Քոչարյանի ընտանիքի հետ կապվող բրենդային խանութը թաքցրել է 9,46 միլիարդ դրամի շրջանառություն․ՊԵԿ | Region

Քոչարյանի ընտանիքի հետ կապվող բրենդային խանութը թաքցրել է 9,46 միլիարդ դրամի շրջանառություն․ՊԵԿ

Սեպտեմբեր 08,2026 14:27

Պետական եկամուտների կոմիտեն  հագուստի առևտրի ոլորտում բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք։ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Երևան քաղաքում՝ թանկարժեք բրենդների պատկանող հագուստի մանրածախ առևտուր իրականացնող ընկերությունը հագուստի վաճառքի մի մասի դիմաց ընդունել է կանխիկ վճարումներ, սակայն չի տրամադրել համապատասխան ՀԴՄ կտրոններ և այդ գործարքներն ամբողջությամբ չի արտացոլել հարկային հաշվարկներում։

Ըստ ՊԵԿ-ի՝ ստացված նյութերի համադրված հետազոտմամբ պարզվել է, որ ընկերությունն իրական իրացման շրջանառությունը հարկային հաշվարկներում շուրջ 9 միլիարդ 460 միլիոն դրամով պակաս է արտացոլել։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հաշվարկվել է նաև պետական բյուջեին պատճառված վնասը, որը գերազանցում է 1 միլիարդ 500 միլիոն դրամը։

Կոմիտեն գործի վերաբերալ տեսանյութ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ հագուստի այդ խանութը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապվող Լա Գալլերիա բրենդային խանութն է։

«Վարչության 15-րդ բաժնի իրականացրած վերլուծության շրջանակում համադրվել են ընկերության հարկային հաշվարկներում արտացոլված տվյալները և գործունեության փաստացի ծավալները բնութագրող մի շարք ցուցանիշներ։ Արձանագրված էական անհամապատասխանությունների հիման վրա ընկերությունը գնահատվել է բարձր ռիսկային, որից հետո իրականացվել են թիրախային և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ընկերությունից ստացվել են ներքին հաշվապահական փաստաթղթեր, ինչպես նաև աշխատանքային համակարգիչներում պահպանվող՝ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալներ»,-նշված է ՊԵԿ հաղորդագրությունում։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանականում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ»,- հայտնում են ՊԵԿ-ից։

 Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին իրավապահները խուզարկություններ և այլ քննչական գործողություններ են իրականացրել Ռոբրետ Քոչարյանի ընտանիքի ու նրանց հետ կապվող մի շարք ընկերություններում, դրանց մեծ մասը կապարակնքվել են, այդ թվում՝ ՊԵԿ-ի նշած Լա Գալլերիա  ն խանութը։ Խուզարկություններից կարճ ժամանակ անց կալանավորվել են Ռոբերտ Քոչարյան ն ու նրա ավագ  որտին՝ Սեդրակ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Սեդրակ Քոչարյանը  կալանավորվել է նույն գործով։

Ըստ իրավապահներին՝ քննությամբ տվյալներ են ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահության տարիներին պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել մի շարք արժեքավոր գույքեր։

Նորություններ