«Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, հաշտության հնարավորությունը կվերացվի։ Ապօրինի ձեռքբերված կոշիկից սկսած վերցնելու ենք»․Փաշինյան
«Ասել եմ՝ դատաիրավական համակարգում պրոբլեմ կա: Ես ասում եմ,որ այս գործերը, որ կան, որ մի հատ էլ կապում են քաղաքական պրոցեսների հետ, ինչ է, սա նո՞ր գործեր են: Այսինքն, նո՞ր իմացանք, որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է, կամ միլիոնատեր, չգիտեմ։ Կամ Գագիկ Խաչատրյանը, որ միլիարդատեր է, այսինքն ինչ-որ մեկը մտածում է, որ մենք ուղղակի այդ փաստի հետ այսպես նայելու ենք, ասելու ենք՝ առողջական վիճակ, բան, հա՞․․․այդ մարդիկ երկու մի ամիս առաջ տուռնիկի վրա շատ լավ պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են արդեն մահամերձ։ Էս ինչ տրամաբանություն է։ Մահամերձ են, ընտրությունների ժամանակ ասեին՝ մահամերձ են»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ մշտապես հայտարարում եք, որ դատարաններում թալանչիների հետ կապված խնդիր կա, որովհետև հենց գործը հասնում է դատարան, ձգձգվում է և այլն, արդյոք խնդիր չկա՞ նախաքննություն իրականացնող մարմիններնում։
Փաշինյանը հեգնեց՝ մի փոքր, շատ փոքր բան է տեղի ունենում օպերատիվ օղակում, մի շատ փոքր բան՝ քննչական օղակում, մի շատ փոքր բան՝ դատախազական օղակում, մի շատ փոքր բան էլ տեղի է ունենում դատավարական օղակում, ասում են՝ դե, գիտեք ինչ, այս գործը քանի որ օրենսդրության 1867-րդ հոդվածի չորրորդ կետի հինգերորդ նախադասությունը թարս էդ դրած, ասում են՝ բա անմեղության կանխավարկածը․« Այսինքն այս երկրում անմեղության կանխավարկածից օգտվում են Գագիկ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը և այլն, և այլն: Բա գնանք մի հատ բան անենք, նայենք ասենք մի խեղճ ու կրակ մարդու հետ այդ նույն ձևով վարվում են»:
«Ես մեր դատաիրավական համակարգի առաջ շատ լուրջ խնդիր խնդիր եմ դրել։ Ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտընձգությունների գործերը պատշաճ չեն քննվում, չեն քննվում, գիտեք ինչի, որովհետև մեծ հավանականությամբ այդպիսի դեպք տեղի է ունենում երեխեքի հետ, ովքեր ամուր սոցիալական թիկունք չունեն։ Ես, այո, մեծ պրոբլեմ եմ տեսնում այդտեղ ու այս ամպլիտուդը ցույց է տալիս մեր իրականությունը։ Դրա քաղաքական պատասխանատուն ես եմ, երբ որ ուզում ենք դրա քաղաքական պատասխանատվությունը կրենք, ասում են՝ բա մի րոպե, բա անկախությունը․․․այսինքն դատարանի անկախությունը թալանչու օգտին և ընդդեմ բռնաբարված երեխեքի՞ է։ Ո՞նց կարող է այդպիսի բանը լինի: Ես խնդրել եմ գլխավոր դատախազին, ասել եմ ինչքան կարճված գործեր կան սեռական ոտնձգության վերջին 10 տարում, 15 տարում անչափահասների նկատմամբ, հանեք անձամբ բոլոր գործերը նայեք, որովհետև ես գնում եմ գյուղեր, մարդիկ բաներ են պատմում, ես չգիտեմ, գետինն եմ մտնում, ո՞նց կարող է այդպենսի բան լինի ընդհանրապես։ Ընդ որում, դեպքեր, որոնց մասին ամբողջ գյուղը գիտի, բնակավայրերը ամբողջը գիտեն և էլի գնացել է, պտտվել է, դե գիտեք ոնց որ օրենքի այս ինչ բան կամ փորձաքննություն է, 2076 թվին փորձաքննության արդյունքները կլինեն։ Շատ լավ, անկախ են, բայց դրա քաղաքական պատասխանատվությունն իմն է»,-ասաց Փաշինյանը։
Շարունակելով, նա անդրադարձավ կրկին Գագիկ Խաչատրյանին ու Ռոբերտ Քոչարյանին․«Ես ասում եմ՝ քաղաքական պատասխանատվությունն այն է՝ Խաչատրյան Գագիկը երբ որ լինի ազատության մեջ, երբ որ սիմուլյանտություն պետք չլինի, ինքը ոչ միայն կքայլի, այլև կվազի, վազելով պիտի գնա նայի՝ իր թոշակը նստել է, թե չի նստել: Նույնը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին։ Ասում են՝ ինքը ո՞վ է որ պետք է որոշի թոշակով պիտի ապրեմ։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ՝ ընտրված ժողովրդի կողմից և ձեզ ասում եմ՝ հատիկ-հատիկ պիտի վերադարձնեք, հատիկ-հատիկ»։
Նա հիշեցրեց, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման համակարգով կա կարգավորում, որ հաշտության դեպքում 25%-ը մնում է, 75%-ը վերադարձվում։ Փաշինյանը հայտնեց, որ հանձնարարել է այդ կարգավորումը վերացնել․«Այլևս չկա 25% առհասարակ, առհասարակ։ Չպիտի լինի, տվել ենք այդ շանսը, ութ տարի չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի, 100%-ը պետք է վերադարձնեն։ Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն և ադ հաշտության հնարավորությունը կվերացվի։ Այսինքն ապօրինի ձեռքբերված կոշիկից սկսած վերցնելու ենք»։
