Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․նախարար
«Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Մյուս 2 երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության: Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել»,-այս մասին սոցիալական ցանցւոմ հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24–ին Երեւան- Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի (բախվել էին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը) հետևանքով մահացել են ամուսիններ, որոնք 5 երեխայի հետ Գյումրուց Եղվարդ էին գնում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։
