«Ադրբեջանի ռազմական առավելությունը պետք է վերածել անարդյունավետ առավելության». Դավիթ Կարապետյան | Region

«Ադրբեջանի ռազմական առավելությունը պետք է վերածել անարդյունավետ առավելության». Դավիթ Կարապետյան

Հոկտեմբեր 08,2026 21:23

«Հայաստանի 2027 թվականի ռազմական բյուջեի ավելացումը մինչև 616.5 միլիարդ դրամ բավականին տպավորիչ ցուցանիշ է խաղաղ ժամանակաշրջանի համար։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը, որում գտնվում է երկիրը, ծախսերի նման մակարդակը լիովին օրինաչափ է թվում։ Իմ կարծիքով՝ այստեղ առանցքային նշանակություն է ստանում ոչ միայն բուն գումարը, այլև այն, թե հատկապես ինչ նպատակներով են ուղղվելու այդ միջոցները և պաշտպանական ինչպիսի կարողություններ է հաջողվելու ձևավորել»,-այս մասին REGIONSTV-ի հետ  զրույցում ասաց միջազգայնագետ-քաղաքագետ Դավիթ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ 2026 թվականին Հայաստանը պաշտպանությանն է ուղղել ՀՆԱ-ի շուրջ 4,5%-ը, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից է։ Սակայն, ինչպես Կարապետյանը նշեց, ավելի քան 600 միլիարդ դրամի հատկացումն ինքնին դեռ չի երաշխավորում, որ Հայաստանը կունենա համարժեք և մարտունակ զինված ուժեր։

Նրա կարծիքով՝ իրական արդյունքն անմիջականորեն կախված է անօդաչու համակարգերի, դրանց հակազդման միջոցների, հրետանու, հրթիռային համալիրների, ռադիոէլեկտրոնային պայքարի, հետախուզության և արբանյակային կապի զարգացվածության մակարդակից, ռազմամթերքի պաշարներից, կապի ու կառավարման համակարգից, ՀՕՊ պատրաստվածությունից և, հատկապես, այս բոլոր համակարգերի միմյանց հետ ներդաշնակ ինտեգրումից։

«Այստեղ հարց է առաջանում՝ եթե ձգտում ենք ավելացնել բյուջեն, տրամաբանական է այն համադրել նախորդ տարիների ցուցանիշների հետ։ Դիտարկելով Հայաստանի տարեկան ռազմական բյուջեի դինամիկան՝ ընթացիկ մակարդակից մինչև 2027–2030 թվականների ծրագրերը, անհրաժեշտ է մոտավոր գնահատական տալ՝ արդյոք բավարար են այդ միջոցները, օրինակ, Ադրբեջանին զսպելու կամ արդյունավետ հակակշիռ ստեղծելու համար»,-ասաց մասնագետը։

2027-ի  թվականին նախատեսվում է պաշտպանութան նախարարության բյուջեն 47 մլրդ դրամով ավելացնել՝ հասցնելով 616.5 մլրդ դրամի, որից 613.8 միլիարդ դրամն ուղղվելու է «ՀՀ ԶՈւ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում, արտաքին թշնամուց ՀՀ պետական սահմանների պաշտպանության ապահովում» ծրագրին։ Պետական բյուջեի մասին նախագիծն օրերս է հաստատվել կառավարության նիստում։

Դավիթ Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանի պաշտպանական բյուջեի ամենամեծ սխալը կլիներ նորից զգալի գումարներ ներդնել առավելապես ավանդական ցամաքային բանակի պահպանման գործում, ինչպես արվում էր երկար տարիներ։

«613 միլիարդ դրամը բավարար հենք է ՀՕՊ-ի ամրապնդման, զենիթային համակարգերի, ժամանակակից հրետանու, անօդաչու թռչող ապարատների, հետախուզական ու հակատանկային համակարգերի և սարքավորումների, մեծ հեռավորության վրա հարվածներ հասցնելու որոշակի միջոցների ձեռքբերման, կապի և կառավարման համակարգերի արդիականացման, ռազմամթերքի պաշարների ավելացման ու ինժեներատեխնիկական պաշտպանական ենթակառուցվածքների կատարելագործման համար»,-նշեց վերլուծաբանը։

Նա առանձնացրեց ռազմական բյուջեի ավելացման առանցքային առաջնահերթությունները․« 1-ին ուղղությունը հակադրոնային պաշտպանությունն է, որին պետք է հատկացնել միջոցների 20–25%-ը։ Սա, անասկած, թիվ մեկ խնդիրն է։ 2-րդ՝ խելամիտ կլինի 15-20%-ը հատկացնել հարվածային դրոններին և հետախուզությանը. սա այն դեպքն է, երբ Հայաստանը կարող է արագորեն կրճատել տեխնոլոգիական ճեղքվածքն Ադրբեջանի համեմատ։  3-րդը հեռահար հրետանային հրթիռների զարգացումն է՝ բյուջեի 15–25%-ը։ Այստեղ նպատակը հարձակողական պատերազմը չէ, այլ անորոշության ստեղծումը, ինչը լուրջ ռիսկեր է առաջացնում հակառակորդի ռազմական ենթակառուցվածքների համար․ եթե նա գիտակցի, որ իր խորքում տեղակայված ռազմական ենթակառուցվածքները խոցելի են, նրա ռազմավարական հաշվարկներն անխուսափելիորեն կփոխվեն։ 4-րդ առաջնահերթություն եմ համարում ռադիոէլեկտրոնային պայքարը, կիբեռանվտանգությունն ու կապը՝ 10–15%։ Հաճախ սա ավելի ծանրակշիռ է լինում, քան հարյուր տանկի առկայությունը։ Եվ վերջապես, 5-րդ ուղղությունը ցամաքային զորքերն են՝ 15–20%։ Այստեղ պահանջվում է ոչ թե պարզապես զանգվածայնություն, այլ բարձր շարժունակություն ունեցող, լավ պաշտպանված և վարժեցված ստորաբաժանումներ, որոնք ունակ կլինեն օպերատիվորեն զբաղեցնել տարածքը, հենց տեխնիկան սկսի գործել»։

Կարապետյանը նշեց,  որ այսօր Հայաստանը չունի ռազմական հավասարակշռություն (պարիտետ) Ադրբեջանի հետ։ Սակայն, նրա համոզմամբ, սա ամենևին չի նշանակում, թե Հայաստանը դատապարտված է մնալու Ադրբեջանի ռազմական գերակայության տակ։ «2025 թվականի տվյալներով՝ Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի ցուցանիշներից գերազանցում էին մոտ երեք անգամ։ Իմ կարծիքով՝ Երևանի ճիշտ ռազմավարությունը հետևյալն է. ոչ թե հասնել Ադրբեջանին ռազմական ծախսերով, այլ Ադրբեջանի ռազմական առավելությունը վերածել անարդյունավետ առավելության։ Եթե Հայաստանին հաջողվի, օրինակ, տարեկան պաշտպանական ծախսերը հասցնել 2,1–2,3 միլիարդ դոլարի մինչև 2030 թվականը, ընդ որում՝ այդ միջոցների զգալի մասն ուղղվի հետախուզական ու հարվածային անօդաչուներին, այսինքն՝ մեծ հեռավորության վրա ճշգրիտ հարվածներ հասցնելու ունակ պաշտպանական ենթակառուցվածքի ստեղծմանը, ապա ես դա արդեն կորակեի որպես ռազմավարական զսպման իրական համակարգ, այլ ոչ թե ուղղակի ուռճացված բյուջե։ Մնում է միայն իշխանություններին մաղթել, որ ամեն ինչ կազմակերպեն գրագետ և գիտակցված»,-ասաց վերլուծաբանը։

Ադրբեջանին զսպելու համար Կարապետյանն առաջարկում է 2027-2030 թթ. Հայաստանի թիրախային պաշտպանական բյուջեն սահմանել տարեկան 700-800 մլրդ դրամի չափով, ու, նրա ներկայացմամբ, աստիճանաբար դուրս գալով այդ մակարդակ՝ մենք Ադրբեջանին հասկանալ կտանք, որ նոր պատերազմն իր վրա չափազանց թանկ է նստելու և դառնալու է ակնհայտորեն անխոհեմ։

Ընդ որում, ինչպես ընդգծեց փորձագետը, խոսքը ոչ թե մարտական գործողություններ վարելու համար անհրաժեշտ միջոցների հաշվարկի մասին է, այլ այն շեմի, որն ունակ է ապահովել իրական զսպում՝ պայմանով, որ ծախսերը գրագետ, նպատակային ու ճիշտ բաշխված լինեն։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծում արդեն դրված է շուրջ 9 միլիարդ մանաթ (մոտ 5,2 մլրդ դոլար), որից բուն պաշտպանական ոլորտին բաժին է ընկնում 3 միլիարդը, իսկ հատուկ պաշտպանական ծրագրերին նախատեսված է 4,5 միլիարդ մանաթ։ Ազգային անվտանգությանն ուղղվում է բոլոր պետական ծախսերի մոտ 20-ից 21%-ը, այսինքն՝ Ադրբեջանն ամենևին նպատակ չունի էապես նվազեցնելու ռազմական ծախսերի առաջնահերթությունը։

«Հետևաբար, Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել ստեղծել մի բանակ, որն ունակ կլինի ոչ միայն պաշտպանվել, այլև հարձակվել։ Եթե հաշվի առնենք նաև քաղաքական բաղադրիչը, այն է՝ Բաքուն չբավարարվեց Արցախով և հեռուն գնացող ծրագրեր է փայփայում՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս ինքնիշխան տարածքն անվանելով «Արևմտյան Ադրբեջան» և մտադրվելով զավթել դրա զգալի մասը, հատկապես հարավը, ակնհայտ է դառնում, որ նրանք կառուցում են կայծակնային գործողությունների համար նախատեսված ռազմական մեքենա։ Նման բանակը պետք է ունակ լինի, օրինակ, սրընթաց տիրանալու Հայաստանի հարավային շրջաններին՝ դրանով իսկ ցամաքային միջանցք հաստատելով Նախիջևանի հետ։ Ի՞նչ է անում Հայաստանը։ Ճիշտ կառուցված հայկական պաշտպանական համակարգը, որն արժե 2 միլիարդ եվրո, կարող է անհամեմատ ավելի արդյունավետ լինել զսպման տեսանկյունից, քան նույն գումարը, որը կծախսվեր ավանդական բանակի վրա։ Այս առումով մեզ անհրաժեշտ է ամբողջությամբ վերափոխել ռազմավարական և մարտավարական հայեցակարգը։ Ըստ էության, մեզ անհրաժեշտ է մի բանակ, որը կճնշի թշնամու անօդաչուների աշխատանքն ու նրանց կապուղիները, կպաշտպանի մեր սեփական կապի ուղիներն ու GPS-նավիգացիոն համակարգը, կապահովի ստորաբաժանումների միջև կայուն կապը ինտենսիվ հարվածների պայմաններում։ Այլ կերպ ասած՝ մենք պետք է նրանց զինենք առաջատար տեխնոլոգիաներով, ներդնենք ժամանակակից սպառազինություն և արմատապես փոխենք մեր բանակի բուն տրամաբանությունն ու փիլիսոփայությունը»,-ընդգծեց Դավիթ Կարապետյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի առանցքային ուղղությունը սեփական արտադրության ձևափոխումն է՝ սպառողի մոդելից անցնելով արտադրողի մոդելի․ տեղական ռազմական արդյունաբերությունն ակտիվորեն զարգանում է։ Նրա ներկայացմամբ՝ վերջին տարիներին հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները շուրջ 170 միլիարդ դրամի սպառազինության արտահանում կազմակերպելու բավականին լուրջ փորձ են արել․«Ես համոզված եմ, որ այս ուղղությունն ունի հսկայական ռազմավարական նշանակություն, քանի որ պատերազմի պայմաններում բացառապես արտաքին մատակարարումների վրա հենվելը չափազանց ռիսկային է։ Եթե, իմ հաշվարկներով, այս նախաձեռնություններն սկսեն պտուղներ տալ, մենք կստանանք մի բանակ, որն ունակ կլինի զսպել Ադրբեջանին և միաժամանակ ստիպել Ալիևին լռել։ Չէ՞ որ ամեն ինչի հիմքը ուժեղ, հզոր և կայացած բանակն է, որն ի վիճակի է պահպանել իր սահմանների անձեռնմխելիությունը և պաշտպանել տարածքային ամբողջականությունը»։

Զաբելա Ավագյան

Նորություններ