026 13:00

Հանրային տրանսպորտի բացակայություն, անմխիթար վիճակում գտնվող ճանապարհ, աշխատատեղերի պակաս և ներքին միգրացիա․ Լոռու մարզի Անտառաշեն գյուղի բնակիչները շարունակում են ապրել՝ բախվելով անհաղթահարելի թվացող տասնյակ խնդիրների ու խոչընդոտների։ Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը փոխելու համար, և ե՞րբ կարող են բնակիչները լուծումներ ակնկալել։

Անտառաշեն բնակավայրը Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի կազմում է։ Ըստ վարչական ղեկավար Ռաֆիկ Խառատյանի՝ գյուղում փաստացի գրանցված 133 բնակիչ կա, սակայն մշտական բնակվողների թիվը շուրջ 100 է։

Անտառաշենի բնակիչներին մտահոգող ամենալուրջ խնդիրներից մեկը հանրային տրանսպորտի բացակայությունն է։ Գյուղ հասնող երթուղային չկա, և մարդիկ ստիպված են օգտվել հարևան բնակավայրերով անցնող տրանսպորտից։ Մինչ այդ նաև պետք է հաղթահարել Անտառաշեն-Լերմոնտովո 2,5 կմ-ոց ճանապարհը, որն անբարեկարգ վիճակում է։

Հանրային տրանսպորտի բացակայությունը՝ ծանր ֆինանսական բեռ

Հատկապես դժվար է տարեցների և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Տրանսպորտի բացակայությունը սահմանափակում է բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունը և լրացուցիչ ծախսեր առաջացնում։

Անժելա Ավակովա

Անտառաշենի բնակիչ Անժելա Ավակովան Regions TV-ի հետ զրույցում նշում է՝ նրանք, ովքեր պարբերաբար բժշկական օգնության կարիք ունեն, հաճախ ստիպված են մարզկենտրոն Վանաձոր հասնել տաքսիով։ «Տրանսպորտից օգտվելու համար ստիպված հասնում են հարևան գյուղ կամ գլխավոր ավտոմայրուղի։ Դժվար է հատկապես առողջական խնդիրներ ունեցող տարեցների համար, որոնք ստիպված են ամսվա ընթացքում մի քանի անգամ հիվանդանոց այցելել, և Վանաձոր են հասնում տաքսիներով՝ ամեն անգամ 5000 դրամ վճարելով։ Դա ծանր ֆինանսական բեռ է մեզ համար»,– ասում է Անժելա Ավակովան։

Գյուղի դպրոցահասակ երեխաների տեղափոխման հարցը լուծվել է․ նրանց Լերմոնտովոյի միջնակարգ դպրոց տեղափոխելու համար հատկացվել է համապատասխան միկրոավտոբուս։

Ճանապարհի վերանորոգումը՝ սպասվող լուծում

Տրանսպորտի բացակայությանը գումարվում է նաև ճանապարհների անմխիթար վիճակը։ Անբարեկարգ են և՛ գյուղամիջյան փողոցները, և Անտառաշենից համայնքային կենտրոն Լերմոնտովո տանող ճանապարհահատվածը։

Այն դժվարանցանելի է դառնում հատկապես ձմռան ամիսներին և անձրևային եղանակներին։ Անժելա Ավակովայի պնդմամբ՝ պատահել են դեպքեր, երբ շտապօգնության ծառայության մեքենան դժվարությամբ է անցել ճանապարհը և ուշացած է հասել հիվանդին։ Ըստ նրա՝ այդ ճանապարհահատվածն անցնելը նաև վտանգավոր է դարձել, քանի որ երեկոյան ժամերին հնարավոր է հանդիպես անցանկալի «հյուրերի»՝ գայլերի ու շնագայլերի։

Ռաֆիկ Խառատյան

Անտառաշենի վարչական ղեկավար Ռաֆիկ Խառատյանի խոսքով՝ այս պահին հանրային տրանսպորտի խնդրի լուծման որևէ ծրագիր հեռանկարում չկա։ Սա նշանակում է, որ բնակիչները դեռ երկար ժամանակ ստիպված կլինեն այլ տարբերակներով կազմակերպել իրենց տեղաշարժը։ Փոխարենը, ըստ Խառատյանի, 2027 թվականի գարնանը նախատեսվում է ասֆալտապատել Լերմոնտովոյից Անտառաշեն ձգվող ճանապարհահատվածը։

Աշխատատեղերի պակասն ու գյուղի ժողովրդագրական ապագան

Անտառաշենի տնտեսական կյանքն էլ իր պատմությունն ունի։ Ժամանակին այստեղ գործել է թանկարժեք մորթու արտադրությամբ զբաղվող ձեռնարկություն, որը Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1993 թվականին, դադարեցրել է աշխատանքը։ Անտառաշենի նախկին գազանաբուծական տնտեսությունը հիմնադրվել է 1937 թ․-ին և խորհրդային տարիներին Անդրկովկասում եղել է եզակի ու եկամտաբեր արտադրական միավոր։ Տարեկան ՌԴ է արտահանվել կզաքիսի և աղվեսի 27․000 հատ բարձրորակ մորթի։

Ձեռնարկության փակվելուց 33 տարի անց էլ գյուղի երիտասարդների համար աշխատատեղերի հնարավորությունները սահմանափակ են։ Այսօր նրանց մի մասը աշխատանք է փնտրում Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, կան նաև արտագնա աշխատանքի մեկնողներ։

Անտառաշենում ապրում են նաև ռուս մոլոկաններ։ Նրանց մի մասը գյուղից հեռացել է՝ տեղափոխվելով Ռուսաստան։

2025թ․-ի ընթացքում, ըստ Լոռու մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի, Անտառաշենում ոչ մի ծնունդ և ամուսնություն չի գրանցվել, բնակավայրում բուժկետ չկա, կրթական, մշակութային ու մարզական որևէ հաստատություն չի գործում։

Այնուամենայնիվ, դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են ապրել ու աշխատել Անտառաշենում՝ իրենց ընտանիքների ապագան կապելով գյուղի հետ։ Նրանց հույսերը կարճաժամկետ լուծումներով չեն սահմանափակվում․ անտառաշենցիները սպասում են այնպիսի փոփոխությունների, որոնք գյուղում ապրելու հեռանկար կստեղծեն նաև գալիք սերունդների համար։ Խոսքը կայուն կենսապայմանների, հասանելի տրանսպորտի, բարեկարգ ճանապարհների և անհրաժեշտ ենթակառուցվածքների մասին է։

Արդյոք 2027 թվականը կդառնա՞ այդ երկարաժամկետ սպասումների իրականացման սկիզբը։

Էդուարդ Մխիթարյան

Նորություններ