Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է փայլուն արդյունք՝ մեդալային հաշվարկում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
Մեր ընտրանին աշխարհի առաջնությանը մասնակցել է 4 մարզիկով և նվաճել նույնքան մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե։ Հենացատկի վարժությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արթուր Դավթյանը, իսկ նժույգ թափերում ոսկե մեդալակիր է դարձել Համլետ Մանուկյանը։ Նույն մարզագործիքի վրա բրոնզե մեդալի է արժանացել Մամիկոն Խաչատրյանը, իսկ Արթուր Ավետիսյանը պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել օղակների վարժությունում։ Մեր չեմպիոններն ու մեդալակիրներն արդեն համատեղ լուսանկար են հրապարակել Ռոտերդամից՝ ցուցադրելով նվաճած պատմական մեդալները։
Այս ցուցանիշն առավել տպավորիչ է դառնում այն ֆոնին, որ մրցակից մյուս երկրները ներկայացված են եղել մեծաքանակ պատվիրակություններով (և՛ տղամարդկանց, և՛ կանանց): Մինչդեռ Հայաստանն ունեցել է ընդամենը 4 մարզիկ և ապահովել է մեդալային բացարձակ՝ 100 տոկոսանոց արդյունավետություն՝ վերստին ապացուցելով, որ հայկական մարմնամարզությունը հաստատուն տեղ ունի աշխարհի ուժեղագույնների շարքում։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունից այս փայլուն արդյունքով հայրենիք վերադարձող Հայաստանի հավաքականին դիմավորելու արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ ժամը 04:05-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։
