Պանամայում երկու հզոր երկրաշարժերից հետո արտակարգ դրություն է հայտարարվել
Պանամայում երկու հզոր երկրաշարժերից հետո արտակարգ դրություն է հայտարարվել․ երկրաշարժերից վնասվել են հարյուրավոր տներ, դպրոցներ և այլ շենքեր, հաղորդում է Associated Press-ը։
7,7 և 6,6 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ին, իսկ այնուհետև սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 100 հետցնցում։ Պաշտոնական տվյալներով, տարերային աղետի հետևանքով տուժել է 27 մարդ, զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։
Արտակարգ դրություն մտցնելու մասին մամուլի ասուլիսում Պանամա Սիթիում հայտարարել է նախագահի աշխատակազմի նախարար Խուան Կառլոս Օրիլյակը։ Ըստ նրա, վնասվել են բնակելի տներ, դպրոցներ, բուժհաստատություններ, ճանապարհներ և հյուրանոցներ։ Առավելապես տուժել են Վերագուաս, Էռերա, Կոկլե և Լոս Սանտոս կենտրոնական նահանգները։
Քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգի հաշվարկներով, երկրաշարժերը վնասել են շուրջ 420 բնակելի տուն և մոտավորապես նույնքան պետական դպրոց։ Տուժել են նաև յոթ հյուրանոց, առնվազն 13 եկեղեցի և ինը կամուրջ։ Որոշ բնակավայրեր արտաքին աշխարհից կտրվել են սողանքների և ճանապարհների ավերման պատճառով։
Լա Վիլյա դե Լոս Սանտոս գաղութային քաղաքում, որը գտնվում է էպիկենտրոնից մոտ 64 կիլոմետր հեռավորության վրա, փլուզվել են բնակելի տներ և պատմական Սան Աթանասիո կաթոլիկ եկեղեցին։ Տաճարը 1938 թվականին հայտարարվել էր ազգային պատմական ժառանգություն։ Մարդիկ, որոնք գիշերն անցկացրել էին փողոցում, սպասում էին իշխանությունների ցուցումներին։
«Մենք այստեղ ենք երեկվանից՝ ցերեկվա մեկից, և ոչ մի տեղ չենք գնացել»,- պատմել է 90-ամյա Տոնի Խիմենեսը, որի տունը մասամբ փլուզվել է։ Նա հայտնել է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում նման ուժգնության երկրաշարժ չի տեսել։
Առաջին և ամենահզոր ցնցումը գրանցվել է Էռերա նահանգի Պիտալոսա Արիբա բնակավայրից մոտ 10 կիլոմետր հարավարևմուտք։ Օջախը գտնվել է մոտ 10 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Կոլումբիայում։ Հաջորդած հետցնցումների շարքում եղել են 5,8, 5,5 և 5,2 մագնիտուդով երկրաշարժեր։
Խաղաղօվկիանոսյան Կանյա կղզում ծովի մակարդակի բարձրացման և ուժեղ ալեկոծության պատճառով տարհանվել է մոտ 300 մարդ։ Պենոնոմե քաղաքում երկրաշարժերը տաճարում առաջացրել են մասնակի փլուզում և ճաքեր, ինչպես նաև վնասել են նահանգապետարանի վարչական շենքն ու հյուրանոցը։ Պանամա Սիթիում շաբաթ օրը ջրի մաքրման կայաններից մեկն աշխատել է հզորության ընդամենը 20%-ով։ Վեց հիվանդանոցներում կահավորվել են մահճակալներով ժամանակավոր վրանային բաժանմունքներ։
Մայրաքաղաքի Տոկումեն միջազգային օդանավակայանը առաջին երկրաշարժից հետո ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, սակայն մի քանի ժամ անց սկսել է գործել։ Միևնույն ժամանակ, Պանամայի միջոցով չվերթների չեղարկումներն ու ուշացումները խաթարել են ամբողջ տարածաշրջանում հարյուրավոր ուղևորների ծրագրերը։ Պանամայի ջրանցքի վարչակազմը հայտնել է, որ նավերի երթևեկությունը շարունակվում է սովորական ռեժիմով, իսկ մասնագետները ստուգում են ենթակառուցվածքները վնասների առկայության համար։
Փորձագետների կարծիքով, տուժածների համեմատաբար փոքր թիվը կարող էր կապված լինել երկրում գործող խիստ շինարարական նորմերի հետ։ Պանաման գտնվում է Խաղաղօվկիանոսյան հրե օղակում՝ սեյսմիկ և հրաբխային բարձր ակտիվության գոտում, որն առաջանում է մի քանի տեկտոնական սալերի փոխազդեցության պատճառով։
ԱՄՆ-ն մասնագետների խումբ է ուղարկել՝ որոնողափրկարարական աշխատանքներում և վնասների գնահատման գործում տեղական իշխանություններին օգնելու համար, ինչպես նաև հայտարարել է մարդասիրական օգնության համար 5 միլիոն դոլար հատկացնելու մասին։ ԱՄՆ Հարավային հրամանատարության տվյալներով, տուժած համայնքներին ուղղաթիռներով մոտ 907 կիլոգրամ պարեն է հասցվել։
