Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում ամբողջը կվերահաշվարկեն. Հովակիմյան | Region

Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում ամբողջը կվերահաշվարկեն. Հովակիմյան

Հունիս 10,2026 14:10

Քվեարկության արդյունքների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին. այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո, ԲՀԿ–ն անցնում է խորհրդարան, թե ոչ։

«Օգտվելով առիթից ասեմ, որ ըստ էության 2005 տեղամասերից ընդամենը 5–ի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, այնտեղ տողեր են թռցրել, մարդկային գործոն է»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ դա կարող է դիտավորության արդյունք լինել, ԿԸՀ նախագահն ասաց. «Արձանագրությունները կան, որոնք հրապարակված են։ Նախնական արդյունքները հենց դրա համար են նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Հիմա այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ է իրականացվում։

Ասեմ ավելին, վերահաշվարկի վերաբերյալ պատշաճ կարգի դիմում մենք շատ քիչ ենք ստացել։ Մենք ստացել ենք երեք ուժերից վերահաշվարկի դիմումներ՝ ԲՀԿ–ից, «Ուժեղ Հայաստան» դաշինքից և «Միասնության թևերից»։

Մեր մոտեցումը եղել է սա. որ տեղամասերը ցանկանում են, որպեսզի վերահաշվարկ իրականացվի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների իրենց նախաձեռնությամբ սկսել են վերհաշվարկները իրականացնել ու հիմա ընթանում են:

Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև «Միասնության թևերի» պատգամավոր թեկնածուն այդպես է ցանկացել, այդպես է ներկայացրել»։

Հարցին՝ ի՞նչ է նշանակում գաղտնի ընտրացուցակ, ԿԸՀ նախագահը պարզաբանեց. «Մենք ունենք ընտրողների ցուցակ, որը հրապարակվում է մեր լիազոր մարմինը, այսինքն միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, և մենք ունենք կատեգորիաներ, ում ցուցակները չեն հրապարակվում։ Ընտրական օրենսգրքում շատ հստակ գրված է ու կհասկանաք, թե ցուցակների հետ բարձրացված աղմուկը որքան է վնասում Հայաստանի Հանրապետությանը»։

Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

·         «Քաղաքացիական պայմանագիր»՝  49, 825 տոկոս

·         «Ուժեղ Հայաստան»՝  23,281 տոկոս

·         «Հայաստան» դաշինք՝  9, 934 տոկոս

·         «Բարգավաճ Հայաստան»՝  3,996 տոկոս:

ԱԺ անցնելու համար անցողիկ շեմը 4 տոկոսն է և եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները հասնեն 4 տոկոսի, ապա ԲՀԿ–ն ևս կհայտնի նոր Ազգային ժողովում ։ Մյուս երեք ուժերը հաստատ կլինեն նոր խորհրդարանում։

Նորություններ