Որքան գումար կտրամադրվի պետական բյուջեից COP17-ի համար
ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) 74 երկրների բարձրաստիճան պատվիրակների մասնակցությունն ապահովելու նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 93.5 միլիոն դրամ։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց համապատասխան որոշումը։
Ըստ նախագծի հիմնավորման՝ ֆինանսավորումն ուղղվելու է «Առավել թույլ զարգացած երկրներից» (LDCs) և «Փոքր կղզի զարգացող պետություններից» (SIDS) նախարարի մակարդակ ունեցող մեկական պատվիրակի ծախսերի փոխհատուցմանը։
Հյուրերը Երևան կժամանեն COP17-ի ծրագրով 2026 թվականի հոկտեմբերի 27–28-ին անցկացվելիք Բարձր մակարդակի հատվածին միանալու համար։ Ամեն պատվիրակի համար հոգացվելու են ավիատոմսի, ինչպես նաև Երևանում առավելագույնը երեք օրվա գործուղման հետ կապված ծախսերը։ Հաշվարկների համաձայն՝ մեկ ավիատոմսի միջին արժեքը նախատեսվել է 2500 դոլար, իսկ ՄԱԿ-ի կողմից Երևանում մեկ օրվա համար սահմանված օրապահիկն ու գիշերակացի գումարը՝ 213 դոլար։ Բացի այդ, ավիատոմսերի արժեքի հնարավոր փոփոխությունների և փոխարժեքային տատանումների ռիսկը ապահովագրելու համար հաշվարկներում ներառվել է 10% չնախատեսված ծախս։
Նորություններ
