«Հայաստանը նոր Ուկրաինա չի դառնա, հնարավոր է՝ նոր Մոլդովա». Հայկ Խալաթյան
Հայաստանը նոր Ուկրաինա չի դառնա. չեմ կարծում, թե գործը հասնի Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախման: REGIONSTV-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը՝ մեկնաբանելով Մեդվեդևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներով հայտարարությունը, թե երկիրը կարող է վերածվել «նոր Ուկրաինայի»։
Խալաթյանի կարծիքով՝ Հայաստանն ավելի շուտ կարող է դառնալ նոր Մոլդովա։
«Իմ տպավորությամբ՝ ոչ միայն Մեդվեդևը, այլև Ռուսաստանի ամբողջ ղեկավարությունը փորձում է հայ հասարակությանը հասցնել այն միտքը, որ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ըստ էության, որոշել են աշխարհաքաղաքական ճամբար ընտրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող համաշխարհային դիմակայությունում։ Եվ, ըստ էության, համաձայնել են խաղալ Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի դերը՝ մինչև վերջ չհասկանալով, թե ինչ հետևանքներով դա կարող է հղի լինել հենց Հայաստանի համար։ Ինձ թվում է՝ խոսքը հենց այս մասին է։ Մեդվեդևի և ռուսաստանցի այլ պաշտոնյաների այս հայտարարությունները (թեև համոզված եմ, որ ուղղակի ռազմական բախման գործը չի հասնի) ավելի շուտ կանխատեսում են առևտրատնտեսական պատերազմներ, ինչպես, օրինակ, Ռուսաստանի և Մոլդովայի միջև է»,- նշեց Խալաթյանը։
Հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Իրանի պետական ռադիոյին և հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե «Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական վեկտորը լավ տեղ չի տանի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել հանրապետության հետ, նոր Ուկրաինայի վերածվելն է»։
Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այսօր ամրության փորձություն են անցնում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արևմուտքը փորձության չի ենթարկում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք լարվել են Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերի ֆոնին, քաղաքագետը նկատեց՝ ռուսական իշխանությունները հաճախ չափազանց մեծ նշանակություն են տալիս հենց արևմտյան գործոնին․« Ինձ թվում է՝ նույնիսկ Հայաստանի իշխանություններն են հրաշալի հասկանում, որ ոչ կարճաժամկետ, ոչ էլ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը Եվրամիության անդամ չի դառնա»։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։ Այս որոշումը Մոսկվայի կտրուկ դժգոհությունն առաջացրեց. Ռուսաստանը հայտարարեց, որ միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և Եվրասիական տնտեսական միությանն անհնար է։ Վլադիմիր Պուտինը բազմիցս պահանջել է Երևանից հանրաքվե անցկացնել՝ այս հարցում վերջնականապես կողմնորոշվելու համար, և հիշեցրել է Ուկրաինայի ճակատագրի մասին, որի դեմ պատերազմը, նրա խոսքով, սկսվել է հենց եվրոինտեգրման ձգտման պատճառով։
Ռուսական կողմի հայտարարություններին ի պատասխան՝ պաշտոնական Երևանը պարբերաբար նշում է, որ հանրաքվեի անցկացումը Հայաստանի ներքին գործն է, և ներկայումս դրա անհրաժեշտությունը չկա։
Հայաստանում շատ քաղաքական վերլուծաբաններ Մոսկվայի այս կոշտ հայտարարությունները, սպառնալիքներն ու հայկական մի շարք ապրանքների՝ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները պայմանավորում են ոչ թե Հայաստանի կառավարության ընտրած՝ եվրաինտեգրման քաղաքականության հետ, այլ Հայաստանում ռուսական լծակների պահպանմամբ։ Ավելի կոնկրետ, ըստ վերլուծաբանների, Մոսկվան փորձում է պահպանել վերահսկողությունը հայկական երկաթուղու նկատմամբ։
Մինչդեռ երկաթուղու այն հատվածը, որը վերականգնվում է Հայաստանի հարավում TRIPP նախագծի շրջանակներում, չի կարող կառավարվել ռուսական կողմից. TRIPP-ն ու ռուսական կառավարման տակ գտնվող երկաթուղին անհամատեղելի են։ Երևանը հայտարարում է, որ քննարկումներ են ընթանում երկաթուղու կառավարման ռուսական կոնցեսիոն պայմանագիրը լուծելու շուրջ։
Հայկ Խալաթյանը չի բացառում, որ «երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումը կշարունակվի։ Նա այն անվանում է «հայ-ռուսական հարաբերությունների հոգեվարք»։
Նա ընդգծեց, որ այժմ ընթանում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ապագա ձևաչափի որոշման գործընթացը։ Ըստ Խալաթյանի՝ զարգացման երեք հնարավոր սցենար կա. «Դա կլինի կա՛մ ոչ բարեկամական երկիր, ինչպիսին, օրինակ, այժմ Մոլդովան կամ Ուկրաինան են, կա՛մ որոշակի չափով վերադարձ նախկին դաշնակցային հարաբերություններին, կա՛մ էլ վրացական ձևաչափը, ինչպես ներկայիս Վրաստանի և Ռուսաստանի միջև է, երբ մի կողմից առկա է սերտ տնտեսական համագործակցություն, մյուս կողմից՝ չես ասի, թե քաղաքական հարաբերությունները հաջող են դասավորվում։ Առաջիկայում մենք հանգելու ենք այս երեք սցենարներից մեկին»։
Օրերս էլ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի արձագանքը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող Երասխից Նախիջևանի սահման և Գյումրիից Թուրքիայի սահման երկաթուղային երկու հատվածների վերականգնման վերաբերյալ առաջարկին։ Օվերչուկը նաև ասել է, որ ռուսական կողմն աջակցում է այդ երկու հատվածների վերականգնմանը և պատրաստ է օգնել Հայաստանին՝ տրանսպորտային կապն ապահովելու նպատակով։ Նա նշել է, որ համապատասխան որոշումները Ռուսաստանի նախագահի մակարդակով ընդունվել են դեռևս հունվարին, և այժմ մոսկովյան կողմը սպասում է հայկական կողմի արձագանքին՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք առաջ կմղեն այս հարցը։
Օվերչուկի հայտարարության վերաբերյալ Հայկ Խալաթյանն ասաց, որ ոչ ոք չգիտի ռուսական կողմի առաջարկի մանրամասները․« Ավելի վաղ տեսել ենք, որ ռուսական կողմն ուղղակիորեն հայտարարում էր «Թրամփի ուղու» մաս կազմելու իր ցանկության մասին։ Չեմ կարծում, որ ռուսական առաջարկը սահմանափակվում է միայն այս երկու հատվածներով։ Ինձ թվում է՝ դա տեղավորվում է ավելի լայն պայմանավորվածությունների համատեքստում, քանի որ ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ իմաստ չի տեսնում խոշոր միջոցներներ դնել այնպիսի հատվածներում, որոնք կարող են և չօգտագործվել բեռնափոխադրումների համար։ Այնպես որ, տեսնենք, սպասենք մանրամասներին»։ Նա նաև հավելեց, որ, դատելով ռուսական իշխանությունների նախորդ հայտարարություններից, այս երկու հատվածներն ավելի ընդարձակ պայմանավորվածության մաս են կազմում, և դրա պատասխանին ռուսական կողմը սպասում է հայկական իշխանություններից։
Զաբելա Ավագյան
