Դրամատիկ հաղթանակ վերջին վայրկյաններին. Գևորգ Թադևոսյանը նվաճեց ԱԱ-ի բրոնզե մեդալը | Region

Դրամատիկ հաղթանակ վերջին վայրկյաններին. Գևորգ Թադևոսյանը նվաճեց ԱԱ-ի բրոնզե մեդալը

Հոկտեմբեր 27,2026 21:28

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը։

 

​Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 4-1 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովի նկատմամբ։ Գոտեմարտն ունեցել է դրամատիկ հանգուցալուծում. Թադևոսյանը հաղթանակը պոկել է վերջին վայրկյաններին պահանջած «չելենջի» (տեսակրկնության) շնորհիվ։ Նշենք, որ պարտությունից հետո ուկրաինացի ըմբիշը հրաժարվել է շնորհավորել Գևորգին։ Սա Թադևոսյանի կարիերայում առաջին մեդալն է մեծահասակների մրցաշարերում, ընդ որում՝ միանգամից աշխարհի առաջնությունում։

​Բրոնզե մեդալի համար այսօր գորգ էր դուրս եկել նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Նրա մրցակիցը Օլիմպիական խաղերի չեմպիոն, Կուբան ներկայացնող Լուիս Օրտա Սանչեսն էր։ Լարված պայքարում Գալստյանը զիջել է 6-10 հաշվով և, ցավոք, զրկվել մեդալից։

​Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտում է երկու մեդալով՝ մեկ ոսկե և մեկ բրոնզե։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 63 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Կարեն Ասլանյանը, որը եզրափակիչում փայլուն գոտեմարտ էր անցկացրել և 8-4 հաշվով տապալել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամեդլիին։

Նորություններ