Չի կարող լինել ևս մեկ նախապայման խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար․Միրզոյան
«Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, խաղաղություն է կառուցում»,-այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիրան Աբրահամյանի հարցին, թե ինչո՞ւ Միրզոյանը չի պատասխանում Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի՝ «Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցի ժողովրդից» հայատարարությանը։
Աբրահամյանի մեկ այլ հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ Հաջիևի հայտարարությունը կարող է լինել ևս մեկ նախապայման խաղաղության պայմանագրի ստորագրման գործում, Միրզոյանը պատասխանել է․«Եթե այդպես եք հարցնում, կարծում եմ՝ չի կարող լինել ևս մեկ նախապայման»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնականն երեկ հայտարարել է, որ «Հայաստանը և հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր»։
Նախարարն արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին, ասել է՝ շատ բարդ է, խոչընդոտներ կան, գործընթացը հեգնելը շատ հեշտ է, սակայն Հայաստանը փորձում է խաղաղությունն ամրապնդել, խնամել, հոգ տանել խաղաղության մասին․«Այնքան կարելի է արձագանքել, հավատացնում եմ ձեզ՝ ես այնքան ամպագոռգոռ և հայրենասիրական բառեր գիտեմ, այնքան պաթոսային բառեր գիտեմ։ Հարցը հետևյալն է՝ դա անելը կնպաստի՞ խաղաղությանը։ Իհարկե, չի նպաստի»։
Միրզոյանը նաև նշել է․«Վերքերը շատ թարմ են, հակամարտությունը նոր է ավարտվել, զոհեր ու արյուն է եղել, ոչ մի կոնֆլիկտի ու պատերազմի մեջ մեղր չեն բաժանում, հասարակությունները պետք է հաշտվեն, ցավն այստեղ էլ կա, այնտեղ էլ կա: Կարող ենք չափել ում ցավն է ավելի շատ, դա էլ այլ հարց է: Բայց պետք է ավարտել այդ հակամարտությունը և մտնել խաղաղության, համագործակցության փուլ»։
