Մոուրինյուի սև և սպիտակ ցուցակները. Ռեալը պատրաստվում է կադրային լուրջ փոփոխությունների | Region

Մոուրինյուի սև և սպիտակ ցուցակները. Ռեալը պատրաստվում է կադրային լուրջ փոփոխությունների

Հունիս 13,2026 22:30

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արդեն սկսել է թիմի կազմի վերակառուցումը նոր մրցաշրջանից առաջ։ Պորտուգալացի մասնագետը որոշել է, թե ում հետ հույսեր չի կապում, և ում է ցանկանում տեսնել «արքայական» ակումբում։

Ըստ լրագրող Միգել Սերանոյի տեղեկությունների՝ Մոուրինյուն հաջորդ մրցաշրջանում չի հաշվարկում պաշտպաններ Ալվարո Կարերասի և Ռաուլ Ասենսիոյի ծառայությունները։ Նշվում է, որ Ասենսիոն ցանկանում է մնալ թիմում կամ էլ պահանջում է իրեն տեղափոխել այնպիսի ակումբ, որը կկարողանա վճարել նույն աշխատավարձը, ինչ նա ստանում է Մադրիդում։

Ինչ վերաբերում է Կարերասին, ապա նրա հեռանալը փոքր-ինչ բարդ է, քանի որ նա «սերուցքայիններին» միացել է միայն նախորդ մրցաշրջանում։ Սակայն, ընդգծվում է, որ եթե որոշումը կախված լիներ բացառապես պորտուգալացի մարզչից, եզրային պաշտպանն անպայման կլքեր ակումբը։

Միևնույն ժամանակ, Մոուրինյուն արդեն համալրել է իր տրանսֆերային ցանկը, որում հայտնվել է Լիսաբոնի «Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Տոմաշ Արաուժուն։ Ինչպես հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը, «Ռեալն» առայժմ պաշտոնական քայլեր չի ձեռնարկել 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ, սակայն հետաքրքրությունը կա։

Նախորդ մրցաշրջանում Արաուժուն պորտուգալական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt հեղինակավոր պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

armsport.am

Նորություններ