Այգիները կան, բայց խնամող ձեռքերը ծերանում են․ ո՞վ է վաղը պահելու Ամասիայի հողը
Արմավիրի մարզի Ամասիա գյուղի 94-ամյա բնակիչ Վազգեն Մանուկյանը տարածաշրջանի պատմության գիտակ է և գյուղատնտեսության ոլորտի փորձառու մասնագետ։
Առավոտ կանուխ է արթնանում, վերցնում բահը և մտնում այգի։ «Առավոտյան ժամը 7։00-ից մինչև 10։00-ն այգում եմ, կեսօրին շոգ է, հնարավոր չէ երկար ժամանակ գործ անել։ Հետո աշխատանքս շարունակում եմ երեկոյան 19։00-ից մինչև 21։00-ն»,- ասում է Վազգեն պապը։ Ամբողջ կյանքում հետևել է այդ ժամանակացույցին, երբեք դեղորայք չի օգտագործել, միայն վերջին տարիներին ճնշման դեղ է խմում։

Վազգեն Մանուկյան
Regions TV-ի հետ զրույցում Վազգեն պապը պատմեց գյուղի հիմնադրման և առաջին բնակիչների մասին, անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին, նաև ներկայացրեց ոլորտի զարգացման վերաբերյալ իր դիտարկումները։
Ամասիա գյուղը հիմնվել է 1930թ.-ին։ 1939թ.-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից, կառավարության որոշմամբ, շուրջ 40 ընտանիք մշտական բնակության են տեղափոխվել Ամասիա։ Ըստ Վազգեն Մանուկյանի՝ այդ ժամանակ այստեղ ապրում էին նաև պոլսահայերի և Կարսի Տոկուն գյուղից գաղթած ընտանիքներ։ Բնակչությունը մինչև 1960թ.-ը զբաղվել է բամբակի և հացահատիկի մշակությամբ։ Հետո գյուղատնտեսության ուղղությունները փոխվել են, բայց մի բան մնացել է նույնը՝ գյուղացու կապը հողի հետ։
Այսօր այդ կապը, սակայն, ավելի հաճախ պայքարի է վերածվում։ «Ծիրանը դեռ փոքր էր՝ ցորենի հատիկի չափ, երբ ցրտահարությունը վնասեց բերքը, -3 աստիճան ցուրտ արեց, լրիվ գետնին թափվեց։ Կեռասն էլ լավ բերք չտվեց։ Չրագործների գործը մնաց, ձկնաբույծներինը՝ ևս։ Մարդիկ հեկտարներով սալոր ունեն՝ չրի համար նախատեսված, բայց առնող չկա։ Ռուսաստանի ճանապարհը փակեցին, լավ չեղավ»,-նշում է Վազգեն պապը։

Ըստ նրա՝ Ամասիայում տարեկան արտադրվում է շուրջ 1000 տոննա խաղող, սակայն գյուղի խաղողագործները տարիներ շարունակ բախվում են բերքի իրացման և ցածր գների հետ կապված խնդիրներին։ Մթերվող խաղողի գինը հաճախ չի գոհացնում տարածաշրջանի գյուղացիներին, ինչի պատճառով նրանք ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով փոխշահավետ գործարքներ։

«Պետությունը, որ խելոք լինի, մեծ առևտրական սրահներ կստեղծի, որտեղ գյուղացին կկարողանա առևտուր անել։ Հիմա մարդիկ գնում, ամբողջ օրը նստում են շուկաներում։ Իսկ եթե պետությունը կազմակերպեր գյուղմթերքի գնումները, հողագործն էլ իր հողը կմշակեր ու կհարստացներ երկիրը»,-շարունակում է փորձառու գյուղատնտեսը։

Ընդհանրապես, հողագործների խնդիրները միայն իրացմամբ չեն սահմանափակվում։ Երբեմն գյուղացիները զգալի վնասներ են կրում նաև ցրտահարության ու կարկտահարության հետևանքով։ Մարդկանց հիասթափեցնում է նաև նման դեպքերում փոխահատուցման մեխանիզմի անկատարությունը։
Երիտասարդներից շատերը չեն զբաղվում հողագործությամբ։ «Հիմնականում 50-ից բարձր տարիք ունեցող մարդիկ են աշխատում այգիներում և բոստաններում։ Պատճառն այն է, որ գյուղմթերքի երաշխավորված իրացում չկա։ Շուկաներում չեն կարողանում վաճառել, հիասթափվել են»,-նշում է Վազգեն Մանուկյանը։

Այնուամենայնիվ, 94-ամյա Վազգեն պապը շարունակում է ամեն առավոտ մտնել այգի։ Նրա համար այդ աշխատանքը պարզապես զբաղմունք չէ։ Դա մի կյանքի շարունակությունն է, որի ընթացքում գյուղի պատմությունը, սեփական ընտանիքի հիշողություններն ու հողի հետ կապը դարձել են մեկ ամբողջություն։
Նրա պատմության մեջ Ամասիայի անցյալն է, բայց նաև գյուղացու այսօրվա մտահոգությունը՝ եթե հողը մշակող ձեռքերը ծերանում են, իսկ երիտասարդները հեռանում են, ո՞վ է վաղը պահելու և խնամելու գյուղի այգիները։

Էդուարդ Մխիթարյան
