Ուղղորդումներ, կուտակումներ, քվեարկության գաղտնիության խախտում․ընտրական ինչ խախտումներ են արձանագրվել | Region

Ուղղորդումներ, կուտակումներ, քվեարկության գաղտնիության խախտում․ընտրական ինչ խախտումներ են արձանագրվել

Հոկտեմբեր 25,2026 18:05

«Անկախ դիտորդ» դաշինքի կողմից դիտարկված 380 տեղամասերից 87-ում արձանագրվել է ընդհանուր առմամբ 128 խախտում, 8 տեղամասում արձանագրվել է կրկնակի խախտումներ։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։

Այսօր ՀՀ 21 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ 19 համայնքում ընտրություններն անցկացվում են համամասնական, իսկ 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։

Սաքունցի խոսքով՝ Գյուլագարակում դիտորդներն արձանագրել են տեղամասերի մոտ կուտակումներ, մինչդեռ ծառայություն իրականացնող ոստիկանները քայլ չեն ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ։

«Ոստիկանները մատը մատին չեն տվել: Անձամբ ահազանգել եմ 112 հեռախոսահամարով, քանի որ, ըստ էության, ոստիկանությունը պետք է ոչ միայն գործողություններ իրականացնի հնարավոր հասարակական կարգի խախտումները կանխելու համար, այլև կանխի նման բնույթի երևույթները՝ մեքենաների կուտակումն ու նույն մարդկանց շարունակական ներկայությունը տեղամասերի շուրջ»,- ասել է Սաքունցը։

Ըստ դաշինքի դիտորդության՝ արձանագրվել է ընթացակարգային խախտման 14 դեպք, ընտրողների ապօրինի վերահսկման 4 դեպք, գտնվելու իրավունքի կամ լիազորության խախտման 19 դեպք, քվեարկության գաղտնիության խախտման 22 դեպք, քվեարկության օրը քարոզչության 5 դեպք, կոնֆլիկտային իրավիճակի 4 դեպք և 56 դեպք էլ տարբեր բնույթի խախտումներ են, որոնք դեռ ուսումնասիրման կամ նույնականացման փուլում են։ Դիտորդների արձանագրած խախտումների 60%-ը շտկվում է։

Դիտարկված տեղամասերի 10%-ում հանձնաժողովների ընդհանուր կարգապահությունն ու պատրաստվածությունը ցածր են գնահատվել։

Կուտակումներ են եղել 19/7 և 21/7 տեղամասերում, դեպքերի մեծ մասը վերաբերել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, և ինչպես ասել է Սաքունցը՝ միայն 5 դեպքով են դիտորդները խախտումը կապել այլ կուսակցության հետ։

Դիտարկված 90 տեղամասերից 30%-ում բացակայել են կուսակցությունների վստահված անձինք։

Սաքունցի ներկայացմամբ՝ առավոտյան հանձնաժողովների նիստերի ընթացքում տեղամասերում ներկա է եղել ընդամենը մեկ կուսակցության ներկայացուցիչ։ Դիտարկված տեղամասային կենտրոնների մուտքերի 37 %-ում արձանագրվել են խոչընդոտներ, իսկ բուն տեղամասային կենտրոնների 35%-ը գնահատվել է որպես անմատչելի։ Տեղամասերի 5%-ում քվեարկության վայրը գտնվել է երկրորդ հարկում։ Դիտարկված տեղամասերի 16%-ում դիտորդները սենյակային պայմանները գնահատել են անբավարար՝ հիմնականում լուսավորության հետ կապված խնդիրների պատճառով։

Ջեռուցման հետ կապված անբավարար պայմաններ են արձանագրվել դիտարկված տեղամասային կենտրոնների 22%-ում։ Տասը տեղամասային կենտրոններում բացահայտվել են հանձնաժողովների գրանցամատյանում վստահված անձանց մուտքի և ելքի գրանցման հետ կապված խախտումներ։ Արդյունքում՝ որոշ դեպքերում միևնույն կուսակցությունից մեկից ավելի վստահված անձ է ներկա եղել։

«Ուժեղ Հայաստանի» շտաբում կայացած ասուլիսում կուսակցության ղեկավար մարմնի անդամ Գոհար Մելոյանն էլ այսօր լրագրողներին ներկայացրել է իրենց արձանագրած խախտումները։ Ըստ այդմ՝ Ստեփանավանի 25/04 տեղամասում քաղաքացին լուսանկարել է քվեաթերթիկը, որը բացահայտել է «Ուժեղ Հայաստանի» վստահված անձը։

««Քաղաքացիական պայմանագիրը» նման հրահանգ է տվել՝ նկարել ՔՊ-ին տրված քվեները եւ հաշվետվության տեսքով ներկայացնել»,-ասել է Մելոյանը։

Ըստ նրա՝ անընդհատ ուղղորդման մասին ահազանգեր են լինում, մեքենաներով բացահայտ կանգնում են․«Անգամ ոստիկանության ներկայացուցիչների ներկայությունը չի կաշկանդում իրենց նագլիությունը։ Ականատես եմ եղել, թե ինչպես է նույն մեքենան մի քանի անգամ մարդկանց բերում։ Երեկոյան կհասկանանք՝ այս բարձր մասնակցությունը դրակա՞ն, թե բացասական միտում ունի․ մարդիկ իրենց բողոքն են արտահայտում, թե ՔՊ-ն բերում է մարդկանց ընտրությունների»։

 

Նորություններ