«Գյումրեցիներին խոստացված 23 միլիոնանոց վարկային ծրագիրը դեռ շատ է շահարկվելու իշխանությունների կողմից» | Region

«Գյումրեցիներին խոստացված 23 միլիոնանոց վարկային ծրագիրը դեռ շատ է շահարկվելու իշխանությունների կողմից»

Մարտ 24,2016 11:26

Մարտի 16-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԳԱԼԱ-ի Համակարգող կենտրոնի նախաձեռնությամբ ու առաջարկով Գյումրու փողոցների հարցը բարձրացրեց:

Կոնկրետ ե՞րբ են մեկնարկելու Սահմանադրական հանրաքվեից առաջ՝ դեկտեմբերի 4-ին, Սերժ Սարգսյանի կողմից գյումրեցիներին խոստացված 23 միլիոն եվրո վարկային միջոց ներգրավելու եւ երկրորդ քաղաքի փողոցաշինության ու լուսավորության հարցը լուծելուն ուղղված աշխատանքները, մինչ օրս ի՞նչ է իրականացվել, եւ կա՞ արդյոք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի կողմից ծրագրի գոնե նախնական հաստատում, ինչը հիմք ընդունելով Սարգսյանը խոստումներ շռայլեց:

Այս հարցերին պատասխանելով՝ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, թե գործընթացը բանակցությունների փուլում է, եւ որ եթե հնարավոր լինի հանրապետության ներսում բավարարել բոլոր պայմաններին, ապա աշնանը՝ նոյեմբեր ամսին, կհաստատվի վարկային փաթեթը:

Բանկի հետ ակտիվ բանակցություններում, ինչպես հայտնի է, ներգրավված են Գյումրու քաղաքային իշխանությունները: Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն այս ամսվա սկզբին հայտարարեց, որ իրենց ունեցած տեղեկություններով մինչեւ մարտի վերջ լինելու է վարկային կոմիտեի նիստ, որի շրջանակներում բանկը կտա իր համաձայնությունը, որից հետո ՀՀ կառավարություն-ՎԶԵԲ բանակցություններ տեղի կունենան, ապա բուն աշխատանքները կմեկնարկեն: Փոխքաղաքապետ Սանոյանը վստահեցրեց նաեւ, թե բացառված է, որ այս պրոցեսը ձգձգվի մինչեւ աշուն:

Ռուբեն Սանոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի Դավիթ Լոքյանի այն հայտարարության վերաբերյալ, թե 23 միլիոն վարկային ծրագրի հաստատում լավագույն դեպքում կլինի աշնանը, արդյոք ինչ-որ բան է փոխվել, եւ կամ այդ դեպքում բանկի հետ բանակցությունների մեջ գտնվող քաղաքապետարանի՞, թե՞ ՀՀ կառավարության ինֆորմացիան է ավելի հավաստի: «Պարոն Լոքյանն ասաց, բայց կարող է մի ամիս առաջ լինի կամ հետո, էնպես որ բերեք սպասենք, հետո թեկուզ եւ այս տարի չլինի, ի՞նչը կփոխվի: Սպասենք այս ամսվա վերջ կոմիտեի նիստը լինի, ու կտեսնեք, որ մենք բոլոր պայմաններին էլ կբավարարենք, քանի որ մենք մեծ ծավալի աշխատանք ենք տարել, դրա համար եմ ես համոզված ասում»,- ասաց Ռ. Սանոյանը:

Եթե օրեր առաջ քաղաքապետարանում հույս ունեին, որ ամռան ամիսներին Գյումրիում փողոցաշինության ակտիվ աշխատանքներ են տարվելու, եւ այդ իսկ պատճառով անգամ շինարարական ընկերությունների մրցույթ էին պատրաստվում հայտարարել, քանի որ, ինչպես Ռուբեն Սանոյանն է նշում, Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին հանձնարարել էր երկուշաբթի օրվանից աշխատանքի անցնել, ապա այժմ նշում է, թե եթե նոյեմբեր ամսին վարկային ծրագիրը հաստատվի, ապա չի բացառվում, որ մինչեւ հունվար փողոցաշինություն իրականացնեն: «Եղել է տարի, որ եղանակները լավ են եղել, ու մինչեւ հունվար մենք կարողացել ենք ինչ-որ աշխատանքներ տանել»,- նշում է փոխքաղաքապետը:

Գյումրու Համակարգող կենտրոնը շարունակում է հարցն ուշադրության կենտրոնում պահել: Կենտրոնի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը նշում է՝ զարգացումներն ուղղակի ցույց տվեցին մեկ բան, որ 23 միլիոն եվրոյի վարկային ծրագիրը հերթական ընտրական գործընթացի նախաշեմին շրջանառության մեջ կդրվի. խոսքը ոչ թե ՏԻՄ ընտրությունների մասին է, այլ 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների: «Չենք բացառում նաեւ այն տարբերակը, որ կառավարությունը կարող է բանկի պահանջներին չբավարարի, եւ նոյեմբերին բանկը չհաստատի կամ ավելի ուշ հաստատի՝ ասենք մեկ տարի հետո, կամ ավելի ձգձգվի: Քանի որ հստակություն չկա այս ամենի շուրջ, տարբերակներ շատ կարող ենք նշել, որ կարող է լինի այս կամ այն տարբերակը: Իհարկե կշահարկվի բազմաթիվ անգամ իշխանությունների կողմից ընտրական գործընթացների ընթացքում»,- նշեց Արման Գրիգորյանը:

Համակարգող կենտրոնի նախաձեռնող խմբի անդամ Էդուարդ Մխիթարյանը կարեւորում է խնդրի բարոյական կողմը եւ նշում. «Ուղղակի խաբում են մի ամբողջ ժողովրդի, փաստացի ոչինչ չկա, ու առաջին դեմքը հրահանգում է, որ մինչեւ վերջին ցենտը պետք է ծախսվի, ոչ մի չարաշահում չպետք է լինի, բայց դեռ որեւէ տեղեկություն, որեւէ հույս էլ չունեն, թե այդ գումարը կլինի՞, թե՞ ոչ»,- ասաց Է. Մխիթարյանը:

Համակարգող կենտրոնը շարունակելու է հետեւողականություն ցուցաբերել ու տարբեր քայլեր մշակել ու ձեռնարկել, որպեսզի իշխանությունների կողմից գյումրեցիներին տրված ցանկացած խոստում կյանքի կոչվի, ինչպես կենտրոնի ներկայացուցիչներն են ասում, խոսքը միայն 23 միլիոն եվրոյի վարկային ծրագրին չի վերաբերում:

Ու քանի որ քաղաքային իշխանությունների կողմից կան հավաստիացումներ, որ մինչեւ մարտի վերջ բանկը կտա իր համաձայնությունը, ապա ըստ սպասվող զարգացումների՝ Համակարգող կենտրոնը կմշակի հարցն օրակարգում պահելու իր հետագա գործողությունները:

Հերմինե Մկրտչյան

Նորություններ