Բագրատ Էստուկյան. «Բաքուն այլևս չի ուզում լինել Թուրքիայի «կրտսեր եղբայրը», փորձում է ինքնուրույն դիրքավորվել Հարավային Կովկասում»
Տասնամյակներ շարունակ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը ծառայել է որպես թուրք-ադրբեջանական դաշինքի անսասան խորհրդանիշ, որը, թվում էր, ենթակա չէ ո՛չ ժամանակի, ո՛չ էլ քաղաքական փոթորիկների ազդեցությանը։ Սակայն այսօր Անկարայի և Բաքվի հարաբերություններն ապրում են, թերևս, իրենց ողջ պատմության ամենալարված պահը։ Լարվածության համար ձևական առիթ են դարձել ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումները, սակայն տարաձայնություններն արագորեն դուրս են եկել կրթական քաղաքականության շրջանակներից՝ ի ցույց դնելով երկկողմ հարաբերություններում առկա ավելի խորը ճեղքերը։
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը REGIONSTV-ի հետ զրույցում հիշեցնում է, որ նախկինում ևս եղել են տարաձայնություններ Թուրքիայի և Ադրբեջանի միջև․ նախ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, երբ Նեթանյահուն պետք է ելույթ ունենար, թուրքական պատվիրակությունը լքեց դահլիճը, իսկ ադրբեջանականը մնաց նրան լսելու։
«Սա Անկարայում բավականին սուր քննադատություն առաջացրեց, քանի որ Թուրքիան ադրբեջանա-իսրայելական ռազմավարության և քաղաքականության անբաժանելի մասն է, իսկ Իսրայելը՝ Ադրբեջանի կարևորագույն դաշնակիցը, ուստի լուրջ տարաձայնություններ ծագեցին։ Հետո ի հայտ եկավ հիջաբի պատմությունը՝ դպրոցներում դրա կրման արգելքը, ինչը բողոքի ալիք հրահրեց Թուրքիայում և բավականին կոշտ քննադատություն Ադրբեջանի հասցեին»,- ասաց Բագրատ Էստուկյանը։
Նրա խոսքով՝ թուրք հանրային գործիչները, այդ թվում՝ հայտնի քաղաքական գործիչներ, լրագրողներ և կրոնական առաջնորդներ, կոշտ քննադատել են Բաքվին, իսկ ադրբեջանական իշխանություններն իրենց հերթին նրանց մեղադրել են կրոնական ատելություն բորբոքելու և իշխանությունը բռնությամբ տապալելու կոչերի մեջ։ Ի պատասխան՝ Բաքուն Թուրքիայի միանգամից 31 քաղաքացու հայտարարեց «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ): Արգելքի տակ հայտնվածների թվում են պատգամավոր Օմեր Ֆարուկ Գերգերլիօղլուն, «Բարօրություն» (Yeniden Refah) կուսակցության առաջնորդ Ֆաթիհ Էրբականը, իմամ Բոյնուկալընը, մարզական մեկնաբան Ահմեդ Չաքըրը և «Ազատ գործ» (HÜDA PAR) կուսակցության փոխնախագահ Յահյա Օղրաշը, ով կուսակցության ղեկավարության մեջ համակարգում է կրթության հարցերը։ Բաքուն նրանց հայտարարությունները որակեց որպես «միջամտություն երկրի ինքնիշխանությանն ու սահմանադրական կարգին»։
«Ադրբեջանը «անցանկալի անձ» հայտարարեց նաև յոթ լրագրողի՝ արգելելով նրանց մուտքը երկիր և նույնիսկ պահանջելով նրանց արտահանձնումը Թուրքիային։ Բնականաբար, այս պահանջն անհետևանք մնաց, սակայն հետո մենք լսեցինք նախագահ Էրդողանի խորհրդական Օքթայ Սարալի ազատման մասին, և սա նույնպես կապված է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումների քննադատության հետ»,- նշեց Բագրատ Էստուկյանը։
Թուրքիայի իշխող կուսակցության կողմից վերահսկվող ԶԼՄ-ները լայնամասշտաբ հակաադրբեջանական արշավ ծավալեցին՝ Ալիևի վարչակազմին մեղադրելով սխալ ներքաղաքականություն վարելու մեջ։ Այս հռետորաբանության հետևում նկատվում են բավականին ակնհայտ պատճառներ՝ քաղաքական իսլամի ազդեցությունը, Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը Իսրայելի հետ և տարածաշրջանային առաջնորդության համար մրցակցությունը։ Վեճն արդեն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով, ձերբակալություններով և Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումներով։ Հատկանշական է, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները վերջին օրերին ջանասիրաբար շրջանցում են երկու երկրների հարաբերությունների զարգացման թեման։ Այնուամենայնիվ, երկրները շարունակում են խոշոր ռազմական պայմանագրեր կնքել, համատեղ զորավարժություններ անցկացնել և ամրապնդել ռազմավարական համագործակցությունը։
Բագրատ Էստուկյանը համոզված է՝ թերևս հենց այստեղ են թաքնված տարաբնույթ ազդանշանները․ «Այս երևույթի մեջ ամենակարևորը, առնվազն առաջին հայացքից, գործնականում հանգում է հետևյալին․ Ադրբեջանը ձգտելու է դուրս գալ Թուրքիայի ազդեցությունից։ Այսինքն՝ ոչ թե Թուրքիայի կրտսեր եղբոր դերը խաղալ, այլ գրավել Հարավային Կովկասում միջին ուժի պետության սեփական դիրքը։ Հիշենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին աջակցում էր իր զենքով և ռազմական կազմակերպմամբ, իսկ երբ դա Թուրքիայում դարձավ խոսակցության համեմատաբար հաջող թեմա, Ադրբեջանը հայտարարեց, որ իրենք ավելի շատ են վճարել, քան ստացել են։ Այլ կերպ ասած՝ խոսքը ոչ թե օգնության, այլ շահավետ աշխատանքի մասին էր։ Նրանք հայտարարեցին, որ վճարել են այդ զենքի և այդ ռազմավարական աջակցության համար։ Այսպիսով, Ալիևը փորձում է ամրապնդել իր դիրքերը։ Նրանք Թուրքիային այլևս չեն տեսնում որպես ավագ եղբոր, ինչը բնական է, նրանք այլևս կարիք չունեն նրան այդպես տեսնելու։ Սա Թուրքիայի Հանրապետության պարտությունն է, որը միշտ ցանկանում է իրեն ներկայացնել ավելի հզոր, բայց իրականում դա այդպես չէ»,- նշեց Էստուկյանը՝ հավելելով, որ Ալիևն այլևս չի կարող քաղաքականություն վարել Էրդողանի ստվերում։
Էստուկյանը վստահ է, որ Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա ազդում են արտաքին գործոններ, նախևառաջ՝ այնպիսի ազդեցիկ տերությունների դիրքորոշումները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանը և Իսրայելը։
Նրա մեկնաբանմամբ՝ Իրանն Ադրբեջանի հետ խնդիրներ ունեցել է և ունենալու է, որովհետև հատկապես երկրի հյուսիսային մասն անվանում են «Հարավային Ադրբեջան», որտեղ ապրում են զգալի թվով ադրբեջանցիներ, որոնք սկզբունքորեն մերժում են Ադրբեջանի վարած քաղաքականությունը․«Մենք պետք է նաև հիշենք․ թեև նրանք նույնպես իրենց ադրբեջանցի են անվանում, Բաքվի ներկայիս իշխանության վարած քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն։ Ես դրանում համոզվել եմ տեղում մարդկանց հետ խոսելիս․ Թեբրիզ (Թավրիզ) քաղաքում մարդիկ ամբողջովին դեմ էին Բաքվի իշխանության քաղաքականությանը»։
Հայալեզու թերթի խմբագիրը նշեց, որ հարաբերություններում լարվածությունը որոշ չափով թուլացել է Էրդողանի և Ալիևի հեռախոսազրույցից հետո, ինչից հետո Էրդողանը պաշտոնանկ արեց իր օգնական Սարալին։ Նրա խոսքով՝ ձգտելով հաճոյանալ Ալիևին՝ Էրդողանը մշտապես ջանացել է չբորբոքել լարվածությունը և ամեն կերպ խուսափել է դրանից․«Ալիևը, հակառակը, համարվում է շատ ավելի համարձակ և պահանջկոտ, հատկապես հաշվի առնելով, որ Օքթայ Սարալի պաշտոնանկությունը, ինչպես հայտնի է, Բաքվի պահանջներից մեկն էր, և Էրդողանը զիջեց այդ պահանջին»։
Հավանաբար, Իլհամ Ալիևը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Անկարայում հոկտեմբերի 29-30-ին, և Ադրբեջանի նախագահությունը կփոխանցի Թուրքիային։
«Հայկական ԶԼՄ-ների հետ իմ զրույցներում ես վաղուց էի ասում, որ Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում։ Գիտեմ, որ հայկական կողմն այնքան էլ ճիշտ չէ․ նրանք նախապես համոզված են, որ Թուրքիան ավելի ուժեղ պետություն է, իսկ Ադրբեջանը՝ ոչ այնքան, ուստի նրանց թվում է, որ սխալ է, որ Ադրբեջանն իր կամքն է պարտադրում Թուրքիային։ Բայց իրականում հենց այդպես է՝ թելադրում է։ Դժվար է չնկատել Ալիևի ներդրումները Թուրքիայում, SOCAR-ի հսկայական ներդրումները, այն լոբբիստական աշխատանքը, որն Ադրբեջանն այստեղ իրականացնում է։ Ադրբեջանը հեռուստաալիքներ ունի Թուրքիայում, ունի հզոր լոբբիստական ուժ, և այսօր այս ամենը կխաղա նրա օգտին»,- ասաց Բագրատ Էստուկյանը։
Նա ընդգծեց, որ Էրդողանն իր հերթին նույնպես չի հրաժարվում «Թուրան» նախագծից, սակայն նրա սկզբունքները շատ ավելի մեծ չափով հենվում են կրոնական, այլ ոչ թե ազգային գործոնի վրա։ «Ազգային ադրբեջանական գործոնը որոշիչ է։ Կրոնն ավելի կարևոր դեր է խաղում, և Ադրբեջանի ու Թուրքիայի միջև զգալի դավանաբանական տարբերություն կա։ Այդ տարբերությունը սուննիական և շիական իսլամի մեկնաբանության մեջ է, և դրա համար էլ այստեղ խոցելի կետ կա»,-ասաց Էստուկյանը։
Նա գտնում է, որ Էրդողանը միշտ զգույշ է եղել հայտարարություններում, նա միշտ մերժել է եղած պնդումները՝ նշելով․ «մենք երկու եղբայրական ժողովուրդ ենք, մենք երկու տարբեր պետություն ենք, բայց մեկ ազգ ենք»։ Այս խոսքերը, ինչպես նկատեց Էստուկյանը, ակտիվորեն օգտագործվում էին Թուրքիայում,« Սակայն հայտնի է, որ դրա հիմնական տարրը հակահայկական դիրքորոշումն էր։ Հիմա այդ հակահայկական դիրքորոշումն այլևս միավորող գործոն չէ, ուստի նրանց միջև տարաձայնություններն ավելի ակնհայտ են դարձել»։
Բագրատ Էստուկյանն ընդգծեց, որ ըստ ամենայնի, Էրդողանը պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց Բաքվի լիարժեք մասնակցության և սահմանի բացմանն առանց ադրբեջանական կողմի համաձայնության, քանի որ չի կարող ոչ մի քայլ անել այդ ուղղությամբ, չնայած նրան, որ բուն գործընթացը մեկնարկել էր Էրդողանի կոչով․« Չէ՞ որ հենց Էրդողանը հայտարարեց, որ Արցախի հարցը կարգավորված է, ուստի Հայաստանի հետ ավելի ջերմ հարաբերություններ զարգացնելու համար խոչընդոտներ այլևս չկան։ Եվ այնուամենայնիվ, այն, որ Էրդողանը մինչ օրս այդպես էլ հստակ քայլեր չի ձեռնարկել, խոսուն կերպով վկայում է Ադրբեջանի դիրքորոշման ամրության մասին, այն է՝ Բաքուն չի ցանկանում Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացումը։ Հետևաբար, Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործընթացում գործել առանց Բաքվի համաձայնության»։
Զաբելա Ավագյան
