Մեսսին կրկին կխաղա Արգենտինայում․ խաղին կարող է մասնակցել նաև Ռոնալդուն
Լիոնել Մեսսին կմասնակցի Արգենտինայի ազգային հավաքականի իր նախկին թիմակից Կառլոս Տևեսի հրաժեշտի հանդիպմանը։ Այն կկայանա դեկտեմբերի 20-ին՝ Բուենոս Այրեսի լեգենդար «Բոմբոներա» մարզադաշտում։
Մեսսիի մասնակցությունը պաշտոնապես հաստատվել է նոյեմբերի 26-ին՝ միջոցառման կազմակերպիչների սոցիալական ցանցերում։ Ավելի վաղ այդ մասին TyC Sports-ին տված հարցազրույցում հայտնել էր նաև հենց Տևեսը։
«Բոկա Խունիորսի» մարզադաշտում կայանալիք միջոցառումը կրում է «Adiós Apache» անվանումը՝ ի պատիվ Տևեսի հայտնի մականվան։ Մեսսիից բացի, հրաժեշտի հանդիպմանը կմասնակցեն համաշխարհային ֆուտբոլի մի շարք այլ աստղեր, այդ թվում՝ Սերխիո Ագուերոն, Ջանլուիջի Բուֆոնը, Ռիո Ֆերդինանդը, Լեանդրո Պարեդեսը, Մարտին Պալերմոն և Խուան Ռոման Ռիկելմեն։
Ինչպես նշել է Տևեսը, միջոցառման շրջանակում նախատեսում է իր հյուրերին տանել նաև Ֆուերտե Ապաչե թաղամաս, որտեղ ինքը մեծացել է։
Հավելենք, որ Տևեսն ավելի վաղ ցանկություն էր հայտնել խաղադաշտում տեսնել նաև Կրիշտիանու Ռոնալդուին, սակայն պորտուգալացի հարձակվողի մասնակցությունը դեռևս չի հաստատվել։
