Երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության ծրագրերի համար լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի | Region

Երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության ծրագրերի համար լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի

Հոկտեմբեր 08,2026 14:05

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով լրացուցիչ 500 միլիոն դրամ է կհատկացվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության համար։   Այս մասին տեղեկացնում են կառավարությունից։

Գորածդիրն այս որոշման ընդունումը պայմանավորում է ծրագրերից օգտվելու համար դիմող քաղաքացիների թվի աննախադեպ աճով և եղած ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումներով։

Հատկացված միջոցները հնարավորություն կտան ֆինանսական աջակցություն տրամադրել 2026 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում դիմած շուրջ 626 շահառուի։

 Լրացուցիչ հատկացվող 500 մլն դրամը կբաշխվի հետևյալ ուղղություններով․

  • 170 շահառու աջակցություն կստանա մարզերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու ծրագրով (յուրաքանչյուրին՝ միջինում 1 մլն դրամ)։
  • 120 շահառու կընդգրկվի կանխավճարի ապահովագրության ծրագրում (յուրաքանչյուրին՝ միջինում 30 հազար դրամ)։
  • 336 շահառու աջակցություն կստանա գործող հիփոթեքի մայր գումարի մարման ծրագրով (յուրաքանչյուրին՝ միջինում 970 հազար դրամ)։

 Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծրագրի ընդհանուր վիճակագրությունը՝ նշելով, որ 2020 թվականի մայիսին մեկնարկած ծրագրից մինչ օրս օգտվել է 17,609 շահառու։ Ընդհանուր առմամբ տրամադրվել է 13,2 մլրդ դրամի աջակցություն՝ երեխա ունենալու, ինչպես նաև մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով։ Միայն 2026 թվականի ընթացքում փոխհատուցում է ստացել 2 425 շահառու։

Նախարարի խոսքով՝ գործող ծրագիրը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա վերջին, սակայն դրա բարձր արդյունավետությունն ու ընտանիքների վրա ունեցած դրական ազդեցությունը հաշվի առնելով՝ այժմ մշակվում է նոր ծրագիր։ Այն կհիմնվի գործող ծրագրի տրամաբանության վրա՝ մշտադիտարկման արդյունքում դուրս բերված անհրաժեշտ փոփոխություններով, և առաջիկայում կներկայացվի Կառավարության քննարկմանը։

 

 

 

Նորություններ