Հացադուլի յուրաքանչյուր օրն է՛լ ավելի է մեծացնում Արթուր Օսիպյանի կյանքին սպառնացող վտանգը, նա հրաժարվում է բուժզննությունից․Հովհաննիսյան
Կալանքում գտնվող, արդեն 22 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Իրավապաշտպան Դավիթ Հովհաննիսյանը RegionsTV -ի հետ զրույցում նշեց, որ նրա առողջական վիճակը ծանր է և հացադուլի ամեն մի օրը է՛լ ավելի է մեծացնում նրա կյանքին սպառնացող վտանգը։
«Այս բժշկական զննությունն այն չէ, որ գան ճնշում չափեն կամ քաշը ստուգեն, քանի որ այս ընթացքում նա բավականին քաշ է կորցրել: Հացադուլ անող կալանավորը Եվրոպական իրավունքի տեսանկյունից պետք է ձեռք բերի պացիենտի կարգավիճակ և որոշակի օր հետո բուժհաստատությունում ստանա համապատասխան օգնություն և նրա անձը լինի մշտական հսկողության տակ»,- տեղեկացրեց իրավապաշտպանը:
Նա հիշեցրեց, որ հատուկ վերանայման բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան, որպեսզի բեկանվի Օսիպյանի 2 ամսով կալանքի մասին որոշումը։
Հիշեցնենք, որ Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը https://regionstv.am/38926.html ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր այն բանից հետո, երբ նա մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Փաշինյանին ու մի քանի հարց ուղղել։
«Մենք պայքարում էինք թալանչիների դեմ, դուք թալանի վրա աչք էիք փակում։ ․․Ալիևը պահանջ է դրել, որ Ադրբեաջնի փախստականները պիտի վերադառնան»,-Օսիպյանն այսպես էր դիմել Փաշինյանին։ Ինչից հետո Փաշինյանը հունից դուրս է եկել, պնդելով․«Իր ասելով չի, ի՞նչ ես եկել ադրբեջանական նարատիվներ առաջ տանում»։
«Մի քիչ ցածր խոսեք, ձեր դեմը ո՛չ Սերժ կա, ո՛չ Քոչարյան, որ կեղտում խրված լինի, դուք էլ մատ թափ տաք, իմ վրա մատ թափ չտաք»,-հորդորել էր Օսպիյանը։ Ապա նրան տեղից հեռացրել էին, իսկ Փաշինյանը վրդովված շարունակում էր․«Էս Ղարաբաղի փսևդոէլիտաները թող ռադ լինեն ստեղից, գնան ընդհանրապես։ Արա՛, դու ի՞նչ գործ ունես ստեղ ընդհանրապես։ Էս ովքեր են սրանք։ Արթուր Օսիպյանն եմ, գլուխդ պատովն ես տվել, գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Գնայիր զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, այ տականք։ Շահրամանյանը ինչի՞ ա կենդանի»։ Միջադեպից րոպեներ անց պարզ դարձավ, որ Օսիպյանին ձերբակալել են։ Նա, որպես բողոքի նշան, հացադուլ է հայտարարել իր հասցեին հնչեցրած Փաշինյանի «փախածներ» որակման համար։
Իրավապահների հաղորդմամբ՝ Օսիպյանը մեղադրվում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ: 50–ից ավելի ՀԿ–ներ և հանրային գործիչներ հայտարարություն են տարածել՝ Օսիպյանի կալանավորումն անվանելով ապօրինի։
Տիրուն Մարգարյան
