«Սա պատերազմ է մեր ապագայի համար»․Ջրբաշյանը PISA 2025-ի ահազանգող արդյունքներից հետո առաջարկում է կրթության ոլորտում հայտարարել արտակարգ ռեժիմ | Region

«Սա պատերազմ է մեր ապագայի համար»․Ջրբաշյանը PISA 2025-ի ահազանգող արդյունքներից հետո առաջարկում է կրթության ոլորտում հայտարարել արտակարգ ռեժիմ

Սեպտեմբեր 09,2026 15:44

«Կրթության ոլորտում արտակարգ ռեժիմ է պետք։ PISA 2025-ի արդյունքներից հետո, կարծում եմ, պետք է ընդունենք մի պարզ բան․ խնդրի մասշտաբն այլևս չի համապատասխանում մեր արձագանքի արագությանը»,-պնդում է տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։ Նա սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ անդրադառնալով PISA 2025-ի հետազոտության արդյունքներին, որն արտացոլում է Հայաստանի աշակերտների կրթական մակարդակը։

«Երբ 15-ամյա երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին, իսկ մի շարք կարևոր կարողություններով Հայաստանը միջազգային համեմատություններում հայտնվում է ամենացածր դիրքերում, սովորական տեմպով բարեփոխումները բավարար չեն»,-գրել է տնտեսագետը։

Նա մի շարք առաջարկություններ է ներկայացրել կառավարությանը՝

  1. Կրթությունը հայտարարել ազգային արտակարգ առաջնահերթություն և 3–5 տարով սահմանել հատուկ կառավարման ռեժիմ։
  2. Ստեղծել վարչապետի մակարդակով Կրթական բարեփոխումների ազգային շտաբ՝ Կառավարության, Հայաստանի լավագույն մասնագետների և միջազգային բարձրակարգ փորձագետների մասնակցությամբ։ Այն պետք է ունենա ոչ թե խորհրդատվական, այլ որոշումների մշակման, համակարգման և դրանց կատարմանը հետևելու իրական գործառույթ։
  3. Կրթության նախարարին հատուկ օրենքով տրամադրել լայն, բայց ժամանակավոր և հստակ սահմանված լիազորություններ։ Այն ընթացակարգերը, համաձայնեցման մեխանիզմները և ինստիտուցիոնալ սահմանափակումները, որոնք սովորական կառավարման պայմաններում անհրաժեշտ են համակարգի հավասարակշռության, վերահսկողության և կայունության համար, արտակարգ ռեժիմի ընթացքում ժամանակավորապես պարզեցնել կամ փոխարինել արագացված ընթացակարգերով։ Արտակարգ ռեժիմի իմաստը հակակշիռները վերացնելը չէ, այլ սովորական պայմանների համար ստեղծված մեխանիզմները ժամանակավորապես հարմարեցնել արտակարգ արագության պահանջին։Միաժամանակ պետք է պահպանվեն ֆինանսական թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը և խորհրդարանական վերահսկողությունը։ Հատուկ լիազորությունները պետք է ունենան հստակ ժամկետ և ծրագրի ավարտին ինքնաբերաբար դադարեն գործել։
  4. Ստեղծել նաև Ազգային կրթական հիմնադրամ՝ պետական ֆինանսավորմանը մասնավոր հատվածի, Սփյուռքի, միջազգային կազմակերպությունների և բարեգործական կապիտալի միջոցները միացնելու համար։ Կրթության մեջ նման ներդրումների համար սահմանել հատուկ հարկային և վարչարարական խթաններ, իսկ առաջնահերթ ծրագրերի դեպքում կիրառել նաև պետական matching financing։ Հիմնադրամը պետք է ունենա անկախ կառավարում, միջազգային աուդիտ և ամբողջական հրապարակային հաշվետվողականություն։
  5. Եվ այս ամբողջ համակարգի հիմքում դնել մի սկզբունք՝ փոխել այն, թե ինչով ենք չափում կրթական քաղաքականության հաջողությունը։
  6. Պետք է սահմանել ազգային չափելի թիրախներ՝ 2028 և 2031 թվականների համար՝ ֆունկցիոնալ ընթերցանություն, մաթեմատիկական և բնագիտական կարողություններ, problem solving, բազային մակարդակից ցածր երեխաների մասնաբաժին և բարձր արդյունք ունեցողների մասնաբաժին։
  7. Արդյունքները չափել ոչ միայն հերթական PISA-ի ժամանակ։ Պետք է ստեղծել ազգային պարբերական գնահատման համակարգ, որը թույլ կտա ամեն տարի տեսնել՝ որտեղ ենք առաջ գնում, որտեղ՝ ոչ, և համապատասխանաբար փոխել քաղաքականությունը։

«Արտակարգ ռեժիմը պետք է նշանակի ոչ միայն ավելի արագ որոշումներ և ավելի շատ ռեսուրս, այլ նաև շատ ավելի բարձր պատասխանատվություն արդյունքի համար։  Հիմա մեզ պետք չէ պարզապես ևս մեկ կրթական ծրագիր։ Մեզ պետք է ազգային մոբիլիզացիա՝ հատուկ կառավարման ռեժիմով, բավարար ռեսուրսով, ուժեղ մասնագիտական մասնակցությամբ և ամենակարևորը՝ հստակ չափելի արդյունքով»,-գրել է Ջրբաշյանը։

«Սա պատերազմ է մեր ապագայի համար։ Եվ այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք։ Այս պատերազմում որոշվում է Հայաստանի ապագան։ Սա պարզապես կրթական բարեփոխում չէ։ Սա պատերազմ է այն բանի համար, թե ինչպիսի երկիր ենք ունենալու 10, 20, 30 տարի հետո»,-հայտարարել է նա, ու առաջարկել՝ եթե դրա համար անհրաժեշտ է ներգրավել լրացուցիչ միջազգային վարկային ռեսուրսներ՝ պետք է ներգրավել, եթե պետք է արմատապես վերանայել պետական բյուջեի ծախսային առաջնահերթությունները՝ պետք է վերանայել։

 Հիշեցնենք, որ Ջրբաշյանը երեկ ևս գրառում էր  արել PISA-ի արդյունքների վերաբերյալ, նշելով՝  PISA-ն ՏՀԶԿ-ի միջազգային հետազոտությունն է, որը գնահատում է ոչ այնքան այն, թե ինչ գիտեն 15-ամյա երեխաները դպրոցական ծրագրից, որքան այն, թե որքանով են նրանք կարողանում իրենց գիտելիքը կիրառել իրական իրավիճակներում՝ հասկանալ տեքստը, մտածել, վերլուծել և խնդիրներ լուծել։

Ջրբաշյանը վերլուծել է արդյունքներն ու ներկայացրել դրանք՝ ըստ PISA 2025-ի արդյունքների առաջին հատորի՝ մեր 15-ամյա երեխաներից նվազագույն՝ երկրորդ բազային մակարդակին հասնում են՝

մաթեմատիկայից՝ 28%-ը,

բնագիտությունից՝ 28%-ը,

ընթերցանությունից՝ ընդամենը 19%-ը։

Այսինքն՝ մեր 15-ամյա երեխաներից 5-ից 4-ը չեն հասնում նույնիսկ ֆունկցիոնալ ընթերցանության բազային մակարդակին։

Եվ խնդիրը միայն ՏՀԶԿ երկրների հետ համեմատությունը չէ։ Նույն զեկույցի տվյալներով՝ ընթերցանության բազային մակարդակին հասնում են Վրաստանում՝ 39%-ը, Ղազախստանում՝ 36%-ը, Ադրբեջանում՝ 35%-ը։ Հայաստանում՝ 19%-ը։

Ճիշտ է, ընդհանուր միջազգային ֆոնը նույնպես մտահոգիչ է. 2022–2025-ին ՏՀԶԿ երկրներում ընթերցանության և մաթեմատիկայի արդյունքները շարունակել են նվազել, մինչդեռ բնագիտության միջին արդյունքը համեմատաբար կայուն է մնացել։ Բայց այս ընդհանուր անկումը չի բացատրում Հայաստանի զգալի հետ մնալը տարածաշրջանի համեմատելի երկրներից։

Մաթեմատիկայի պատկերն առանձին ուշադրության է արժանի։ TIMSS 2023-ի միջազգային արդյունքներով՝ մեր 4-րդ դասարանցիների արդյունքը մաթեմատիկայից 513 միավոր էր՝ 502 միջազգային միջինի դիմաց, ավելի բարձր, քան Վրաստանինը (498), Ադրբեջանինը (494) և Ղազախստանինը (487)։ PISA 2025-ում՝ 15 տարեկանների շրջանում, Հայաստանն արդեն ցածր է բոլոր երեքից։

Կարևոր վերապահում. TIMSS 2023-ի 4-րդ դասարանցիները և PISA 2025-ի 15-ամյա մասնակիցները տարբեր սերունդներ են։ Հետևաբար այս համեմատությունը չի ապացուցում, որ նույն երեխաների արդյունքը վատացել է 4-րդ դասարանից հետո։ Բայց այն չափազանց լուրջ հարց է առաջացնում՝ որտե՞ղ և ինչո՞ւ է մեր կրթական համակարգում կորչում այն համեմատական առավելությունը, որն ունենք տարրական դպրոցում։

Բնագիտության դեպքում մեկնարկային պատկերն արդեն ավելի թույլ է. TIMSS 2023-ում Հայաստանը ստացել է 457 միավոր՝ 494 միջազգային միջինի դիմաց։ Այսինքն՝ բնագիտական գիտելիքների խնդրի առնվազն մի մասը տեսանելի է արդեն տարրական դպրոցում։

Եվ ևս մեկ թիվ, որն ուղիղ առնչվում է մեր տնտեսական օրակարգին։ Հաշվողական խնդիրների լուծման (computational problem solving) Հայաստանի արդյունքը 42 միավորով ցածր է այն մակարդակից, որն ակնկալվում էր մեր իսկ բնագիտության արդյունքից ելնելով։ Ավելի մեծ բաց ունեն միայն Քենիան, Ուզբեկստանը և Ադրբեջանը։

Կարելի է որքան ուզենք խոսել AI-ի, high-tech-ի, engineering-ի և արտադրողականության աճի մասին։ Բայց առանց համապատասխան մարդկային կապիտալի այս ամենը կմնա ծրագրերի մակարդակում։

Այստեղ անհրաժեշտ է Կառավարության անհապաղ արձագանքը։ Պետք է հիմա հասկանալ, թե կրթական շղթայի հատկապես ո՛ր հատվածում և ինչո՛ւ ենք կորցնում արդյունքը, սահմանել չափելի նպատակներ և հրապարակային հետևել դրանց։

Որովհետև անգործության գինը PISA-ում վատ տեղը չէ։ Գինը Հայաստանի կորցրած տնտեսական աճն ու մրցունակությունն է՝ գալիք տասնամյակների համար։

 

Նորություններ