Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացվել է ևս երեք ամսով, իսկ կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքը՝ մեկ ամսով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Թևանյանն առաջին անգամ երկու ամսով կալանավորվել էր 2026 թվականի մայիսի 23-ին։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հատկանիշներով։ Թևանյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը։
Հուլիսի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Թևանյանի նախնական կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը։ Նրա փաստաբանական թիմը հայտարարել էր, որ մտադիր է որոշումը վիճարկել Վճռաբեկ դատարանում։
Քննչական կոմիտեի ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ վարույթը նախաձեռնվել է ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա։ ՔԿ-ն պնդում է, որ Թևանյանը 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և 622 հազար ԱՄՆ դոլարի դիմաց փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ կապված 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում անցկացված փակ, գաղտնի լսումների հետ։
Քրեական վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով։
Նորություններ
