Մարդիկ հեռանում են, հողն ու տները՝ մնում․ ի՞նչ ապագա կունենա Կաճաճկուտը | Region

Մարդիկ հեռանում են, հողն ու տները՝ մնում․ ի՞նչ ապագա կունենա Կաճաճկուտը

Սեպտեմբեր 12,2026 11:00

Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրում կա գրանցված 437 բնակիչ, սակայն փաստացի բնակվում է 242 մարդ։ Այս գյուղի բնակչության ազգային կազմը հիմնադրման պահից մինչ օրս հայեր են։ Հիմնադրվել է 1924 թ.-ին։ Կաճաճկուտում 1970-ական թվականներին 700 մարդ է բնակվել։

Այստեղ ձմեռները ցուրտ են և տևական, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Բնակավայրը գազաֆիկացված չէ։

 

Տեղի դպրոցում սովորում է 27 աշակերտ։ Կաճաճկուտը շարունակաբար լքվում է․ 1990-ականներին արձանագրվել է արտագաղթի ամենամեծ ցուցանիշը, այնուհետ փոփոխական թվեր էին արձանագրվում։

Սեյրան Պողոսյան

Գյուղի բնակիչ, մանկավարժ Սեյրան Պողոսյանը Regions TV-ի հետ զրույցում նշում է․ «Միայն իմ հարևաններից 12 ընտանիք հեռացել է գյուղից։ Դռները փակ են, չեն էլ գալիս տիրություն անեն։ Բազմաթիվ տներ կան, որտեղ միայնակ տարեցներ են ապրում։ Նախկինում, երբ գյուղամիջում հավաքվում էինք, մի ամբողջ բազմություն էր, հիմա մարդ չես տեսնի»։

Կաճաճկուտցիներին այսօր էլ ներքին միգրացիայի տեմպերն են անհանգստացնում։ Հեռացող անձանց կամ ընտանիքների հիմնական ուղղություններն են Երևանը, Վանաձորը և Ալավերդին։ 2025թ․-ի ընթացքում Կաճաճկուտում արձանագրվել է ընդամենը 1 ամուսնություն, նույն ժամանակահատվածում ծնվել է 3 երեխա։

Կաճաճկուտի բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Վերջին շրջանում այդ ոլորտը զգալի անկում է արձանագրել։ Երիտասարդները խուսափում են զբաղվել անասնապահությամբ, նախընտրում են տարբեր խոշոր քաղաքներում շինարարական աշխատանքներ կատարել։

«Երիտասարդների հետ խոսում ես, ասում են՝ 1 մոզի պիտի պահեմ, մեծացնեմ, որ 300 հզր․ դրամ վաստակեմ, դրա փոխարեն կգնամ Աքորի, Ալավերդի կամ մի ուրիշ տեղ շինարարություն կանեմ ու այդքանը 1 ամսում կստանամ»,- ասում է Սեյրան Պողոսյանը՝ ավելացնելով․ «հետո էլ կաթի գինն է ցածր՝ 140-150 դրամ, դրա համար էլ անասնապահությամբ չեն զբաղվում»։

Վիճակը, ըստ բնակիչների, ավելի կվատթարանա, եթե գյուղի դպրոցը չգործի։ «Եթե դպրոցը փակեն, դա նշանակում է՝ գյուղը փակել։ Առանց այն էլ վերևի թաղերի երեխաները ձմռանը դժվարությամբ են գալիս դպրոց, հիմա եթե պարտադրված լինեն հարևան գյուղի դպրոց գնալ, ի՞նչ պետք է անեն, ինպե՞ս պետք է գնան այդ քանդված երկար ճանապարհով։ Եթե պետք է Աքորիի դպրոց գնան, մեկ, երկու․․․ ծնողները կթողնեն կգնան այնտեղ կապրեն, ու մեր գյուղը կդատարկվի»,- իր մտահոգությունն է հայտնում Սեյրան Պողոսյանը։

Նարգիզ Դալլաքյան

Կաճաճկուտի ամենատարեց բնակիչը՝ 98-ամյա Նարգիզ Դալլաքյանը, ևս մտահոգված է գյուղի ճակատագրով։ Ասում է՝ երիտասարդները չեն մնում, գյուղական կյանքը նրանց չի հետաքրքրում։ «Նախկինում, կոլխոզի ժամանակ մենք շատ էինք չարչարվում ընտանիք պահելու համար։ Հիմա էլ նույնն է․ գյուղացին միշտ էլ դառը քրտինքով է իր հացը վաստակել»,-նշում է Նարգիզ տատը։

98-ամյա կինը գյուղի անցյալը հիշում է ոչ միայն որպես դժվար աշխատանքի տարիներ, այլև որպես մի ժամանակ, երբ մարդիկ շատ էին, իսկ տները՝ լիքը։ Այսօր նրա մտահոգությունը գյուղի ապագան է․ եթե երիտասարդները չմնան, ո՞վ է շարունակելու ապրել ու աշխատել այս հողի վրա։

Կաճաճկուտ տանող լեռնային ճանապարհն անբարեկարգ է ու դժվարանցանելի։ Ըստ բնակավայրի վարչական ղեկավար Լյովա Պետրոսյանի՝ ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը հաստատված է կառավարության կողմից, և իրենք սպասում են աշխատանքների մեկնարկին։ Այս տարի ընդլայնվել է լուսավորության ցանցը, բարեկարգվել է գյուղամիջյան մեկ ճանապարհահատված (շուրջ 500 մետր)։ Կաճաճկուտ գյուղում վերջին անգամ ներգյուղական ճանապարհների ասֆալտապատում իրականացվել էր 50–60 տարի առաջ։

Էդուարդ Մխիթարյան

Նորություններ