«Բաքվում տպավորություն է ստեղծվում, որ եթե Մոսկվան զիջումների է գնում, կարելի է շարունակել ճնշում գործադրել և նոր պահանջներ ներկայացնել» | Region

«Բաքվում տպավորություն է ստեղծվում, որ եթե Մոսկվան զիջումների է գնում, կարելի է շարունակել ճնշում գործադրել և նոր պահանջներ ներկայացնել»

Օգոստոս 21,2026 16:14

«Բանն այն է, որ այս տարածաշրջանում Ադրբեջանը Մոսկվայի հիմնական տարածաշրջանային հակառակորդն է։ Այսպես ասենք՝ ոչ գլոբալ, ինչպես Թուրքիան, այլ տարածաշրջանային՝ այդ թվում էներգակիրների մատակարարման և ազդեցության ոլորտներում։ Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ՝ որտե՞ղ է Մոսկվան, որտեղ՝ Բաքուն։ Սակայն իրականում այդպես է, և ներկայումս շատ ակտիվ մրցակցություն է ընթանում Հայաստանի վրա ազդեցություն ունենալու համար, և, բնականաբար, Բաքուն միայնակ չի գործում։ Ներկայիս ամբողջ իրավիճակը մեծապես կառուցված է հենց այս ամենի շուրջ»,- Regions TV-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացումը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 17-ին Ռուսաստանը Ադրբեջան է արտաքսել Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Բախտիյար Հասանովին։ Նրան երկրից արտաքսելու պատճառը, ըստ տեղեկությունների, հատուկ ծառայությունների կողմից ներկայացված բազմաթիվ մեղադրանքներն են։ Հասարակական գործչի պաշտոնական կարգավիճակի հետևում, ըստ իրավապահների, թաքնված են եղել ապօրինի միգրացիայի հովանավորչությունը, կեղծ ապրանքների վաճառքի սխեմաներին մասնակցելը և ազգային հողի վրա համակարգված սադրանքներ կազմակերպելը։

Սփյուռքի ղեկավարի արտաքսումից անմիջապես հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության միջնորդությամբ երեք ռուս լրագրող-քաղաքագետներ հեռակա կարգով կալանավորվել են՝ «ահաբեկչության կոչերի, երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու և ազգային թշնամանք հրահրելու» մեղադրանքով։ Նրանք են քաղաքագետ Սեմյոն Ուրալովը, «Մոսկվա 24»-ի հաղորդավար Իվան Կնյազևը և ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը։ Բաքուն պաշտոնապես նրանց նկատմամբ հետախուզման գործընթաց է սկսել Ինտերպոլի ուղիներով։

Հրանտ Միքայելյան

Ադրբեջանի իրավապահ մարմինների պնդմամբ՝ հուլիսի 14-ին Ուրալովի YouTube-յան «Чистота понимания» հաղորդման ընթացքում երեք ռուսաստանցիները կոչ են արել տապալել հանրապետության սահմանադրական կարգը, խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ազգային թշնամանք հրահրել։ Բացի այդ, Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ օգոստոսի 13-ի եթերում նրանք խոսել են «Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ բռնի մեթոդներ կիրառելու» մասին, այդ թվում՝ որոշ անձանց ֆիզիկական ոչնչացման սպառնալիքով պահելու և նրանց նպատակաուղղված սպանելու վերաբերյալ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր են արել ։

Օգոստոսի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Նրան վճռական բողոք է ներկայացվել՝ կապված վերջին շրջանում Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցներում և տեղեկատվական դաշտում հնչած «սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների» հետ։

Նույն օրը հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի Մամուլի խորհուրդը։ Հայտարարությունում նշվում է, որ ռուսական որոշ լրատվամիջոցներում Ադրբեջանի պետության, ժողովրդի, երկրի ղեկավարության և նրա նշանավոր գործիչների հասցեին տարածվում են «անպարկեշտ, վիրավորական և սպառնալիքներ պարունակող նյութեր և հայտարարություններ»։

Իր հերթին, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիների մասնավոր կարծիքները չեն արտացոլում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։ Նա նաև նշել է Ադրբեջանի մեդիադաշտում «ոչ բարեկամական նարատիվների» առկայության մասին և առաջարկել համապատասխան մասնագիտական խորհրդակցություններ անցկացնել։ Ռուսական փորձագիտական հանրությունը արդեն իսկ խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշումը՝ այն համարելով պետական շահերին հակասող։

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Հրանտ Միքայելյանը երկարատև հակամարտություն է տեսնում։ Նրա կարծիքով՝ Մոսկվայի ձեռքերը ներկայումս կապված են, քանի որ նա ունի բազմաթիվ գլոբալ հակառակորդներ, և այդ պայմաններում Բաքուն ավելի մեծ ազատություն է ստանում գործելու համար։

«Դրա շնորհիվ Ադրբեջանն այսօր, ըստ էության, առավելություններ ունի, առնվազն այդպես է կարծում Ադրբեջանի ղեկավարությունը։ Բաքուն գործում է՝ ելնելով այն մոտեցումից, որ առավելություն ունի, և Ռուսաստանը պետք է հաշվի նստի դրա հետ։ Արդյունքում նրանք գործում են շատ ինքնավստահ, անզուսպ, ագրեսիվ և ճնշող ձևով, և դա մշտապես բախումների պատճառ է դառնում։ Օրինակ՝ 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը։ Դա զուտ քաղաքական հարց էր՝ սեփական գերիշխանությունը ցուցադրելու նպատակով։ Չնայած Մոսկվայի բազմակի ներողություններին՝ Ադրբեջանը շարունակեց նոր պահանջներ ներկայացնել և ուժեղացնել ճնշումը։ Մոսկվան վաղուց քաղաքական բանակցություններ է վարում Բաքվի հետ, այդ թվում՝ Հայաստանի հաշվին։ Եվ սա Մոսկվայում ընդունված քաղաքական որոշումների բնական հետևանքն է»,- նշեց քաղաքագետը։

Միքայելյանի կարծիքով՝ Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը բացարձակապես անհիմն է։ Նա նշել է, որ ռուս որոշ լրագրողներ և խոսնակներ եթերում պարզապես իրենց կարծիքն են հայտնել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։

«Եթե Ռուսաստանը սկսի արձագանքել ադրբեջանական մամուլում Ռուսաստանի դեմ ուղղված յուրաքանչյուր հայտարարության, որը հաճախ անմիջականորեն նախաձեռնվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, ի՞նչ կլինի այդ դեպքում։ Ադրբեջանում հակառուսական արշավը չի դադարում, սակայն հենց որ ռուս փորձագետները կամ լրագրողները համարձակվում են արտահայտվել Ադրբեջանի դիրքորոշման դեմ, անմիջապես կտրուկ արձագանք է հետևում։ Սա վկայում է Ադրբեջանի՝ իր գերիշխանությունն ու ուժը ցուցադրելու ձգտման մասին, և նշանակում է, որ Բաքուն հակամարտություն է փնտրում Մոսկվայի հետ։ Ըստ էության, Բաքուն բառացիորեն առիթներ է փնտրում կամ ստեղծում այնտեղ, որտեղ դրանք նույնիսկ չկան։ Ահա այսպիսին է իրավիճակը։ Եվ դա, անկասկած, Ադրբեջանի ղեկավարության բացարձակապես ոչ ադեկվատ դիրքորոշումն ու գործողություններն են»,- ընդգծեց Միքայելյանը։

Նա հավելել է, որ Բաքվում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե եթե Մոսկվան զիջումների է գնում, կարելի է շարունակել ճնշում գործադրել և նոր պահանջներ ներկայացնել։ Միքայելյանը նշել է, որ Ադրբեջանում բռնապետություն է, ոչ ոք չի կարող ազատորեն խոսել, և այդ պատճառով այնտեղ կարծում են, թե իրենց բռնապետական համակարգը պետք է «արտահանել» նաև Ինտերպոլի միջոցով։

Նա ընդգծել է, որ Ինտերպոլը չի մասնակցի քաղաքական հետապնդումներին և, որպես իրական հանցավորության դեմ պայքարի համար ստեղծված միջազգային կառույց, չպետք է վերածվի բռնաճնշումների գործիքի։

Անդրադառնալով այն վերլուծաբանների կարծիքներին, որոնց համաձայն Ադրբեջանի քաղաքականության նկատելի միտումներից մեկը տարածաշրջանում Ուկրաինայի ուղղությամբ ակտիվացումն է, Հրանտ Միքայելյանը նշեց, որ Ուկրաինան ընդամենը ցուցադրական գործողությունների դաշտ է։

«Ակնհայտ է, որ Մոսկվայից ավելի անկախ քաղաքականություն վարելով և հարաբերություններն ամրապնդելով ոչ միայն հարևանների, ԵՄ-ի և ԱՄՆ-ի, այլ հատկապես Ուկրաինայի հետ, Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է Արևմուտքին ցույց տալ, որ փորձում է հարմարվել Արևմուտքի համար ընդունելի քաղաքականությանը։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկանում փոխզիջման գնալ ժողովրդավարության և մարդու իրավունքների, ինչպես նաև Արցախ վերադարձող հայ փախստականների հարցերում։ Քանի որ այս գործոնները Արևմուտքում Բաքվի նկատմամբ բավականին քննադատական մթնոլորտ են ստեղծում, Ադրբեջանը փորձում է դա փոխհատուցել հակառուսական քաղաքականությամբ։ Այն փաստը, որ Ադրբեջանին դա հաջողվել է, հստակ ցույց է տալիս Մոսկվայի դիրքերի թուլությունը»,- ավելացրեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում կարևոր է, որպեսզի Ռուսաստանի ղեկավարությունը հաստատակամություն և հետևողականություն ցուցաբերի սեփական շահերը պաշտպանելու հարցում, և հետագա սրացման դեպքում Ռուսաստանը, համաչափության սկզբունքից ելնելով, ճիշտ կվարվեր՝ Ադրբեջանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ և այլ միջոցներ կիրառելով։

«Հաշվի առնելով, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում պատժամիջոցները շրջանցելու գործում, հնարավոր է՝ Ռուսաստանը նման քայլերի չդիմի։ Ըստ էության, պետք է ասել, որ Ռուսաստանի քաղաքականությունը փակուղի է մտել։ Այս ամենը ցույց է տալիս Կրեմլի քաղաքական գծի ներկայիս լիակատար սնանկությունը։ Եթե Ռուսաստանում պատրաստակամություն չկա վերանայելու Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքական գիծը, ապա այն ոչ միայն կկորցնի ազդեցությունը Հարավային Կովկասում, այլև կկորցնի այստեղ գործելու հնարավորությունը։

Սա առաջին հերթին հնարավոր է այն դեպքում, եթե Ռուսաստանը չկարողանա տարբերել բարեկամներին հակառակորդներից, չկարողանա Ուկրաինայից բացի առաջնահերթություն տալ նաև այլ հարցերի, որովհետև եթե այդ պատերազմը շարունակվի անվերջ, տարածաշրջանում հնարավոր է կորցնել բոլոր կապերը։ Հիմա դա տեղի է ունենում Հայաստանում։ Իսկ ռուսական գործընկերների և պայմանական դաշնակիցների կողմից մենք մշտապես լսել ենք, թե Հայաստանն անհրաժեշտ է, և այն ոչ մի տեղ չի գնա։ Նույնը հիմա տեսնում ենք Ադրբեջանի դեպքում»։

«Ռուսաստանում կարծում էին, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու համար կարելի է Հայաստանի հաշվին առևտուր անել։ Ահա այդ քաղաքականության արդյունքը։ Այժմ կամ Ռուսաստանը լիարժեք վերանայում կկատարի Հարավային Կովկասի և, մասնավորապես, Ադրբեջանի նկատմամբ իր քաղաքականության մեջ, կամ այս բոլոր միտումներն առավելագույնս հեռուն կգնան և կհանգեցնեն տրամաբանական արդյունքի, երբ Ադրբեջանը վերջնականապես կգործի որպես Ռուսաստանի հակառակորդ, ինչը, ըստ էության, հենց սկզբից էլ եղել է»,- հայտարարեց  Հրանտ Միքայելյանը։

Զաբելա Ավագյան           

Նորություններ