«Տարածաշրջանացում»՝ ճնշումների ֆոնին. ի՞նչ է նախատեսում կառավարության հնգամյա ծրագիրը ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և հարևանների հետ հարաբերություններում
ՀՀ կառավարությունը հաստատել է 2026-2031 թվականների իր հնգամյա ծրագիրը, որտեղ արտաքին քաղաքականության առանցքային հայեցակարգ է սահմանվել «հավասարակշռված և հավասարակշռման» ռազմավարությունը։
Ուշագրավ է, որ ծրագրի ընդունումը համընկնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում Հայաստանի ապագայի շուրջ ստեղծված աննախադեպ լարվածության հետ։
Չնայած Կրեմլի պնդումներին, թե Երևանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ԵԱՏՄ-ի և Եվրոպական միության միջև վերջնական կողմնորոշումն տալու համար, ՀՀ կառավարությունն իր ծրագրում վերահաստատում է ԵԱՏՄ շրջանակներում «արդյունավետ համագործակցություն ծավալելու» մտադրությունը՝ շեշտը դնելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ տեղաշարժի վրա։
ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության «սառեցման» վտանգը

Թեև Երևանը հրաժարվում է հանրաքվե անցկացնել ու պնդել, որ դա իր ներքին գործն է ու հանրաքվեի կարիք չկա, ԵԱՏՄ անդամ պետություններն այլ կարծես բարեկամական չեն տրմադրված։ 2026 թվականի մայիսի վերջին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղղղզստանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Միության անդամ երկրներին հանձնարարվել է 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում զեկուցել Հայաստանի մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման (սառեցման) հետևանքների մասին։
Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ Հայաստանի ապագա կողմնորոշման և հնարավոր հանրաքվեի թեման լինելու է Մոսկվայում կայանալիք առաջիկա բարձր մակարդակի բանակցությունների առանցքում։

Ռուսաստանից դեպի «տարածաշրջանացում». քաղաքականության վերափոխում
Կառավարության հնգամյա ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունների բաժինը ձևակերպված է որպես «գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում»։ Ըտս ծրագրի՝ Երևանը փորձում է հարաբերությունները վերակառուցել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների համատեքստում։
Ուշագրավ է ծրագրում տեղ գտած «տարածաշրջանացում» հասկացությունը։ Կառավարությունն ընդգծում է սեփական միջավայրում՝ առանց արտաքին աջակցության ապրելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը։ Այս տրամաբանության մեջ առաջնահերթություն են դառնում.
- Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացումը, սահմանազատումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը։
- Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումն ու առնվազն երկու անցակետերի գործարկումը։
- Իրանի և Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացումը, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների (Հյուսիս-հարավ, Պարսից ծոց–Սև ծով) զարգացումը։
Արևմտյան վեկտորը և ռազմավարական այլ ուղղությունները

Հավասարակշռման քաղաքականության մյուս թևում Արևմուտքի և ասիական ուղղությունների հետ խորացող ինտեգրումն է․
- Եվրոպական միություն. Շարունակվելու են ԵՄ–ի հետ ռազմավարական համագործակցության ոլորտային զարգացումը և ինտեգրումը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկման, ինչպես նաև Եվրոպական միության ժողովրդավարության և օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական, շրջակա միջավայրի, սոցիալական և այլ ոլորտների չափանիշներին Հայաստանի համապատասխանեցման ուղղությամբ՝ 2025 թվականի «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի հիման վրա: Ավարտին է հասցվելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով։
- ԱՄՆ և Ֆրանսիա. ԱՄՆ-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության և TRIPP նախագծի իրագործում, իսկ Ֆրանսիայի հետ՝ 2026 թ. մայիսին ստորագրված հռչակագրի հիման վրա համագործակցության որակական նոր մակարդակ։
- Ասիական ուղղություն. Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացում (2025 թ. օգոստոսի ձեռքբերումների հիման վրա) և Հնդկաստանի հետ պաշտպանական ու տնտեսական ոլորտներում կապերի ընդլայնում։
- Բազմակողմ հարթակներ. Հայաստանը պահպանում է ակտիվությունը ՄԱԿ-ում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդին և քայլեր է ձեռնարկելու Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամակցելու ուղղությամբ։
- Հնդկաստանի հետ գործընկերության խորացում. Շարունակվելու են ակտիվ աշխատանքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ տնտեսական, պաշտպանական, տրանսպորտային, կրթամշակութային, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման և Հայաստան-Հնդկաստան գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
- Այլ ռազմավարական գործընկեր պետությունների հետ հարաբերությունների հետագա խորացում. Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի հետ հաստատված ռազմավարական հարաբերությունները նախանշել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտները, որոնց շուրջ հետագա աշխատանքների իրականացումը կարևոր է Հայաստանի զարգացման համար։ Շարունակվելու են աշխատանքները ռազմավարական գործընկերների թվի և աշխարհագրության ընդլայնման նպատակով։

ՀՀ կառավարության հնգամյա ծրագրում նախանշած արտաքին քաղաքական օրակարգը կարծես թե փորձ է՝ իրականացնելու կամ շարունակելու բազմավեկտոր դիվանագիտությունը, սակայն գործնականում Երևանը բախվում է տնտեսական ու քաղաքական լուրջ ճնշումների։
ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության հնարավոր «սառեցման» շուրջ դեկտեմբերին սպասվող զեկույցին զուգահեռ՝ Մոսկվան արդեն իսկ գործի է դնում տնտեսական ազդեցության լծակները։ Վլադիմիր Պուտինի վերջին ակնարկն այն մասին, որ ԵԱՏՄ-ից դուրս կամ կասեցված կարգավիճակով Հայաստանի համար ռուսական գազի գինը կարող է վերանայվել ու թանկանալ, հստակ ազդակ է քաղաքական ընտրության տնտեսական գնի մասին (ռուսական գազի հնարավոր թանկացումը շղթայական ռեակցիայով կազդի Հայաստանի ողջ տնտեսության վրա):։ Սրան գումարվում են նաև ռուսական շուկայում հայակակն ապրանքների նկատմամբ Մոսկավայից պարբերաբար կիրառվող արտահանման սահմանափակումներն ու վարչարարական արգելքները, որոնք արդեն իսկ հարվածում են տեղական բիզնեսին։
ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության հնարավոր «սառեցման» շուրջ դեկտեմբերին սպասվող զեկույցը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրացիան ԵԱՏՄ-ում և քաղաքական-անվտանգային մերձեցումը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ համատեղելու տարածքը գնալով նեղանում է։ Կառավարության առաջարկած «տարածաշրջանացման» հայեցակարգը գուցե փորձ է՝ նվազեցնելու արտաքին աշխարհաքաղաքական կենտրոններից կախվածությունը, եթե ԵԱՏՄ ուղղությամբ ճգնաժամը խորանա։
Նելլի Բաբայան
Գլխավոր լուսանկարը գեներացվել է արհեսատական բանականության միջոցով
Նորություններ
