«Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրեց
«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ այսօր դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնել է, որ դիմումով ներկայացրել են ընտրություններից առաջ և ընտրության օրն արձանագրված ընտրախախտումների մասին։
Վարդևանյանը տեղեկացրել է, որ դիմումը քննվելու է առաջիկա կիրակի օրը՝ ընտրությունների վերջնարդյունքների ամփոփման օրը։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին։ Նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 727 827 քվե, 49,8 %, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 088 քվե, 23,28% և «Հայաստան» դաշինքը՝ 145 113 քվե, 9,93%։ «Բարգավաճ Հայաստան»-ը, նախնական տվյալներով, չի կարողացել հաղթահարել 4%-ի արգելքը, ԲՀԿ-ն ստացել 3.9% ձայն։ Կուսակցության դիմումի համաձայն՝ այժմ վերահաշվարկ է կատարվում։
Վերահաշվարկի արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Վերահաշվարկի արդյունքում պարզ կլինի արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանցնի Ազգային ժողով, թե ոչ։
Հիշեցնենք նաև, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Սյունիքում գտնվող 35/65 ընտրական տեղամասի արդյունքները: Այս ընտրատեղամասում ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել էր քվեարկել։
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նաև 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։
Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի արձանագրությունների մյուս արդյունքները (թվերը), բացառությամբ անճշտությունների չափերի, արձանագրվել են 0 (զրո): Թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերի նյութերն ուղարկվել են դատախազություն։
