Միջազգային դիտորդները համակարգային ընտրախախտումներ չեն արձանագրել
Օտարերկրյա դիտորդական առաքելության ներկայացուցիչները խորհրդարանական ընտրությունների օրը էական ընտրախախտումներ չեն արձանագրել։
Միջազգային հանրապետական ինստիտուտի այսօրվա ասուլիսում Ազգային ժողովրդավարության հիմնադրամի (NED) նախագահ Փիտեր Ռոսկամը հայտարարել է․«Մեր ուղիղ դիտարկումների հիման վրա կարող եմ ասել, որ մեր առաքելությունը չի գրանցել համակարգային խախտումներ։ Մեր գնահատմամբ՝ քվեարկությունն ու հաշվարկն, ընդհանուր առմամբ, իրականացվել է կարգապահ, խաղաղ և սահմանված ընթացակարգերին համապատասխան»։
Նա նշել է, որ Հայաստանում ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի միջավայրում, որտեղ աճում էր բևեռացումը, կային անվտանգային մտահոգություններ, և Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ բանավեճի պայմաններում։
«Մենք 11 առաջարկություն ենք ներկայացրել, որոնք վերաբերում են ընտրությունների կազմակերպմանը, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը և կիբերանվտանգությանը»,-ասել է Ռոսկամը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է մեծացնեն պատժամիջոցները, որոնք ուղղված են կանխիկի տեղաշարժերի չհայտարարագրմանը կամ կեղծ հայտարարագրմանը և բարձրացնեն կասկածելի միջազգային փոխանցումների բացահայտումը և զեկուցումը կանխելու արտաքին դերակատարների հետ կապված ֆինանսավորումը։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունը պետք է եռամսյակային կտրվածքով բացահայտի կուսակցությունների ծախսերը և բարելավի մինչև ընտրություններ ծախսերի նկատմամբ վերահսկողությունը։
«Մեր դիտորդական առաքելության արդյունքներով՝ սա արդար ընտրություն է առանց որևէ երկմտության։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ իշխանությունները պետք է մեծացնեն պատժամիջոցները կեղծ հայտարարագրման կամ չհայտարարագրված կանխիկի համար, բացի դրանից նրանք պետք է վերացնեն անորոշությունները, թե ով ինչի համար է վճարում»,-ասել է Ռոսկամը։
Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեֆան Նիքսը նույնպես պնդեց, որ Հայաստանում ընտրական ժամանակաշրջանում ակնհայտ էր արտաքին միջամտությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ուղիղ ազդեցության էր ենթարկվում Մոսկվայից՝ տնտեսական ու քաղաքական ճնշումների միջոցով, տնտեսական զգուշացումներով ու վախերի ահագնացման միջոցով՝ ՀՀ-ի՝ եվրոպամետ ուղեծրի հետ կապված․«Մեր առաքելությունը դիտարկում է ՌԴ-ի հետ կապված դերակատարների կողմից ընտրական միջավայրի միջամտության շարունակական ջանքեր։ Սա ներառում էր ընտրողների բիզնեսների նկատմամբ ճնշումների կիրառումը։ Մեր առաքելությունը պարզեց, որ այս շրջափուլի ընթացքում կուսակցությունները և դաշինքները ազատ քարոզարշավ են իրականացրել, թեև իրենց խոսույթում կային անձերին ուղղված հարձակումներ, ինչը նաև խորացրեց վստահության ցածր մակարդակը տարբեր քաղաքական դերակատարների միջև»։
Միջազգային այս դիտորդական առաքելության 23 անդամները 7 տարբեր երկրներ են ներկայացրել, նրանք դիտորդական առաքելություն են իրականացրել Հայաստանի 8 մարզերում և 17 համայնքներում։
Այսօր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ-ում ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ։
Ըստ առաքելության՝ քարոզարշավը եղել է խիստ հակադրական՝ բաժանարար հռետորաբանությամբ և ընտրակաշառքի ու այլ ընտրական խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, ինչը հանգեցրել է ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական գործերի հարուցման, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ զերծ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցությունից։
Դիտորդական առաքելությունը նշել է, որ նկատվել են արտերկրից ուղղակի ճնշումներ՝ առևտրային սահմանափակումների սրման և անվտանգության սպառնալիքների տեսքով, ինչը նպատակ ուներ անհարկի կերպով ազդել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի։
«Մյուս կողմից՝ մենք տեղական մակարդակում պետական վարչական ռեսուրսների համակարգային չարաշահման դեպքեր չենք արձանագրել։
Այս ամենը, ինչպես նաև պետական հատվածի աշխատողների վրա ճնշումները՝ մասնակցելու իշխող կուսակցության միջոցառումներին, և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումները, առաջացրել են մտահոգություններ քարոզարշավ իրականացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ:
Հարցին՝ արդյոք խնդիր չէ, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է հաղթանակի մասին այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտնի էր ընտրողների ձաների ընդամենը 10% -ի արդյունքները, քվեների հաշվարկը դեռ ավարտված չէր, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեշ Լենարչիչը պատասխանել է՝ նման հայտարարությունը եղել է վաղաժամ և որոշակիորեն ռիսկային, քանի որ մնացած 90% ձայների հաշվարկը կարող էր էականորեն փոխել արդյունքը։
ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Ֆարահ Քարիմին հայտարարել է, որ «այս ընտրությունները տեղի ունեցան Հայաստանի զարգացման շատ կարևոր առանցքային փուլում, և երկիրը շարունակում է նավարկել այս բավականին խրթին ժողովրդավարական և աշխարհաքաղաքական միջավայրում»։
Ըստ առաքելության գնահատականի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում էական ազդեցություն են ունեցել արտաքին ճնշումները։ Քարիմին նշել է, որ ՔՊ-ի միջոցառումներին մասնակցելու նպատակով պետական ապարատի ներկայացուցիչների նկատմամբ գործադրված ճնշումները և կիրառված սոցիալ-տնտեսական լծակները լուրջ մտահոգություններ են առաջացրել հնարավորությունների ազատության ապահովման շուրջ: Նա հավելել է նաև, որ քարոզարշավի ֆինանսների նկատմամբ անբավարար վերահսկողությունը սահմանափակել է գործընթացի թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը:
Նշենք, որ ԿԸՀ-ի հրապարակած 2005 ընտրական տեղամասերի արդյունքներով ՝
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 49.81% քվե (727 820 ձայն), 64 մանդատ,
«Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,28% (340 088 ձայն), 29 մանտադ,
«Հայաստան» դաշինքը՝ 9,93% (145 .113 ձայն), 12 մանդատ
«Բարգավաճ Հայաստան»-ը՝ 3.99% (58 368 ձայն), անցողիկ 4% շեմը չի հաղթահարում, ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի։
«Միասնության թևեր»-ը՝ 2,20% (33 618 ձայն)։
Նշենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին գրանցված ընտրողների թիվը կազմել է 2.507.216, որից ընտրությանը մասնակցել է 1.459.455-ը կամ 58,94%-ը։
Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հունիսի 7-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի հայտնաբերել ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Այդ մասին հայտարարել է դիտորդական առաքելության ղեկաբար Նուրլան Սեյտիմովը։
«Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունները անցկացվել են ՀՀ Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան։ Դրանք կայացել են բազմակուսակցական հիմքի վրա, եղել են բաց և մրցակցային»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Սեյտիմովը՝ ամփոփելով ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքները։
«Տեխնիկական սարքավորումներն ընդհանուր առմամբ անխափան աշխատում էին։ Ընտրատեղամասերի բացարձակ մեծամասնությունում կիրառվել է տեսահսկման համակարգ։ Ձայների հաշվարկի ընթացակարգն ընթացել է ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան»,- նշել է նա՝ հավելելով, որ դիտորդներն ընտրությունների օրը Հայաստանի 9 մարզերում և Երևանում այցելել են ավելի քան 850 ընտրատեղամաս։
Սեյտիմովը նաև հավելել է, որ դիտորդների կողմից արձանագրված առանձին բացթողումները կրել են տեխնիկական բնույթ ու օպերատիվ կերպով վերացվել են տեղամասային հանձնաժողովների կողմից: «Խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, առաքելության կողմից չեն հայտնաբերվել»,- եզրափակել է ղազախ պաշտոնյան, որը 2024 թվականի ապրիլից զբաղեցնում է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։
