Հաջիևը խոսում է մշակութային ժառանգության պահպանումից, մինչդեռ Շուշիում հին գերզմանատունը քանդել ու տեղում կեղտաջրերի մաքրման կայան են կառուցում
Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ղարաբաղ, Ադրբեջանը Շուշիում մեծ մզկիթ է կառուցում «Ենի Շուշա» անվանբ։ Այսօր Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ղարաբաղ, նրանց է ներկայացվել նշված մզկիթի շինաշխատանքները։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալևի օգնական Հիքմեթ Հաջիևը Ստեփանակերտի մշակութային կենտրոն այցելած դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում անդրադարձել է Ղարաբաղի մշակութային ժառանգությանը, նշելով, թե «Ղարաբաղը եղել է, մնում է և լինելու է Ադրբեջանի ու ադրբեջանցի ժողովրդի մշակութային սիրտը։ Ցավոք, օկուպացիայի տարիներին Ադրբեջանի մշակութային ժառանգությունը ենթարկվել է ավերածությունների և ռմբակոծությունների։ Սակայն մենք վերականգնում ենք նաև ադրբեջանցի ժողովրդի մշակութային ժառանգությունը։ Ամբողջ մշակութային ժառանգությունը, որը գտնվում է Ղարաբաղում և Ադրբեջանի այլ տարածքներում, հանդիսանում է Ադրբեջանի մշակութային ժառանգությունը։ Այն պահպանվում է մեր օրենսդրությամբ։ Միաժամանակ այն պաշտպանված է նաև միջազգային իրավունքով։ Մենք կշարունակենք լրացուցիչ ջանքեր գործադրել մշակութային ժառանգության վերականգնման, վերակառուցման և պահպանման համար»։

Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը մշակութային ժառանգության պահպանման մասին խոսում է այն դեպքում, երբ Արցախում շարունակում են հայկական մշակութային կոթողների ոչնչացումը։
Օրերս Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպությունը տվյալներ է հրապարակել, որով փաստում է՝ Շուշիի արևելյան կողմում գտնվող հին հայ-ռուսական գերեզմանատունը քանդվել է 2026-ի մայիսի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։
Կազմակերպության փոխանցմամբ՝ նշված պատմական տարածքն ամբողջությամբ հարթեցվել է, քանի որ այդտեղ, ըստ քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագծի, անձրևաջրերի և կեղտաջրերի մաքրման կայան են կառուցում։
CHW-ը նշում է, որ գերեզմանոցը ոչ միայն 19-րդ դարի դամբարանադաշտ էր, այնտեղ նաև կային 12-րդ և 13-րդ դարերի մի քանի խաչքարեր։
«Նրանց առկայությունը նշանակում է, որ այս վայրը պահպանել է շատ ավելի խորը պատմություն, քան միայն գերեզմանները կարող են ենթադրել։ Շուշիի 19-րդ դարի հայ և ռուս բնակիչների թաղումից շատ առաջ, լանդշաֆտն արդեն պարունակում էր հուշարձաններ, որոնք այն կապում էին Ղարաբաղի միջնադարյան հայկական անցյալի հետ։
Հետևաբար, գերեզմանատունը մարմնավորում էր հիշողության անսովոր շարունակականություն: 12-րդ և 13-րդ դարերի խաչքարերը կանգնած էին այն մարդկանց գերեզմանների մեջ, ովքեր ապրել էին Կովկասի ռուսական նվաճման, ռուս-պարսկական պատերազմների և Ղարաբաղը Ռուսական կայսրության նահանգի վերածվելու ժամանակաշրջանում։ Գերեզմանատան ոչնչացումը ջնջեց հարյուրավոր տարիների պատմություն ընդգրկող պատմական միջավայրը»,-նշում է կազմակերպությունը։
Ավերված գերեզմանատունը ներառում էր առնվազն 40 պատմական տապանաքար և հուշարձան, այդ թվում՝ միջնադարյան հայկական խաչքարեր, 1810-1871-ին թվագրվող գերեզմանաքարեր, որոնք պահպանում էին 19-րդ դարի Շուշիի հասարակական, արհեստագործական և մշակութային կյանքը ձևավորած մարդկանց ու համայնքների պատմական վկայությունները։
Caucasus Heritage Watch-ը հրապարակած արբանյակային լուսանկարներով ու ուսումնասիրությամբ փաստում է՝ այս պատմական տարածքն արտացոլում էր 19-րդ դարի Շուշիի բազմաշերտ պատմությունը, տապանաքարերի արձանագրությունները գրված էին հայերեն, ռուսերեն և լատիներեն, գերեզմանատանը թաղված էին տեղի հայ ընտանիքներ, հայտնի ոսկերիչներ, ռուսական կայսրության զինվորականներ, քաղաքացիական ծառայողներ, բժիշկներ։
«Երբ նոր ենթակառուցվածքը բարձրանում է այդ վայրում, գերեզմանատունը, որը ժամանակին կապում էր միջնադարյան հայկական ժառանգությունը, ռուսական կայսերական վարչակազմը և Շուշիի բնակիչների կյանքը, այժմ ասոցացվելու է կեղտաջրերի և անձրևաջրերի մաքրման հետ»,- նշում է կազմակերպությունը։
Բացի այս, Caucasus Heritage Watch-ը գրում է, որ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի արդյունքում Շուշին Ադրբեջանի իրավասությանն անցնելուց ի վեր, CHW-ն փաստաթղթավորել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու, Ղազանչեստոց գերեզմանատան և կերպարվեստի թանգարանի քանդակների այգու ավերածությունները: Փաստաթղթավորել են Երևանի դարպասի գերեզմանատանը, Հյուսիսային գերեզմանատանը և Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցուն հասցված վնասը:
Կազմակերպությունն Ադրբեջանին կոչ անում վերջ դնել ավերումների շրջափուլերին, պահպանել Շուշիի բազմամշակութային պատմությունը, որը ժամանակին այդքան հստակորեն արտացոլված էր քաղաքի հին հայկական և ռուսական գերեզմանատանը։
Միաժամանակ Caucasus Heritage Watch-ը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի առաջին և երկրորդ պատերազմների (1994-2020) միջև ընկած տարիներին ադրբեջանական մշակութային ժառանգության նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ CHW-ի հատուկ հետաքննությունը արձանագրել է քաղաքի մզկիթների նկատմամբ կատարված լուրջ չարաշահումներ: Երբ Շուշին հայկական վերահսկողության տակ էր, ավերվել են Մարդինլի մզկիթը, Հաջի Յուսիֆլի մզկիթը, Ջուլֆալար մզկիթը և Քոչարլի մզկիթը , իսկ մեծ վնաս է հասցվել Ստորին Գովհար աղայի մզկիթին , Չուխուր մահալլա մզկիթին և Խոջա Մարջանլի մզկիթին: Չոլ Գալա մզկիթը կրել է աննշան վնասներ, մինչդեռ Թազա մահալլա մզկիթի և Սաաթլի մզկիթի վերանորոգման աշխատանքները փոխել են դրանց իմաստը:
