Հետաքրքրություն կար նաև Բարսելոնայից․ Մխիթարյանը՝ կատալոնական ակումբ չտեղափոխվելու պատճառների մասին
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված լայնածավալ հարցազրույցում անդրադարձել է մանկության հուշերին, հոր՝ Համլետ Մխիթարյանի թողած ազդեցությանը, անգլիական ակումբներ տեղափոխություններին, Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի բարդություններին և այլ հետաքրքրաշարժ դրվագների։
Խոսելով կարիերայի ընթացքում կայացրած կարևորագույն որոշումների մասին՝ հայ ֆուտբոլիստը մանրամասնել է նաև կատալոնական «Բարսելոնա» չտեղափոխվելու պատճառները.
«Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրածս հիանալի մրցաշրջանից հետո հետաքրքրություն կար նաև «Բարսելոնայից»։ Սակայն հասկանում էի՝ եթե տեղափոխվեմ «Բարսելոնա», խաղաժամանակ չեմ ստանա, քանի որ նրանց առջևի գծում գործում էին Նեյմարը, Մեսսին և Սուարեսը, իսկ կիսապաշտպանությունում՝ Ալկանտարան, Ինիեստան և այլ աստղեր։ Կարճ ասած՝ անիմաստ է տեղափոխվել մի ակումբ, որտեղ չես խաղալու: Ես գիտեի, որ տեղափոխությունից հետո գրեթե խաղաժամանակ չեմ ստանա, ուստի տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ գրեթե երբեք չէի խաղա, անիմաստ կլիներ»։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայից» 2016 թվականին տեղափոխվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 42,5 միլիոն եվրոյի դիմաց։
