«Գյումրիում հնարավորինս արագ պետք է լինեն արտահերթ ընտրություններ։ Ընտրակաշառք տված-վերցրած անձը պետք է լինի բանտում, չխղճալ ոչ մեկին»․Փաշինյան
«Անկեղծ ասած՝ այն, ինչ տեսա Գյումրու թաղամասերում, ինձ համար անսպասելի էր։ Ինչ-որ տեղ տենց շոկային ազդեցություն չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում , (նկատի ունի Գյումրիի Անի թաղամասը, խմբ․) կարող են լինել այդպիսի փողոցներ, բակեր», որոնք խայտառակ տեսարաններ են», – այսօր Կառավարության հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա կրկնեց ավելի վաղ արած իր հայտարարությունը՝ Գյումրիում հնարավորինս արագ պետք է ունենանք արտահերթ ընտրություններ․«Բայց մինչ այդ էլ, թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է արագ՝ այսօրվանից սկսած գործողություններ իրականացնենք՝ սկսած այսօրվանից մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք անում»։
Նա նշել է՝ կառավարության ծրագրով տարեկան 500 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքների շրջանակում տարեկան 25 կիլոմետր ճանապարհաշինություն պետք է իրականացվի Գյումրիում, 50 կիլոմետր՝ Երևանում։
Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու իր մտադրության մասին վարչապետը հայտարարել էր նախընտրական քարոզարշավի ընթացքում: Գյումրիում իշխանություն է ընդդիմությունը՝ Կոմկուսը՝ ընդդիմադիր Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Չնայած Ղուկասյանը հոկտեմբերից կալանավորված է, նրան փոխարինում է տեղակալը, որը նաև Ղուկասյանի փեսան է՝ Ավետիս Առաքելյանը, նա ընդգրկված է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում։
Նշենք, որ ավագանին լուծարելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու համար մեկ նստաշրջանում ավագանին պետք է առնվազն երկու նիստ չգումարի, ինչպես եղավ 2024 թվականի տարեվերջին: Մինչդեռ Գյումրիում ավագանու նիստերը բնականոն ընթանում են, որոշումներ են կայացվում, այդ թվում՝ ընդդիմադիր այլ խմբակցությունների քվեարկության շնորհիվ։
Փաշինյանն այսօրվա խորհրդակցությունում նաև ասել է, որ TRIPP նախագծի համաձայնագիրը պետք է անցնի վավերացման գործընթացը, և դա պետք է անել հնարավորինս արագ, որպեսզի գետնի վրա հնարավորինս արագ սկսվեն աշխատանքները։
«Այս ընթացքում, երբ արձակուրդում էի, Ախուրիկ-Գյումրի հատվածի երկաթուղու վերականգնման նախագծման մրցույթն է հայտարարվել։ Մենք այդ ուղղությամբ էլ պետք է ակտիվ աշխատենք։ Երասխ կայարանի հատվածում մենք պետք է ակտիվ գործողություններ սկսենք՝ ներառյալ երկաթգծի կայարանի նորոգումը, Ախուրիկի, Գյումրի, Երասխի հատվածում։ Այստեղ էլ պետք է որոշումներ կայացնենք, գնանք առաջ»,-ասել է Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ Հյուսիս-հարավի Ագարակ-Քաջարան հատվածի շինարարությունը հաջող է ընթանում, առաջիկայում կսկսվեն Քաջարանի թունելի շինաշխատանքները, ապա՝ Բարգուշատի թունելի շինարարությունը, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի գործընկերների հետ։
Խորհրդակցությունում Փաշինյանը խոսել է նաև ընտրակաշառքներից․«Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի․ սա երկրի և ժողովրդավարության անվտանգության հարց է»:
Նա հայտարարել է՝ ովքեր ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնվել են, պետք է լինեն բանտում: Փաշինյանը իրավապահներին հրահանգել է չխղճալ ոչ մեկին՝ անկախ սոցիալական կարգավիճակից, հարստությունից․«Խղճահարության տեսարաններն ավարտված են»։
