Պուտինն ստորագրել է զինված ուժերի հաստիքային թվաքանակի մեծացման մասին հրամանագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը կազմում է 2,399,130 մարդ, այդ թվում՝ 1,51 միլիոն զինծառայող։ Այս մասին, հղում անելով նախագահական հրամանագրին, հաղորդում է РБК-ն։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ նախատեսել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը դաշնային բյուջեից բյուջետային հատկացումների տրամադրումը»,- ասված է փաստաթղթում։
Հրամանագրի տեքստի համաձայն՝ ՌԴ զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ 2026 թվականի մարտի 4-ի նախորդ հրամանագիրը ճանաչվում է անվավեր։ Նախկին հրամանագրով զորքերի հաստիքային թվաքանակը սահմանված է եղել մինչև 2,391,770 մարդ։ Այսպիսով, նոր հրամանագրով բանակի հաստիքակազմն ավելանում է շուրջ 7,3 հազար մարդով։
Ավելի վաղ՝ նույն օրը, հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, երկրի ղեկավարը հայտնել է, որ ռազմական գործողությունների գոտում գտնվում է ավելի քան 700 հազար ռուս զինծառայող։ Նախագահը նշել է, որ կառավարությունն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի գործողության ավարտից հետո մեծ թվով վետերաններ ապահովվեն աշխատանքով։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի վերջին հայտնել էր, որ տարեսկզբից ի վեր Ռուսաստանի զինված ուժերի հետ պայմանագիր է կնքել 127 հազար մարդ։ Նրա խոսքով՝ ևս 10 հազար հոգի պայմանագիր է ստորագրել կամավորական կազմավորումներում ծառայություն անցնելու վերաբերյալ։
Մեդվեդևը հավելել է, որ 2025 թվականին պայմանագիր էր կնքել 450 հազար մարդ։
