1 տարում՝ 1 ծնունդ, 0 ամուսնություն, 0 բարեկարգ ճանապարհ․ ի՞նչ ապագա ունի Ձյունաշողը
Լոռու մարզի Տաշիր համայնքի Ձյունաշող բնակավայրը սահմանակից է Վրաստանին։ Գյուղն ունի 25 տնտեսություն, դպրոցում սովորում է 7 աշակերտ։
1989թ․-ին Ադրբեջանի հայաբնակ շրջաններից՝ հիմնականում Շամախիից, հայերը տեղափոխվել են Ձյունաշող։ Նրանք կազմել են գյուղի բնակչության շուրջ 90%-ը։ Հաջորդ տարիներին Շամախիից տեղափոխված գրեթե բոլոր ընտանիքները մեկնել են այլ երկրներ։
Կլիման ձմռանը ցուրտ է և բքառատ։ Ձմռան ամիսներին և անձրևների ժամանակ գյուղ տանող որոշ ճանապարհահատվածներ դառնում են անանցանելի։ Անմխիթար վիճակում են նաև գյուղամիջյան ճանապարհները։ Իսկ ասֆալտապատման հաստատված ծրագիր չկա։
Ձյունաշող գյուղի բնակիչ Սաշիկ Վարդանյանը Regions TV-ի հետ զրույցում ընդգծեց, որ հիմնականում ենթակառուցվածքների բացակայության պատճառով բնակչության թիվը կտրուկ նվազել է։ Տասնյակ ընտանիքներ 1990-ականներին տեղափոխվել են Ռուսաստան, իսկ վերջին տարիներին շատերը տեղափոխվել են Մեծավան գյուղ, նաև Տաշիր, Երևան և այլ քաղաքներ։
Մեկ տարվա ընթացքում՝ 2025թ․-ին, գյուղում 1 երեխա է ծնվել, ամուսնություն չի գրանցվել։
Կարևոր հարցն այն է, թե քանի ընտանիք կմնա վաղը գյուղում, եթե ապրելու պայմանները չփոխվեն։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
