Հովիկ Ավանեսով. «Վտանգավոր է Արցախի պատմամշակության ժառանգության ոչնչացումը «հայելային մեղադրանքների» հարթության վրա» | Region

Հովիկ Ավանեսով. «Վտանգավոր է Արցախի պատմամշակության ժառանգության ոչնչացումը «հայելային մեղադրանքների» հարթության վրա»

Ապրիլ 19,2026 22:00

Եթե ուղիղ ասենք, ապա Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ «բազմամյա թշնամությանը պետք է վերջ տալ», ոչ թե  դիվանագիտական ճկունություն է, այլ խնդրի գիտակցված լղոզում։ Երբ նրան կոնկրետ հարց են տալիս Արցախում եկեղեցիների և մշակութային ժառանգության ոչնչացման մասին, նա պատասխանում է ոչ թե ըստ էության, այլ խոսքը տանում է դեպի «փոխադարձ մեղադրանքների» մասին աբստրակտ դաշտ։ Սա պարզապես թեմայի փոփոխություն չէ, սա փոխարինում է. փաստերի փոխարեն՝ փիլիսոփայական ձևակերպումներ, գնահատականի փոխարեն՝ ընդհանուր բառեր «մթնոլորտի» մասին։

Այսպես է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը RegionsTV-ի հետ զրույցում մեկնաբանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը։

Ավանեսովի կարծիքով՝ նման հռետորաբանությունն ակնառու կերպով ցույց է տալիս հայկական կողմի ձգտումը՝ խուսափել տեղի ունեցածի պատասխանատվությունից։ Փոխանակ ճանաչվեն ավերածությունների փաստերը, փոխանակ երկխոսություն սկսվի փոխհատուցման և վերականգնման շուրջ, առաջարկվում է վերացական հաշտեցում, որն, ըստ էության, կոչված է քողարկելու հանցագործությունների հետքերը։

Ավանեսովը հատկապես վտանգավոր է համարում Փաշինյանի նշած «հայելային էֆեկտը» մշակութային ժառանգության համատեքստում, ըստ նրա՝ «հայելային էֆեկտի» մասին արտահայտությունն իրականում ավելի կոշտ է հնչում, քան թվում է․« Ըստ էության, նա ասում է՝ մեղադրելն անիմաստ է, որովհետև ի պատասխան ձեզ կմեղադրեն։ Բայց սա հարմար տրամաբանություն է նրա համար, ով չի ցանկանում բարձրացնել անհարմար թեմաներ։ Քանի որ այդ դեպքում ցանկացած լուրջ մեղադրանք կարելի է նախապես զրոյացնել՝ իբր դա փոխադարձ է»։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ մի կողմից Հայաստանը խոսում է խաղաղության մասին, իսկ մյուս կողմից Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Արցախում՝ հիմնահատակ քանդելով եկեղեցիներն ու պատմամշակութային հուշարձանները, ասել է.«Մեր տարածաշրջանում կան մեղադրանքներ, որոնք որոշակի հայելայնություն ունեն։ Մենք ենք մեղադրում, մեզ են մեղադրում։ Մենք համոզված ենք, որ ասում ենք 100%–անոց ճշմարտություն, մյուս կողմն էլ է համոզված, որ ասում է 100%–անոց ճշմարտություն։ Պետք է մի օր կանգ առնել, պետք է վերջ տալ դրան, և այստեղ է, որ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը դառնում է առանցքային գործոն։ Հակառակ դեպքում այդ պրոցեսը կարող է գնալ հավերժ, և մենք տեղ չհասնենք և այս պատերազմի կոնֆլիկտի ցիկլը չհաղթահարենք։ Մենք պետք է կանգ առնենք, բայց դա չի նշանակում այդ հարցերը չքննարկել, դա նշանակում է՝ այդ հարցերը քննարկել այլ մթնոլորտում, այլ տրամաբանության մեջ»։

Հովիկ Ավանեսովը նշում է՝  Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը հռետորաբանության հարց չէ, այլ փաստերի հարց, և երբ դա դրվում է «փոխադարձ մեղադրանքների» հետ նույն հարթության վրա, տեղի է ունենում վտանգավոր նույնացում. կարծես թե խոսքը պարզապես նարատիվների հակամարտության մասին է, այլ ոչ թե կոնկրետ գործողությունների։

«Փաշինյանի թեզը՝ «մենք չպետք է քննարկենք այս հարցերը», առհասարակ հնչում է առավելագույնս կոշտ։ Սա արդեն տոնայնությունը մեղմելու փորձ չէ, սա փաստացի կոչ է՝ թեման հանել հանրային օրակարգից։ Իսկ դա նշանակում է՝ նվազեցնել ճնշումը, նվազեցնել ուշադրությունը և, ըստ էության, հաշտվել այն մտքի հետ, որ նման թեմաները կոշտ արձագանքի առարկա չեն դառնա»,-ասում է նա։

Ավանեսովը նշում է՝ի՞նչ նկատի ունի վարչապետը «այլ տրամաբանություն» ասելով, ամենայն հավանականությամբ՝ մի տրամաբանություն, որտեղ հանուն բանակցությունների զոհաբերվում է հանրային սկզբունքայնությունը, որտեղ սուր թեմաները բարձրաձայն չեն խոսվում, որպեսզի «չխանգարեն գործընթացին․« Բայց այստեղ ծագում է անհարմար հարց՝ եթե դու չես անվանում խնդիրը, արդյո՞ք պատրաստվում ես այն լուծել։ Վերջնարդյունքում նրա հայտարարությունը կարելի է բնութագրել խիստ կերպով. սա ոչ այնքան խաղաղության մասին է, որքան նույնիսկ բառերի մակարդակով ուղղակի հակամարտությունից հրաժարվելու՝ սեփական դիրքորոշման լղոզման գնով»։

Նա նաև հավելում է, որ մեղադրանքները կարող են լինել փոխադարձ, բայց դա արդարացնել լռությամբ, նշանակում է կամավոր հրաժարվել հստակ և կոշտ դիրքորոշման իրավունքից այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է։

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի խոսքով՝ Ադրբեջանի հայտարարություններն իրականության քաղաքականացված տարբերակն են՝ կոչված արդարացնելու սեփական գործողությունները և ամրապնդելու դիրքերը։ Իմաստն այն է, որ ճշմարտությունը ստորադասված է նպատակներին՝ չճանաչել խնդիրը, լղոզել պատասխանատվությունը, խոսակցությունը տեղափոխել «փոխադարձ մեղադրանքների» դաշտ և անհրաժեշտության դեպքում վերասահմանել հենց օբյեկտը (ումն է այդ ժառանգությունը, ինչպես այն անվանել և այլն)։ Նրա կարծիքով՝ սա Ադրբեջանի կողմից ճշմարտության որոնում չէ, սա վերահսկողություն է մեկնաբանությունների նկատմամբ։ Ընդ որում,  2023թ. ադրբեջանական ռազմական ագրեսիայից և Արցախի օկուպացիայից հետո իրավիճակն էլ ավելի է սրվել, քանի որ հնարավորություն է ունեն հայտարարությունները տեղում կատարվող գործողություններով ամրապնդել և ձևավորել նոր «պաշտոնական իրականություն» արդեն ոչ միայն հայտարարությունների, այլև տեղանքում իրականացվող փոփոխությունների միջոցով։

«Անխոս, եկեղեցիների, վանքերի, գերեզմանոցների, հուշարձանների և մշակութային ժառանգության այլ օբյեկտների կանխամտածված ոչնչացումը ոչ միայն վանդալիզմի ակտ է, այլև ծանր միջազգային հանցագործություն։ Երբ նման գործողությունները կատարվում են գիտակցված և համակարգված, խոսքը պատմական հիշողությունը, կրոնական ինքնությունը և ժողովրդի մշակութային ներկայությունն իսպառ վերացնելու փորձի մասին է։ Ըստ էության, սա բռնության ձև է ոչ միայն քարի և ճարտարապետության, այլև հենց հանրույթի գոյության դեմ՝ որպես պատմության, հավատքի և քաղաքակրթական շարունակականության կրողի»,-ընդգծում է Ավանեսովը։

Ըստ նրա՝ միջազգային իրավունքի տեսանկյունից նման գործողությունները որակվում են որպես պատերազմական հանցագործություններ, իսկ դրանց համակարգված բնույթի դեպքում կարող են դիտարկվել որպես հանցագործություն մարդկության դեմ, հատկապես երբ դրանք հանդիսանում են հալածանքների, տեղահանման կամ ինքնության ջնջման քաղաքականության մաս։

«Միջազգային իրավական և ակադեմիական պրակտիկան ուղղակիորեն թույլ է տալիս նման որակումը։ Տաճարների և հուշարձանների ոչնչացումը ժողովրդին պատմությունից ջնջելու փորձ է։ Սա ոչ միայն հարձակում է նյութական օբյեկտների վրա, այլև հարված է մարդկային արժանապատվությանը, հավաքական հիշողությանը և ամբողջ հանրույթի մշակութային իրավունքներին։ Հենց այդ պատճառով էլ միջազգային ինստիտուտները նման գործողությունները դիտարկում են որպես հանցագործություններ, որոնք առնչվում են ողջ մարդկությանը»,-ասում է փորձագետը։

«Քննադատական ընկալման մեջ «խաղաղությունն» ըստ Փաշինյանի նշանակում է ոչ թե փոխադարձ կարգավորում, այլ միակողմանի հրաժարում Արցախից, արցախյան շարժման մարում և ազգային հարցի գիտակցված դուրսմղում պետական օրակարգից։ Այլ կերպ ասած՝ խաղաղության կարգախոսի ներքո հասարակությանն առաջարկվում է ընդունել հրաժարումն այն պատմական և քաղաքական գծից, որը տասնամյակներ շարունակ ընկալվել է որպես ազգային ինքնագիտակցության և ինքնորոշման իրավունքի համար պայքարի մաս։ Այս տեսանկյունից խոսքը զիջումների քաղաքականության մասին է՝ առանց փոխադարձ երաշխիքների. Հայաստանը ցուցադրում է նախկին սկզբունքներից հրաժարվելու պատրաստակամություն, մինչդեռ Ադրբեջանը չի դրսևորում համարժեք խաղաղ կամք և շարունակում է գործել ուժի դիրքերից՝ առաջ քաշելով նոր պայմաններ ու պահանջներ։ Արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ խաղաղությունը մեկնաբանվում է ոչ թե որպես շահերի հավասարակշռություն և փոխադարձ հաշտեցում, այլ որպես պարտադրված կապիտուլյացիոն բանաձև»,-նշում է  Ավանեսովը։

Նա նաև ընդգծում է, որ Արցախից և արցախյան շարժումից հրաժարվելը փաստացի նշանակում է հրաժարում ազգային-պատմական օրակարգից, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է խորը հասարակական և քաղաքական ճգնաժամի․«Նման մոտեցումը ընկալվում է ոչ թե որպես ռազմավարական խաղաղություն, այլ որպես պատմական հիշողության, քաղաքական դիրքերի և ազգային կողմնորոշիչների կորստի գնով նոր իրականությունն ամրագրելու փորձ։ Հենց այդ պատճառով հանրային դիսկուրսում ավելի ու ավելի հաճախ է հնչում այն միտքը, որ Ադրբեջանի կողմից անկեղծ խաղաղասիրական մտադրությունների բացակայության պայմաններում նման «խաղաղությունը» կարող է լինել ոչ թե կարգավորում, այլ միայն միակողմանի նահանջի ձև, որը չի վերացնում ապագա անկայունության աղբյուրները»։

Զաբելա Ավագյան

 

Նորություններ