Արդյունավետ կանխարգելում և զգայուն արձագանք. ՀՀ-ում մեկնարկեց Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակը
«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ազգային մեկնարկի միջոցառումը վերահաստատեց Հայաստանում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման և արձագանքման մեխանիզմների շարունակական բարելավման անհրաժեշտությունը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ գործընկերությամբ կազմակերպված միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել պետական բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների, դիվանագիտական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչներին։
«Մենք չենք կարող գենդերային հիմքով բռնությունը հաղթահարել միայն քրեական հետապնդմամբ: Բռնությունից հետո իրականացվող արդարադատությունը չի կարող փոխարինել դրա կանխարգելմանը։ Թեև Հայաստանում ոստիկանություն և աջակցության կենտրոններ դիմող կանանց թվի աճը վստահության ձևավորման լավ նշան է, բարձրաձայնելը միայն գործընթացի սկիզբն է։ Այն պետք է շարունակվի բռնության ենթարկվածներին լսելով, հավատալով և արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերելով՝ ապահովելով պաշտպանություն, առողջապահական և իրավաբանական աջակցություն»,- միջոցառման մեկնարկին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նկատեց․ «Չնայած իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի զարգացմանն ուղղված քայլերին՝ կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր, իսկ կարծրատիպերն ու խտրական ընկալումները հաճախ խոչընդոտում են բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։ Բռնության կանխարգելումը պահանջում է ինչպես պատշաճ իրավական կարգավորումներ, այնպես էլ հետևողական աշխատանք՝ գենդերային հավասարության մշակույթի ձևավորման և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ամրապնդման ուղղությամբ»։
«Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացումը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործունեության առանցքային ուղղություններից է։ Մեր ջանքերն ուղղված են ոչ միայն բռնության կանխարգելմանն ու արձագանքմանը, այլև այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր կին և աղջիկ կարող է ապրել առանց վախի՝ առողջ, արժանապատիվ, ազատ տնօրինել իր կյանքն ու վստահ լինել, որ պաշտպանված է։ Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը՝ ուղղված համակարգերի շարունակական բարելավմանը և խտրական սոցիալական նորմերի փոփոխմանը՝ հանուն իրապես հավասար և բռնությունից զերծ հասարակության»,- ողջույնի խոսքում ընդգծեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։
Միջոցառման առաջին՝ «Գենդերային հիմքով բռնությանն արձագանքը Հայաստանում» խորագրով պանելային քննարկումը վարում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Քննարկումը կենտրոնացած էր բռնության ենթարկված անձանց ժամանակին պաշտպանության, իրավական երաշխիքների ապահովման և սոցիալական աջակցության տրամադրման վրա: Որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը և «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ծրագրերի տնօրեն Աննա Սաֆարյանը։
Երկրորդ պանելային քննարկումը, որը կրում էր «Գենդերային հիմքով բռնության կանխարգելումը Հայաստանում» խորագիրը, վարում էր ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը: Այս քննարկումը շեշտը դրեց երկարաժամկետ լուծումների՝ ուղղորդման մեխանիզմների, վաղ հայտնաբերման, օրենսդրական բարեփոխումների և վնասակար սոցիալական նորմերի փոփոխության վրա: Պանելային քննարկմանը մասնակցում էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը, ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Ռուբինա Մխիթարյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հոգեբան Անահիտ Մուրադյանը, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Օլգա Ազատյանը և «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
«16-օրյակը» գլոբալ քարոզարշավ է, որն ամեն տարի մեկնարկում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, և շարունակվում մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների օրը: Միջոցառման մասնակիցները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ միավորելու պետական, միջազգային և հասարակական ջանքերը՝ հանուն բռնությունից զերծ հասարակության:
