Գյումրիից ռազմաբազան դուրս բերելու Պուտինի ակնարկն ու երկաթուղու կռիվը. Մոսկվան փորձում է պահել լծակները | Region

Գյումրիից ռազմաբազան դուրս բերելու Պուտինի ակնարկն ու երկաթուղու կռիվը. Մոսկվան փորձում է պահել լծակները

Սեպտեմբեր 02,2026 21:01

Բիշքեկում Փաշինյան–Պուտին երեկվա հանդիպումից հետո Պուտինի հրապարակային հայտարարությունները բավական լայն շրջանակ ընդգրկեցին՝ Ղարաբաղից մինչև ԵՄ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և Գյումրիի ռուսական ռազմաբազա, երկաթուղիներ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ ուշագրավ էր նաև այն միտքը, որ եթե Հայաստանը համարում է, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, Ռուսաստանը կարող է հեռանալ թեկուզ վաղը։ Միաժամանակ Պուտինը հարց է բարձրացրել՝ «Հայաստանը պատրա՞ստ է դրան»։

Սա իրականում պատրաստակամությո՞ւն է վերանայելու ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում, թե՞ քաղաքական ուղերձ է ՀՀ  իշխանություններին։

RegionsTV-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը գտնում է՝ Պուտինը ՀՀ իշխանության մտադրություններն է փորձում շոշափել։

Վարդանյանը վստահ է՝ Ռոսաստանը որևէ կերպ չի ցանկանում այստեղից իր ռազմաբազան դուրս բերել։
Նա նաև հիշեցնում է՝ տարիներ առաջ, երբ Պուտինը ժամանել էր Գյումրի, հայտարարել էր՝ «մենք այստեղից երբեք դուրս չենք գա»։ Ուստի, ըստ Վարդանյանի, ակնհայտ է, որ Մոսկվան նպատակ չունի իր ռազմաբազան դուրս հանել։

Իսկ ո՞րն է ՀՀ իշխանության նպատակը կապված ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ։ Վարդանյանը վստահ է՝  Հայաստանի իշխանություններն այս պահին ռուսական ռազմական ներկայությունից ազատվելու խնդիր չեն դրել իրենց առջև, չկա նման նպատակ։

«Այս փուլում Հայաստանը գնում է ՌԴ-ից կախվածությունների թուլացմանը կամ չեզոքացմանը։ Հիմա երկաթուղու հարցն է փորձում լուծել, արտահանման նոր շուկաներ է փորձում գտնել,  ռուսական շուկան այլ շուկաներով փոխարինելու հարցն է դրված։ Միանգամից այսքան խնդիրների հետ պետք չէ մի հատ էլ նոր խնդիր ստեղծել, մանավանդ, որ հիմա ակտուալ չէ»,-վստահեցնում է քաղաքագետը։

Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության հիմնական պատճառներից մեկը «Հարավկովկասյան երկաթուղիների» խնդիրն է։

Երեկ Պուտինը հատուկ ընդգծել է  Հայաստանի երկաթուղին, որը կառավարվում է ռուսական ընկերության կողմից։ «Աստված տա՝ պատերազմական իրավիճակի ավարտից հետո ամեն ինչ այլ կերպ զարգանա, բացվի Թուրքիայի հետ սահմանը, մյուս ուղղությունները, և գուցե բեռնահոսք առաջանա։ Եթե առաջանա, այդ ներդրումները կարող է անել ցանկացած մեկը, Ռուսաստանն էլ կարող է անել»,-ասել է Պուտինը։

ՀՀ-ն ցանկանում է ՌԴ-ից վերցնել կոնցեսիոն կառավարումը, որն ավարտվելու է 2038 թվականին։ Հիմա, երբ ԹՐԻՓՓ նախագիծը պետք է գործարկվի, ու երկաթուղային ցանց պետք է աշխատի, խնդիր է առաջանում։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առրտրի նախարար Արարատ Միրզոյանն օրերս հայտարարել է՝ « տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը Հայաստանի համար պատմական հնարավորություն է ստեղծում դառնալու Արևելքը և Արևմուտքը կապող բեռնափոխադրումների կարևոր օղակներից մեկը։ Սակայն հնարավոր գործընկերներից մի քանիսի համար խոչընդոտ է այն հանգամանքը, որ Հայաստանի երկաթուղային ցանցը գտնվում է ռուսական կողմի կոնցեսիոն կառավարման ներքո»։ Նախարարը հայտնել է, որ ՌԴ-ին առաջարկել են իրավունքները վաճառել որևէ երրորդ կողմի, որն ընդունելի կլինի և՛ ՀՀ-ի և ՌԴ-ի համար, օրինակ՝ Ղազախստանին։

Իհարկե, Կրեմլը ցանկություն չունի դուրս գալու տարածաշրջանից ու առավելևս տարածաշրջանային ծրագրերից, ուստի լուրջ դիմադրություն է ցույց տալիս։ Ի՞նչ զարգացումների սպասել, արդյոք ՀՀ-ն կգնա արբիտրաժային դատարան։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ դժար թե պաշտոնական Երևանի արբիտրաժով հարցը լուծի։

Վարդանյանի կարծիքով՝ Ռուսաստանն այդ երկաթուղին չի վերցրել, որ ներրում անի, զարգացնի, վերցրել է, որ չզարգացնի, որպեսզի ՀՀ-ն մնա շրջափակված, ենթակառուցվաքծները թույլ զարգացած լինեն ու  Հայաստանը մնա միշտ փակ ու խոցելի, որպեսզի հեշտությամբ ենթարկվի ճնշումների։  Նա հիշեցնում է՝ Փաշինյանի կառավարման առաջին տարիներին թեթև ստուգումներ արեցին «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում, պարզվեց որ մի մի քանի տասնյակ միլիոն դոլարի չարաշահում է եղել, փող էին լվանում։

«ՌԴ-ն չի համաձայնվի զիջել կոնցեսիայի իրավունքը, որն իր համար նախ քաղաքական լծակ է, այն նույնիսկ տնտեսական մեծ օգուտ չի էլ բերում»,-ասում է քաղաքագետը։

Արբիտրաժային դատարան գնալն էլ ճիշտ չէ, գործը տարիներով կքննեն։

«ՀՀ իշխանությունը կարող է ուղղակի գերակա ոլորտ հռչակել, վերցնել կառավարման իրավունքը։ Սա տարբերակ է։ Բայց այդ դեպքում ռուսները կգնան արբիտրաժային դատարան։ Կան հնարավորություններ։ Ուղղակի քաղաքական հարց է, սա բերելու է հարաբերությունների է՛լ ավելի վատթարացմանը, Մոսկվայի հակաքայլերին, ինչից փորձում է խուսափել ՀՀ իշխանսությունը»,-նկատում է Վարդանյանը։

Այս փուլում պաշտոնական Երևանն, ըստ քաղաքագետի, փորձում է Մոսկվային համոզել, որ կոնցեսիոն կառավարումը վաճառել 3-րդ կողմին․«Սա ԹՐԻՓՓ-ի հետ անմիջական կապ ունի, որովհետև արևմուտքը, մասնավորապես ԵՄ-ն, պատրաստ է լուրջ գումարներ ներդնել հայկական երկաթուղին արդիականցնելու համար, նոր երկաթուղային գծեր կառուցել, բայց չի անելու, քանի դեռ ՌԴ-ն կոնցեսիոն կառավաման ներքո է։ Սա խնդիր է, որը պետք է լուծել։ Թե որ ճանապարհով կգնա իշխանությունը, դժվար է ասել»։
Այդուհանդերձ քաղաքագետը համոզված է՝ ինչ-որ փուլում ՀՀ կառավարությունը վերցնելու է կոնցեսիոն կառավարումը։

Կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին վաճառելու տարբերակն, ըստ քաղաքագետի, ամենահարմարն է, քանի Ղազախստանը ԹՐԻՓՓ-ի շահառու է, այդ նախագիծը ենթադրում է կենտրոնական Ասիայից ապրանքների փոխադրում Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա։ Ընդ որում, Ղազախստանը լավ հարաբերութուններ ունի և՛ ՌԴ-ի հետ, և՛ արևմուտքի հետ, ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ է ստացել ԱՄՆ-ից։
«Ղազախստանը լավ տարբերակ է, բայց ՌԴ-ն չի ուզում իր լծակը զիջել»,-նկատում է Վարդանյանը։

Պուտինը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ կրկնել է՝ երկու կառույցներում միաժամանակ գտնվել «պարզապես հնարավոր չէ»։ «Թող հիմա անկեղծ ասեն՝ ինչ են ուզում, որոնք են իրենց նպատակները»,-ասել է Պուտինը։

Սա իրավական-տեխնիկական խնդիր է, թե՞ Ռուսաստանի կողմից Հայաստանին ուղղված քաղաքական նախազգուշացում։ Մեր այս հարցին ի պատասխան  Վարդանյանն ասում է՝ իհարկե, միաժամանակ չենք կարող երկու կառույցում լինել, բաց միաժամանակ ՌԴ-ն իրավունք չունի Հայաստանից պահանջել հանրաքվե անցկացնել, դա միջամտություն է մեր ներքին գործերին։

Քաղաքագետը հիշեցնում է՝ երբ 2013- ին Սերժ Սարգսյանը մեկ գիշերում  Հայաստանը տարավ ԵԱՏՄ, Վլադիմիր Պուտինն այն ժամանակ Սերժ Սարգսյանին չասաց՝ գնա քո ժողովրդին հարցրու, նոր արի ու անդամակցի․ «Ավելին, ստիպեց որ Սերժ Սարգսյանը հենց Կրեմլից հայտարարի ԵԱՏՄ-ին միանալու մասին։ Նույնսիկ ժամանակ չտվեց ժողովրդին պատրաստել այդ լուրին։ Հիմա  Պուտինը սկսել է ՀՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնել՝ հանրաքվե պահանջելով»,-ասում է քաղաքագետը։

Նա նկատում է՝ ԵՄ անադամակցության հարցով վաղ, թե ուշ հանրաքվե պետք է լինի, դա մեր Սահամանդրությամբ է ամրագրված, բայց դա մոտ ապագայում չի լինի։ Իսկ ՌԴ նախագահը պնդում է հանրաքվե անցակցնել, քանի որ, ըստ քաղաքագետի, հույս ունի, թե Հայաստանի ժողովուրդը դեմ կքվեարկի։

Եթե Հայաստանը շարունակի եվրոպական ինտեգրման գործընթացը, ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի գործնական արձագանքը՝ հաշվի առնելով Պուտինի մատնանշած տնտեսական, էներգետիկ և շուկայական առավելությունները, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ից։

Այս առնչությամբ քաղաքագետն ասում է՝ ՌԴ-ն Հայաստանին դրել է փակուղու առաջ, իրենց համար շատ կարևոր է, որ Հայաստանը հրաժարվի ԵՄ-ին անդամակցության մասին օրենքից, սահամանփակի ԵՄ հետ հարաբերությունները։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կդրսևորի իրեն Նիկոլ Փաշինյանը․ տեղի կտա՞ ճնշումներին, թե՝ ոչ։ Իմ կարծիքով՝ տեղի չի տա, որովհետև այն լծակները, որ ՌԴ-ն ուներ Հայաստանի վրա, որով միշտ վախեցնում էր, ստիպում անել քայլեր, որոնք չէին բխում մեր շահերից, այդ լծակները իր ձեռքով կորցրել է ու դա աաջին հերթին Արցախն է։ Մնացած տնտեսական լծակներն է օգտագործումմ, բայց դա էլ չի աշխատում, Երևանը չփոխեց իր վարքագիծը։ Հիմա այլ քայլեր էլ կփորձեն անել, բայց ես կարծում եմ Փաշինյանն այս անորոշությունը կպահպանի, անորոշություն նախ ՌԴ-ի համար»,-ասում է Վարդանյանը։

Նա նաև նկատում է՝ վերջին շրջանում Կրեմլի պաշտոնական հայտարարությունները մի փոքր ավելի մեղմ են, սկսել են հասկանալ՝ այո, Հայաստանը «տեղ ունի գնալու», և այնպես չէ, որ Հայաստանն  առանց ՌԴ չի կարող․«Հիմա փորձում են փափուկ միջոցներով, ինչ որ տեղ նաև՝ կոշտ, ՀՀ-ն պահել իրենց ուղեծրում։ Բայց չի հաջողվի։ Հայաստանը Մոսկվայից կախվախութունը աստիճանաբար թոււլացնելու է»։

Նելլի Բաբայան

Նորություններ