Այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել, հատվում է․ԳՇ պետը՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի զինուժի գործողությունների մասին | Region

Այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել, հատվում է․ԳՇ պետը՝ ՀՀ տարածքում Ադրբեջանի զինուժի գործողությունների մասին

Հունիս 09,2026 16:25

Սյունիքում ադրբեջանցի զինվորականների անտառահատումներն ու արգելոցի տարածքում նրանց հենակետերի առկայության մասին լուրերը հաստատում է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նա այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է՝ թե՛ վարչապետը, թե՛ գերատեսչության ղեկավարը և թե՛ ինքն անձամբ բազմիցս հայտարարել են, որ աշխատելու են, որպեսզի սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, ամբողջականությունը վերականգնվի։

Հարցին՝ օկուպացնելով ՀՀ անտառները, ադրբեջանցիները հատում են ծառերը, ԳՇ պետն ասել է․ «Երբ ինժեներական կառույց է սարքվում, այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել, հատվում է։ Այնտեղ որտեղ պետք է արհեստական ոչ պայթյունային արգելափակոց ստեղծել ծառերի հատումներով՝ իրականացվում է»։

Հարցին՝ ինչո՞ւ չեն դատապարտում Ադրբեջանի այդ գործողությունները, նա պատասխանել է, որ ԳՇ պետը եւ ԳՇ-ին ենթակա ոչ մի զինվորական ադրբեջանական զինուժի զինծառայողների հետ կապ չեն պահպանում։ Նա, ըստ էության, պաշտոնապես հաստատել է, որ ադրբեջանցի զինծառայողները տեղակայված են Հայաստանի տարածքում՝ Ներքին Հանդ գյուղի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հատվածում։ Հարցին՝ այսպես կոչված «անկլավները» հանձնվելո՞ւ են, Ասրյանը պատասխանել է․ «Ի՞նչ անկլավների մասին է խոսքը, եթե այդ անկլավները ՀՀ 29 743 քկմ-ի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու, հասկանո՞ւմ եք դուք։ Այդ 29 743 քկմ-ն չզիջելու մեջ նաեւ հասկացեք տարածքները վերականգնելու գործընթացը՝ սահմանազատման արդյունքում»։ Նա նշել է, որ խորհրդային շրջանում այդ տարածքներում, որոնք ներառում են հարավից հյուսիս ձգվող շուրջ 18 տեղամաս, պատմականորեն ապրել են ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ։

ԳՇ պետը հավելել է, որ Գլխավոր շտաբն առաջնորդվում է իր տրամադրության տակ եղած ճշգրիտ քարտեզներով, սակայն խուսափել է պատասխանել ինքնիշխան տարածքներից հակառակորդին իրականում հետ մղելու մեխանիզմների մասին հարցերին՝ միայն ընդգծելով, որ Հայաստանը պետք է հզորանա սեփական ուժերով, այլ ոչ թե հույսը դնի երրորդ երկրների վրա։ Լրագրողները նրան հիշեցրին, որ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո հայտարարել էր, որ Ջերմուկի բարձունքները բռնազավթած ադրբեջանցիները կսովածանան, կգնան։ Ինչո՞ւ են ադրբեջանցիները մինչեւ հիմա ՀՀ տարածքում, այս հարցին ի պատասխան Ասրյանն ասել է․ «Ես խնդրում եմ՝ այդ հարցին չանդրադառնալ։ Այո, ես եմ ասել, այդ պահին պետք էր դա ասել, եւ ես չեմ բարձրաձայնի հանրության առջեւ՝ ինչու եմ ասել։ Ես եմ ասել, ես չեմ զլանում դա հաստատել, որ ասել եմ։ Դա պետք էր այդ պահին ասել, իսկ թե ինչու՝ ես դա չեմ ասի, դա կմնա իմ մեջ»։ Վերջին օրերին ՌԴ-ից Հայաստան ժամանող տղամարդկանց 25-օրյա վարժական հավաքների մեկնելու ծանուցագրեր են բաժանվում, տպավորություն է, որ բանակը որպես պատժիչ գործիք է օգտագործվում ընդդիմությանը սատարող քաղաքացիների նկատմամբ, այս դիտարկմանն ի պատասխան Ասրյանն ասել է՝ այդպիսի բան չկա, բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի էլ լինի։ նրա խոսքով՝ բանակի վարժական հավաքներին պետք է ընդգրկվի պահեստազորայինը, ով ունի ՀՀ քաղաքացիություն, համապատասխան տարիքային խմբի մեջ է մտնում եւ հաշվառված է ՀՀ տարածքում՝ այս կամ այն զինկոմիսարիատներում։

Նրանք պետք է հերթականությամբ կանչվեն վարժական հավաքների։ «Մենք 2023 թվականից սկսած՝ անցկացնում ենք այդ 25-օրյա վարժական հավաքները, որը շատ լավ օգուտ է տալիս։ Արդեն մեծ քանակությամբ՝ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ ընդգրկվել են վարժական հավաքների, կատարել են իրենց պարտքը ՀՀ նկատմամբ։ Ռուսաստանի Դաշնությունից կամ մյուս պետություններից եկած քաղաքացին, ով ՀՀ քաղաքացի է եւ գտնում է, որ ինքը ՀՀ պետք է գա միայն մեկ միջոցառման մասնակցելու համար եւ մեկ օրվա ընթացքում թողնել գնալ, ես գտնում եմ, որ ինքը ՀՀ քաղաքացի չէ։ Այդ անձը ճիշտ չի անում, իսկ եթե ինքը ներկայանում է Հայաստանի Հանրապետություն, մենք ունենք համապատասխան համակարգ, հաշվառվում է, որ անձը մտավ ՀՀ տարածք, եւ զինկոմիսարիատն իրավունք ունի նրանց ուղարկել համապատասխան թուղթ, որ իրենք զորակոչվում են բանակ՝ վարժական հավաքին մասնակցելու։ Ես դա սխալ չեմ համարում»,- ասել է Էդվարդ Ասրյանը։

Նա վստահեցրել է ՝ դա բոլորի հանդեպ է տեղի ունենում, միայն ընդդիմախոսների աջակիցներին չեն զորակոչում, խահեստազորում հաշվառված բոլորը հերթականությամբ պետք է գնան վարժական հավաքների։ Հարցին՝ ինչո՞ւ ընտրությունների նախաշեմին հիշեցին, որ ՌԴ-ից ՀՀ ժամանող հայերը պետք է մեկնեն զորավարժությունների, Ասրյանը պատասխանել է․ «Մենք ոչ միայն ընտրություններից առաջ ենք դա անում, մենք դրա մասին բարձրաձայնել ենք 2026 թվականի հունվարի մեկից սկսած առ այսօր»։ Անդրադառնալով ռազմական ոստիկանության աշխատակիցների գործողություններին օդանավակայանում՝ Ասրյանն ասել է՝ ռազմական ոստիկանության աշխատակիցը կարող է լինի այնտեղ, որտեղ ինքը պետք է իրականացնի օպերատիվ աշխատանք։ ՌԴ-ից բացի այլ երկրներից ՀՀ այցելող հայերին նույնպե՞ս ծանուցում ուղարկում են՝ հարցին էլ Ասրյանը պատասխանել է․ «ՀՀ տարածք մտնող ցանկացած մարդ համակարգով երևում է, մանավանդ ՀՀ քաղաքացին։ Երբ հերթական վարժական հավաքներն անցկացվեն, եւ այդպիսի մարդիկ ընդգրկված լինեն վարժական հավաքներին, դուք դրա մասին կիմանաք։ Ես տեղյակ չեմ՝ մարդիկ ծանուցվել են, չեն ծանուցվել։ Եթե գան, մասնակցեն վարժական հավաքներին, բարով գան, իրենք իրենց 25 օրը կծառայեն ՀՀ-ին ու կգնան»։

Նորություններ